“Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հ/կ-ն հանրապետության մի շարք համայնքներում, այդ թվում նաեւ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, անվճար տեղադրել է ցուցանակներ` պայմանով, որ համայնքապետարաններում կայացված ցանկացած որոշում եւ իրավական ակտ փակցվի, որպեսզի հանրությունը տեղյակ լինի:Համայնքապետարանների եւ հ/կ-ի միջեւ ստորագրվում է նաեւ պայմանագիր, որ տեղադրված ցուցանակը ծառայեցվի միայն ըստ իր նպատակի: Սակայն Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը ցուցանակն օգտագործում է իր քմահաճույքով, ասենք` փակցնում է բնակարանի առուվաճառքի, վարձակալության եւ նմանատիպ այլ հայտարարություններ, իսկ վերջին քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ փակցրել էր իր գովազդային լուսանկարը: Մի խոսքով, ցուցանակում կա ամեն ինչ` բացի քաղաքապետի եւ ավագանու որոշումներից: Հավանաբար, նմանատիպ ոչ հրապարակային աշխատանքի արդյունքն է, որ փողոցում պատահական հարցված աշտարակցիները չկարողացան մտաբերել ավագանու բոլոր 15 անդամների անունները` պարզապես ոչ բոլորին գիտեին, թեեւ իրենք են նրանց ընտրել:
“Առավոտը” հարցումով ստացել է ավագանու որոշումների պատճենները եւ ներկայացնում ենք այդ որոշումներից մի քանի հետաքրքրաշարժ փաստեր:
Հունվարի 25-ի արտահերթ նիստի ժամանակ ավագանու 8 անդամները (15-ից ներկա է եղել 8-ը) միաձայն որոշել են Սիմոն Սիմոնյանի “Աշտարակի ժողովրդական տեղանունների բառարա” գրքի տպագրության համար քաղաքի բյուջեից հատկացնել 1 միլիոն դրամ: Նույն նիստով, այդ ժամանակվա փոխքաղաքապետ Ռուշան Մկրտչյանի զեկուցումով, ավագանին որոշում է կայացրել քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կրթամշակութային հիմնարկներում առկա գույքի դուրսգրման մասին: Ռ. Մկրտչյանը պարզաբանել է, որ դուրսգրման ենթակա գույքը թե բարոյապես, թե ֆիզիկապես մաշված է, պիտանի չէ օգտագործման համար, ինչպես նաեւ նպատակահարմար չէ այն պահպանել: Զեկուցողը ասել է նաեւ, որ ուսումնասիրության արդյունքում տնօրենների արած առաջարկությունները համընկել են գույքագրող հանձնաժողովի եզրակացության հետ: Սակայն “անպիտան” գույքի ցանկը նայելով կասկած է առաջանում, արդյո՞ք “պահպանման համար ոչ նպատակահարմա”՚ է, ասենք` “ՙՄանուշակ” մանկապարտեզից իրենց հաշվարկով 77 դրամանոց հետեւյալ իրերը` բարձի երեսը, իրենց բառերով գրած` “պակրիվալը”, 7 հատ “կառնիզը” (հատը 77 դրամ), հեռախոսի ապարատը, վերմակներն ու ներքնակները, 45 հատ մանկական սեղանները եւ այլն: Եթե հանձնաժողովը պատճառաբանել է, որ գույքը “ֆիզիկապես եւ բարոյապես մաշված է”, ապա ինչպես է “չուլ ու փալասին” ոչ բնորոշ արժողությամբ հատը 13.370 դրամով 3 պահարանը դուրս գրվել, կամ սառնարանը` 11.926 դրամով: Իսկ քաղաքային մշակույթի տնից դուրս գրված 6 կիսափափուկ աթոռները միասին գնահատվել են 236 դրամով: Հանձնաժողովի համար 38 դրամ 5 լումայի արժեք են ունեցել նաեւ 2 երկաթյա պահարանները: Տեղեկացնենք, որ գույքագրող հանձնաժողովի նախագահը նույն ինքը` Ռուշան Մկրտչյանն է եղել: Սակայն քաղաքապետարանի ֆինանսական բաժնից “Առավոտին” պարզաբանեցին, որ գույքը գնահատվել է իր սկզբնական արժեքի համամասնությամբ, բայց իրականում այնքան մաշված է, որ ունի զրո արժեք եւ բոլորը պահեստավորել են հետագայում որպես “զապչաստ” օգտագործելու համար:
Ավագանու որոշումներից պարզվել է, որ, որ սա Աշտարակում կատարվող միակ “բարեգործության” դեպքը չէ: Հուլիսի 29-ի նիստով էլ 500 հազար դրամի “լավություն” են արել Արագածոտնի մարզի դատախազության վարչական շենքի պարսպապատման համար: Այս “հույժ կարեւոր” հարցը ավագանուն ներկայացրել է քաղաքապետը: Նա ավագանու անդամներին զեկուցել է, որ շենքի պարսպապատման համար գրությամբ անձամբ դիմել է մարզի դատախազ Հ. Զաքոյանը: Նշենք, որ դատախազությունը քաղաքապետարանին կից կառույց չէ, ոչ էլ առընթեր մարմին եւ ամենեւին էլ քաղաքապետի մեծահոգությունը տեղին չէ, մանավանդ, երբ քաղաքում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հենց քաղաքային իշխանությունների անելիքն են, բայց տարիներով լուծում չեն ստանում: Իսկ դատախազությունը առանց այդ էլ պետբյուջեից գումարներ ստանում է եւ համայնքի բնակիչների հարկերից գոյացած գումարներով լավություն անել պետք չէ:
Նոյեմբերի 7-ի ավագանու թիվ 6-Ն որոշումով էլ հաստատվել են համայնքի բյուջետային հիմնարկներում աշխատողների հաստիքացուցակն ու դրույքաչափերը: Ավագանին իր 15 հոգանոց կազմով միաձայն հաստատել է (ի դեպ, Աշտարակի ավագանին բոլոր որոշումներն էլ միաձայն է անցկացրել, առանց դեմ ու ձեռնպահ ձայների), որ մանկապարտեզի վարիչը պիտի ստանա ամսական 50 հազար դրամ, իսկ, ասենք, պարարվեստի դպրոց-ստուդիայի տնօրենը` 35 հազար դրամ, մարզադպրոցի տնօրենը` 30 հազար: Բացի դա, քաղաքային մշակույթի տան բեմի բանվորի մեկ դրույքաչափով աշխատանքը գնահատվել է ընդամենը 20 հազար դրամ, մինչդեռ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը օրենքով սահմանված է 25 հազար դրամ: Հետաքրքիր է, ո՞ւմ հաշվին է գնում բանվորի 5 հազար դրամը:
Տեղեկացնենք, որ աշխատավարձերի հարցում քչով բավարարվել են նաեւ քաղաքապետն ու աշխատակազմը: Գ. Թամազյանը ստանում է 120 հազար դրամ, թեեւ օրենքը նրան հնարավորություն է տալիս դրա կրկնակին ստանալ: Սակայն, մեր տեղեկություններով, եկող տարի ավագանին նրանց աշխատավարձերի կտրուկ բարձրացում կապահովի, հավանաբար` դարձյալ միաձայն որոշումով: