Մարիամ Կարապետյան
Ամեն առավոտ բնակարանի դուռը բացելիս մեզանից շատերը հայտնվում են կեղտոտ աստիճանավանդակում, ու շատ բնական է, որ մտքում մի հարց է ծագում. “Լավ, բա ինչի՞ համար ենք համատիրությանն ամեն ամիս փող վճարում, ինչու՞ չեն մաքրում մեր բակը, շքամուտքը, ինչո՞ւ չի աշխատում վերելակը”: Չէ՞ որ պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների թերթիկին հստակ նշված են, թե ինչ պարտականություններ ունեն համատիրությունները:
Կառավարության որոշմամբ` համատիրությունները պարտավոր են իրականացնել կենցաղային և կոշտ թափոնների հեռացում` առնվազն երեք օրը մեկ անգամ, իրականացնել կրծողների և միջատների դեմ պայքարի աշխատանքներ` առնվազն երեք ամիսը մեկ անգամ, շենքերում սանիտարական մաքրում կատարել առնվազն երկու օրը մեկ անգամ և այլն: Մինչդեռ “Կենտրոն” համայնքի Ագաթանգեղոսի 7 հասցեում գտնվող շենքի բնակիչներն, օրինակ, դժգոհում են, որ աղբը ուշ են տեղափոխում, և իրենք խեղդվում են դրա հոտից: Դեռ լավ է, որ այլևս առնետներ չկան. մի երկու տարի առաջ շենքը, նրանցից մեկի խոսքերով, “ոնց որ առնետների սպորտզալ լիներ”: Մեր այն հարցին, թե արդյոք դիմել են համատիրություն` շենքի աղբահանության մասին բողոքներով, բնակիչներից մեկը ասում է. “Ե՞ս պիտի ահազանգեմ, համատիրությունը աչք չունի՞”: Տիգրան Մեծի 25 շենքի բնակչուհի Ցողիկ Խաչատրյանի խոսքերով էլ` “Հավաքարարը գալիս է, մի քիչ էստեղ է ավել խփում, մի երկու տեղ էնտեղ ու գնում է”: Բայց տիկին Ցողիկն ավելի շատ դժգոհում է շքամուտքի կոտրված երկաթե դռնից, որը բացել-փակելու համար բնակիչներն անընդհատ այս կողմ-այն կողմ պիտի “քարշ տան”, իսկ դուռը ուժեղ ճռռում է և խանգարում առաջին հարկում ապրող Ցողիկ Խաչատրյանին: Ցողիկ Խաչատրյանը բազմիցս դիմել է “Կենտրոն” համատիրություն, որտեղից խոստացել են գալ և նորոգել դուռը, սակայն այդպես էլ խոստումը չեն կատարել:
Մի խոսքով` բնակիչները շատ են, պատմություններն էլ բնակիչներից շատ: Շենք-համատիրություն հարաբերությունների մասին շատ են գրում և դժգոհում համատիրությունների` միայն փող հավաքելուց եւ բնակիչներին անբավարար ծառայություններ մատուցելուց: Համատիրությունների ղեկավարներն էլ իրենց հերթին բնակիչներից են դժգոհում, թե ժամանակին չեն կատարում անհրաժեշտ վճարումները:
“Կենտրոն 1” համատիրության ղեկավար Սուրեն Ներսիսյանը կարծում է, որ իրենց համատիրությունն աշխատում է բավարար թափանցիկությամբ: Նրա խոսքերով` հաճախ է պատահում, որ բնակիչները դիմեն իրենց` իմանալու, թե ինչի վրա է ծախսվում մեկ քառակուսի մետրի համար բնակիչներից գանձվող 13 դրամից և աղբահանության համար գանձվող հարյուր դրամից գոյացող գումարը: Իրենք էլ պատրաստակամությամբ տրամադրում են այդ տեղեկատվությունը: Իսկ շենքերի շքամուտքերի անմաքրության պատճառը, Ս. Ներսիսյանի կարծիքով, բնակիչների կատարած վերանորոգման աշխատանքներն են: Ըստ “Կենտրոն 1” համատիրության ղեկավարի` գրեթե չկա մի շենք, որտեղ բնակիչներից մեկը կամ մի քանիսը վերանորոգման աշխատանքներ չկատարեն, և այս պարագայում որքան էլ պահանջկոտ լինեն բնակիչները, որքան էլ լավ իրականացվի աղբահանությունը, միևնույն է, անհնար է բացարձակ մաքրություն ապահովել:
Իսկ “Կենտրոն” համատիրության կառավարչի տեղակալ Սեդրակ Հովհաննիսյանը, անդրադառնալով աղբահանության խնդրին, ասում է, որ շենքերը մաքրվում են երեք օրը մեկ: Բացի այդ, շահագործման բաժինը ստուգումներ է իրականացնում` հավաստիանալու, որ աշխատանքները կատարվում են բարեխղճորեն: Այն հարցին, թե արդյո՞ք ստուգումները բավարար մակարդակով են իրականացվում, “Կենտրոն” համատիրության կառավարչի տեղակալը պատասխանում է, որ ավելի լավ է հավաքարարների հաստիքները շատացնել, քան ստուգողների: Իսկ այն հանգամանքը, որ շենքերից շատերն այնուամենայնիվ մաքուր չեն, Ս. Հովհաննիսյանը պատճառաբանում է բնակիչների վերաբերմունքով: Համատիրության անդամը պարտավոր է բարեխղճորեն վերաբերվել ընդհանուր սեփականությանը` չվնասել, չփչացնել այն:
Հասկանալի է, որ դա բնակչի պարտականությունն է: Բայց բացի պարտականություններից` բնակիչները նաև իրավունք ունեն հարցնելու համատիրությանը, թե ինչի վրա են ծախսվում իրենցից գանձվող սպասարկման գումարները, որքան էլ համատիրությունները պնդեն, որ օրենքով սահմանված գործառույթներն իրականացնում են բավարար մակարդակով: Այդ իրավունքը նրանց տրվում է Սահմանադրությամբ, Տեղեկատվության ազատության մասին օրենքով և համատիրության կանոնադրությամբ: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ծանոթանալ համատիրության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի: Համատիրությունը պարտավոր է բնակչի հարցմանն ի պատասխան` ներկայացնել, թե ինչ կոկրետ սպասարկում է իրականացվել գանձվող գումարների միջոցով: Օրինակ, կենտրոնի Արգիշտի 11/3 շենքի բնակիչներն ասում են, որ իրենց շենքի վերելակը վերանորոգվեց, իսկ շքամուտքերը սկսեցին մաքրել միայն այն բանից հետո, երբ բնակիչները “Կենտրոն” համատիրությունից պահանջեցին տրամադրել տեղեկատություն, թե այս տարվա 3-րդ եռամսյակում իրենցից հավաքված մոտ 400.000 դրամը ինչի վրա է ծախսվել: Ստացվում է, որ բնակիչների` տեղեկատվություն ստանալու պահանջի շնորհիվ վերջապես նրանց բավարար ծառայություններ սկսեցին մատուցել` իրենց կատարած վճարումների դիմաց: