Երեկ վարչական դատարանում տեղի ունեցավ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպությունն ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղապետի” գործի նախնական դատական նիստը: Պահանջը, ինչպես միշտ, նույնն էր` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն: Հենց սկզբից պարզ դարձավ, որ նիստը նախագահող դատավոր Աշոտ Սարգսյանը ցանկանում է կողմերին հաշտեցնել եւ գործը կարճել: Դատավորը հենց այդպես էլ կողմերին ասաց` դուք պրոբլեմ չունեք:
Աշոտ Սարգսյանը հատկապես ոգեւորվել էր նմանատիպ մեկ այլ դատական գործի արդյունքից, երբ “Ինֆորմացիայի ազատության կենտրոնը” հրաժարվել էր իր` Դավթաշենի թաղապետարանի դեմ ներկայացրած հայցից: Նշենք, որ Դավթաշենի թաղապետը նախքան դատական գործը սկսելն էր բանակցել ՀԿ-ի հետ եւ հաշտության եկել, իսկ Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանը նման քայլի չէր գնացել: Հաշտարարի դերն այս անգամ իր վրա վերցրած դատավոր Աշոտ Սարգսյանը Նոր Նորքի թաղապետարանի ներկայացուցիչ, փաստաբան Աղավնի Կարապետյանին հասկացրեց, որ կարելի է միջնորդել դատական նիստի հետաձգման համար եւ փորձել հաշտվել ՀԿ-ի հետ: Աղավնի Կարապետյանը հայտարարեց, որ թաղապետարանը ոչ թե հրաժարվել է “Ինֆորմացիայի ազատության կենտրոնին” տեղեկատվություն տրամադրել, այլ պարզապես չի հասցրել հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանված ժամանակահատվածում: Նշենք, որ ՀԿ-ն նաեւ պահանջում է թաղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչել եւ որպես տուգանք գանձել 50 հազար դրամ:
Պատասխանող կողմը ներկայացնող Աղավնի Կարապետյանն ասաց, թե անտրամաբանական է իրենց անգործության մեջ մեղադրելը, քանի որ իրենք աշխատանք են տարել պահանջված տեղեկատվությունը ստանալու համար: “Մենք պատրաստ ենք տեղեկատվություն տրամադրել սահմանված ժամկետում”,- հայտարարեց թաղապետարանի փաստաբանը: Իսկ դատավոր Աշոտ Սարգսյանը փաստաբանի խոսքերը “թարգմանեց” իրավական տերմինոլոգիայով. “Այսինքն` ես կարող եմ Ձեր ասածից հասկանալ, որ Դուք ուզում եք միջնորդել` նախնական դատական նիստը հետաձգել եւ հաշտվել հայցվորի հետ”: Դատավորը, ստանալով փաստաբանի դրական պատասխանը, հայցվորին առաջարկեց հաշտվել Նոր Նորքի թաղապետարանի հետ: “Սա բարի կամքի դրսեւորում է, դատարանը բարի կամք է դրսեւորում, ուզում է, որ դուք հաշտվեք”,- ասաց դատավոր Աշոտ Սարգսյանը: Թեեւ դատարանը մոտ 10 անգամ “բարի կամք դրսեւորեց”, այնուամենայնիվ, հայցվորը չցանկացավ հաշտվել: Երեկվա դատական նիստում դատարանը կողմերին հաշտեցնելու անհաջող փորձեր արեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 6-ին:
Ի դեպ, լրագրողներիս նկատմամբ դատավոր Աշոտ Սարգսյանը բարի կամք չդրսեւորեց. թույլ չտվեց իրեն լուսանկարենք, քանի որ, “օրենքի համաձայն, չէինք միջնորդել լուսանկարելու համար”: “Ես Ձեզ իմ նկարը կուղարկեմ”,- դատական նիստից հետո կես կատակ-կես լուրջ հայտարարեց դատավորը:
Արման ՂԱՐԻԲՅԱՆ
“Հրապարակ” օ/թ
27.01.09թ