Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից ի վեր (2003թ.) իրականացնում է ուսուցումներ հասարակության ամենատարբեր խմբերի հետ։ Անցած 7 տարիների ընթացքում ԻԱԿ-ի կազմակերպած դասընթացների շնորհիվ օրենքի կիրառման եւ օգտագործման վերաբերյալ գիտելիք եւ հմտություն է ստացել 6 հազարից ավելի մարդ։
Միայն 2008թ. ապրիլից մինչ 2010թ. հունվարի 1-ը Կենտրոնի կազմակերպած ուսուցումների շնորհիվ, որոնք իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացնող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում, Հայաստանի Հանրապետության ավելի քան 1993 պաշտոնյա եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ձեռք են բերել գիտելիք եւ հմտություններ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման եւ օգտագործման վերաբերյալ: Նշյալ ժամանակահատվածում ԻԱԿ-ի կազմակերպած ուսուցումներին մասնակցել են ավելի քան 1200 պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Ուսուցումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` ՀՀ ՏԱ օրենքի դրույթներին ծանոթացնելու և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությանն ու հաշվետու լինելուն նպաստելու նպատակով:
“Սկզբում բավականին դժվար էր համայնքապետերի համար ուսուցում կազմակերպել, քանի որ ուսուցում բառը նրանց մի պահ կաշկանդում էր, կարծում էին, որ մենք չէ, որ իրենց պետք է ինչ-որ բան սովորեցնենք: Մենք էլ ուսուցում անվան փոխարեն օգտագործում ենք քննարկում տերմինը, որն առավել ընդունելի է համայնքապետերի կողմից: Այսօր հանրապետության համայնքապետերի 50 տոկոսից ավելին մասնակցել է մեր ուսուցումներին, ինչի արդյունքում այսօր նրանցից տեղեկատվություն ստանալը դարձել է առավել հեշտ: Ամենակարեւորը, ՏԱ դրույթների հետ համակարծիք են լինում բոլորն առանց բացառության, ինչպես եւ ընդունում են, որ պետք է բաց եւ հրապարակային աշխատեն, հաշվետու լինեն հանրության առջեւ”,-նշեց կազմակերպության ուսուցումների համակարգող Անահիտ Քոչարյանը:
ԻԱԿ-ը նաեւ գնահատման թերթիկների միջոցով գնահատում է իր կազմակերպած ուսուցումների արդյունավետությունը: Մասնակիցների 98 տոկոսը դրական եւ օգտակար է գնահատել ՏԱ օրենքի վերաբերյալ ԻԱԿ-ի կազմակերպած ուսուցումները:
”Ուսուցումների ընթացքում համայնքապետերին արվում է մի քանի սկզբունքային հարցադրում: Նախ, յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է տրամադրել տեղեկատվություն։ Երկրորդ, ինչու՞ է կարեւոր տեղեկատվության ազատությունը, տեղեկատվություն տրամադրելու արդյունքում համայնքապետն ի՞նչ կշահի։ Նաեւ ներկայացվում են մեխանիզմներ եւ պրակտիկ գործիքներ, որոնցով նրանք կարող են եւ պետք է աշխատեն:
Այդ 3 սկզբունքներն են, որ ստիպում են պաշտոնյաներին փոխել վերաբերմունք եւ ձեւավորել նոր աշխատաոճ, – մանրամասնեց ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը: -Առաջին պահից թեմային իմիջիայլոց են վերաբերվում, նույնիսկ զարմանում են, որ խոսում են տեղեկատվության ազատության մասին, քանի որ, ըստ իրենց, առավել մտահոգիչ խնդիրներ կան: Եվ, որպես կանոն, նրանց ներկայությունը պարտավորություն է լինում: Սակայն, երբ ցույց ես տալիս այն բոլոր իրական պատճառները, որոնք հիմք են հանդիսանում խոչընդոտների, դժվարությունների համար, ու այն բոլոր լուծումները, որոնք հնարավոր կարող են լինել տեղյակ լինելու արդյունքում, վերաբերմունքը փոխվում է, եւ լսարանը սկսում է ակտիվանալ:
Երբ պաշտոնյան հասկանում է, որ տեղյակ լինելը առաջին հերթին իր ուժեղ լինելու նախապայմանն է, քննարկումների ժամանակ փնտրում է ուղիներ, որով ինքը քիչ խոցելի կլինի, առավել ճկուն եւ հմուտ կլինի, իր որոշումներում արդարամիտ կլինի ու կբարձրացնի իր հեղինակությունը”:
Այս ուսուցումներից գոհ են նաեւ մարզպետարանների աշխատակիցները:
”Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած աշխատանքային քննարկումները մեծ արդյունք են տվել Շիրակի մարզում` համայնքապետերի կողմից հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման գործում,-գոհունակության նշեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սամվել Գրիգորյանը,-այս տարվա հունվարից սկսած բեկումային շրջադարձ գրանցվեց համայնքապետերի եւ ավագանիների որոշումների հրապարակայնության ապահովման տեսանկյունից: Նախկինում մեր մարզի համայնքապետերն այնքան էլ մեծ ուշադրություն չէին դարձնում իրենց կողմից ընդունված փաստաթղթերի հրապարակայնությունն ու մատչելիությանը, սակայն ԻԱԿ-ի կազմակերպած քննարկումների շնորհիվ արդեն 9 ամիս է որեւէ խնդիր չենք ունեցել համայնքապետերի հետ` որոշումների հրապարակայնության տեսանկյունից: Համայնքապետերի եւ ավագանու նիստերից հետո բոլոր ընդունված փաստաթղթերը փակցվում են տվյալ համայնքներում, ինչպես եւ տրամադրում են մեզ, որպեսզի դրանք տեղադրենք նաեւ մեր մարզպետարանի ինտերնետային կայքում: ԻԱԿ-ի շնորհիվ մեր մարզի համայնքապետերը վերջապես հասկացան, որ իրենց կողմից ընդունված որոշումներն իրենց սեփականությունը չեն, այլ` համայնքինը: ԻԱԿ-ը կարողացավ անիվը տեղից շարժել”:
Տեղեկացնենք. որ ԻԱԿ-ը նախատեսել էր 2008թ. ապրիլից մինչև 2010թ. ապրիլ 48 դասընթաց կազմակերպել ՀՀ բոլոր մարզերում, որին մասնակցելու էին 1700 պաշտոնյաներ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ՀՀ բոլոր մարզերից։ Այսինքն` մինչ 2010թ. ապրիլ ՏԱ օրենքի դրույթներին կծանոթանա եւս 400 անձ: