Հրապարակումներ

Հրապարակումներ

Հուզված փաստաբանը սկսեց գոռալ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հուզված փաստաբանը սկսեց գոռալ

Այսօր Վարչական դատարանում քննվում էր ՚Ինֆորմացիայի ազատության կենտրոնՙ հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի: Հայցվոր կողմը հրաժարվեց իր հայցադիմումի առաջին կետից, քանի որ իրենց պահանջած տեղեկատվությունը պատասխանող կողմը տրամադրել էր նախնական դատական քննության ավարտից հետո:Սակայն ՚Ինֆորմացիայի ազատության կենտրոնըՙ գտնում է, որ Հրազդանի քաղաքապետը խախտել է իրենց տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ պահանջում է քաղաքապետին վարչական տույժի ենթարկել՝ 50.000 դրամ տուգանքի չափով եւ պարտադրել ավագանու եւ քաղաքապետի որոշումները փակցնել քաղաքապետարանի վարչական շենքում:

՚Ինֆորմացիայի ազատության կենտրոնիՙ նախագահ Շուշան Դոյդոյանը կարեւորում է հատկապես դրամական տուգանքը. ՚Մինչեւ քաղաքապետերն ու թաղապետերը իրենց գրպանից չվճարեն, նրանք շարունակելու են խախտել ՚Տեղեկատվության ազատության մասինՙ օրենքըՙ,- ասում է Շուշան Դոյդոյանը:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության ղեկավար Ռադիկ Հարությունյանի շնորհիվ դատական նիստը տեւեց 2.5 ժամ: Վերջինս ռեպլիկներ էր անում հայցվորի հայտարարությունների վերաբերյալ, հաճախակի ընդհատում էր դատավոր Քրիստինե Մկոյանին, իսկ իրեն ուղղված հարցերին պատասխանում միայն այն ժամանակ, երբ դատավորը արդեն 4-րդ անգամ պարզաբանում էր հարցը: Դատավորը ողջ նիստի ընթացքում փաստաբանին համոզում, խնդրում եւ պահանջում էր ցածր խոսել, սակայն Ռադիկ Հարությունյանը շարունակում էր գոռալ՝ պատճառաբանելով, որ իր ձայնի տոնն այդպիսին է:

Փաստաբան Ռադիկ Հարությունյանը նախորդ դատական նիստի ժամանակ նույնպես հուզված էր, սակայն այսօր հուզմունքը կրկնապատկվել էր, թերեւս այն պատճառով, որ Հրազդանի քաղաքապետարանի լրատվական վարչության օպերատորը նկարահանում էր ողջ դատական նիստը:

ՄԵՂՔԸ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՆՈՒՄ

Քաղաքապետարանի իրավական վարչության պետը պնդում էր, որ Շուշան Դոյդոյանն անձամբ զանգահարել է Հրազդանի քաղաքապետին եւ խնդրել իրենց նամակին չպատասխանել՝ փոխարենը խոստանալով, որ իրենք կգնան Հրազդան եւ տեղում կծանոթանան փաստաթղթերին:

՚Երդվում եմ պատվովս, ինքս եմ մեղավոր եղել, որ համոզել եմ քաղաքապետին, որ իրենց չպատասխանենք, այլ սպասենք, որ գան եւ տեղում ծանոթանան, բայց իրենք դա դիտավորյալ են արել, որպեսզի մեզ դատի տանՙ,- հայտարարեց պատասխանող կողմի փաստաբանը: Դատավոր Քրիստինե Մկոյանը նրան զգուշացրեց գնահատականներ չտալ եւ նշեց, որ անկախ ամեն ինչից քաղաքապետը պարտավոր էր օրենքով նախատեսված կարգով պատասխանել նամակին: Իսկ հայցվոր կողմի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ Շուշան Դոյդոյանն անձամբ չի զրուցել քաղաքապետի հետ:

Նույն հարցերն ու պատասխանները 2.5 ժամ լսելուց եւ գործում ներգրավված փաստաթղթերը հաստատելուց հետո դատավոր Քրիստինե Մկոյանն ավարտեց գործի քննությունը:
Դատարանի վճիռը կհրապարակվի նոյեմբերի 25-ին, ժամը 17:55-ին:

Աղբյուրը` www.a1plus.am

Skip to content