Հասմիկ Մկրտչյան Տեղեկագիր 16 2003-2005թթ. ընթացքում Հայաստանի բոլոր մարզպետարաններում պատրաստվեցին ինտերնետային էջեր` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Դրանց նպատակն էր մարզային բնակչությանը հնարավորություն տալ արագ եւ հեշտությամբ տեղեկատվություն ստանալ իրենց մարզպետարանի գործունեության մասին (www.region.am): Այս երեք տարիների ընթացքում համակարգի վրա ծախսվել է մոտ 600.000 ԱՄՆ դոլար գումար: Իսկ թե ինչպիսին են նման ծախսատար համակարգի գործունեության արդյունքները, փորձեցինք պարզել մեր կողմից կատարված ուսումնասիրությամբ: 2006թ.-ի հունվարի 23-28-ը մեր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ ո’չ բոլոր մարզերում եւ ո’չ միշտ են լուրջ եւ պատասխանատու վերաբերվում այս հարցին, եւ լավագույն դեպքում «Որոշումներ, իրավական ակտեր» բաժնում միայն հատուկենտ եւ ընտրովի որոշումներ, կարգադրություններ եւ հաշվետվություններ են տեղադրվում: Բերենք մի քանի օրինակներ, որոնք թույլ կտան ամբողջացնել համակարգում տիրող պատկերը. Լոռի տարածքային կառավարման համակարգի «Որոշումներ, իրավական ակտեր» բաժնի «ՀՀ օրենքներ» հատվածում վերջին թարմացումը «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի տեսքով արվել է 2004թ.-ին: «ՀՀ նախագահի հրամանագրեր» հատվածում տեղադրված է նախագահի 1998թ.-ի հրամանագիրը: «Մարզպետի որոշումներ», «Մարզպետի կարգադրություններ», «Հաշվետվություններ» ու «Ծրագրեր» հատվածների թարմացումները համամատաբար ավելի թարմ են` 2005թ.-ին: Տավուշի տարածքային կառավարման համակարգի «Որոշումներ, իրավական ակտեր» բաժնում տեղադրված են միայն 2005թ.-ին կայացված մարզպետի որոշումները եւ մարզի զարգացման ծրագրերը: Կոտայքի մարզպետարանի էջում տեղադրված են դեռեւս 2004թ.-ին ընդունված ՀՀ օրենքներ, ՀՀ կառավարության որոշումներ եւ ծրագրեր: Փոխարենը` մարզպետի որոշումները, կարգադրությունները, աշխատանքային ժամանակացույցը հատվածներում կան արդեն 2006թ.-ի հունվարի տեղեկություններ: Կոտայքի տարածքային կառավարման համակարգի այս բաժնից կարելի է ենթադրել, որ մարզպետարանում համակարգին ավելի լուրջ են վերաբերվում եւ կայքի թարմացման աշխատանքները կատարվում են օպերատիվ: Ամենաբարձիթողի վիճակում Արարատի մարզի Ի-համակարգն է: Օրինակ` նույն` «Որոշումներ, իրավական ակտեր» բաժնում մարզպետի որեւէ որոշում եւ կարգադրություն տեղադրվծ չէ: Իսկ նույն բաժնի «Այլ կարգավորող փաստաթղթեր» հատվածում 2004թ.-ի հունիսի 7-ին ընդունված անհասկանալի վերնագրով` «կդկհյ հայ հյահ յադֆ», մի փաստաթուղթ է տեղակայված: Փաստորեն, համակարգի այս հատվածն ամբողջությամբ չի աշխատում եւ մեկ անգամ մուտք գործելուց եւ նման անփույթ վերաբերմունք տեսնելուց հետո մարզի բնակիչը դժվար թե 2-րդ անգամ ժամանակ ծախսի էջից տեղեկատվությու ստանալու համար: Կայքի նման անբարեխիղճ աշխատանքի պատճառները պարզելու մեր բոլոր փորձերը ձախողվեցին. Արարատի մարզպետարանից հնարավոր չեղավ անգամ պարզել, թե ով է մարզպետարանում այս ծրագրի պատասխանատուն: Այս դեպքում մեզ թույլ ենք տալիս ենթադրել, որ պատճառը ոչ թե Ի-համակարգի վատ աշխատանքն է, այլ մարզպետարանի փակ եւ գաղտնի գործունեությունը: Իսկ նման ենթադրության հիմքերը բավարար են. Օրինակ` 2005թ.-ի սեպտեմբերի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մարզային իրավաբան Անահիտ Ավագյանը հարցում է ուղարկել Արարատի մարզպետ Ա. Սարգսյանին եւ խնդրել է տրամադրել 2005թ 1-2-րդ եռամսյակների ընթացքում մարզպետի ընդունած որոշումների պատճենները: Այս հարցմանն էլ հոկտեմբերի 3-ին տրված պատասխանում Արարատի մարզպետը հրաժարվել է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը` նշելով, որ հարցումը պարունակում է հաշվետվության կամ վերահսկողության տարր, եւ տեղեկատվությունը կտրամադրվի, եթե ներկայացվի իրավական ակտի կոնկրետ նշում, այնինչ դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետ): Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից հայց է հարուցվել Արարատի մարզի առաջին ատյանի դատարան պաշտոնատար անձի գործողությունները (անգործությունը) վիճարկելու եւ սպառիչ տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջի մասին: Արագածոտնի մարզպետարանում էլ մեզ տեղակացրեցին, որ ծրագրի շահագործման սկզբում հատուկ ընտրություն էր արվում, թե որ որոշումները, կարգադրությունները եւ իրավական ակտերը պետք է տեղադրվեն կայքում: «Մի քանի անգամ տարբեր կազմակերպություններից տվյալ հարցերին վերաբերող հարցումներ ստանալուց հետո հասկացանք, որ ավելի հարմար կլինի, եթե բոլոր հրապարակման ենթակա որոշումները , կարգադրությունները եւ ծրագրերը տեղադրվեն այս էջում»,- ասում է Արագածոտնի մարզպետարանի ընդհանուր բաժնի պետ Մարինե Ատոմյանը: Արմավիրի մարզի տարածքային կառավարման համակարգի համակարգող Մարինե Հովակիմյանի խոսքերով էլ` իրենց կայքի համապատասխան բաժնում թարմացումներն արվում են քարտուղարության պետի եւ աշխատակազմի ղեկավարի ընտրությամբ եւ տեղադրվում են այն որոշումներն ու կարգադրությունները, որոնք նրանց ենթադրությամբ կարող են հետաքրքրել մարզի բնակիչներին: Թե դրանք ինչ որոշումներ եւ կարգադրություններ են, չկարողացանք պարզել, քանի որ մարզպետարանում ինտերնետ կապի բացակայության պատճառով արդեն 2 ամիս է համակարգը չի գործում: Սակայն նախկինում աշխատանքային գործունեության ընթացքում այս կայքի հետ ունեցած առնչությունից կարող ենք ասել, որ այստեղ ոչ մի որոշում կամ կարգադրություն չի տեղադրվում` անգամ քարտուղարության պետի եւ աշխատակազմի ղեկավարի ընտրությամբ: Օրինակ` կոնկրետ 2005թ.-ի նոյեմբերի 8-ի դրությամբ էլեկտրոնային այս կայքում ոչ մի որոշում եւ կարգադրություն չի եղել: Մինչդեռ` 2005թ.-ի սեպտեմբերի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից Արմավիրի մարզպետին ուղղված հարցմանն ի պատասխան ստացված պատասխանում նշվում է. «Ձեզ ենք տրամադրում ՀՀ Արմավիրի մարզպետարանի ինտերնետային կայքի հասցեն, որտեղից Դուք կարող եք ստանալ մարզպետի հրապարակման ենթակա համպատասխան որոշումները»: Փաստորեն` տեղեկատվություն ստանալու հարցմանն ի պատասխան հղում է արվում մի աղբյուրի, որտեղ նման տեղկատվություն գոյություն չունի: Մեր ուսումնասիրության մեկ շաբաթվա ընթացքում ինտերնետ կապի կամ ներքին ցանցի բացակայության պատճառով չէին գործում Շիրակի, Արմավիրի եւ Գեղարքունիքի տարածքային կառավարման համակարգերը: Իսկ Սյունիքի մարզում «Որոշումներ, իրավական ակտեր» բաժինը վերջին անգամ թարմացվել է 2005թ.-ի մարտին: Վայոց Ձորի կայքում էլ տեղադրված է ընդամենը ՀՀ կառավարության 2005թ.-ին կայացրած 4 որոշում եւ մեկ հաշվետվություն, եւ մարզպետի ոչ մի որոշում: Հայաստանի տարածքային կառավարման Ի-համակարգի նախագծով էլեկտրոնային կառավարման մասնագետ Ստեփան Կանայանի խոսքերով՝ համակարգի հիմնական նպատակներից մեկն է օգնել բնակչությանը շփվել տեղական ինքնակառավարման մարմինների կոնկրետ անդամների հետ` դիմումներ գրել, առաջարկություններ անել, ծանոթանալ տեղական ինքնակառավարման օրենսդրական դաշտին, կառավարման համակարգի կառուցվածքին եւ այլն: Այդ նպատակով էլեկտրոնային էջում գործում են «Իմ փոստարկղը» «Հայտարարություններ», «Քննարկումներ», «Ծառայություններ», «Նամակներ», «Գրանցվել ընդունելության համար» բաժինները: «Ցավոք, ինտերակտիվ մասը դեռ լավ չի գործում: Դրա պատճառը, հավանաբար, բնակչության անտեղյակությունն է»,- ասում է Ստեփան Կանայանը: Այդ խնդիրը լուծելու համար տեղական հեռուստա եւ ռադիոհաղորդումների միջոցով բացատրվել է համակարգի էությունը եւ նշանակությունը, մարզային կենտրոններում դասընթացներ են կազմակերպվել բնակիչների համար: Ինտերնետային էջը նաեւ հնարավորություն է տալիս ինտերնետի միջոցով դիմել մարզպետարանի պաշտոնյաներին: Սակայն Արմավիրի մարզում ծրագրի համակարգող Մարինե Հովակիմյանը նշում է. «Տարածքային կառավարման համակարգի միջոցով մինչ օրս դեռ էլեկտրոնային ոչ մի հարցում չենք ունեցել: Քաղաքացին գերադասում է ավանդական թղթային ճանապարհով դիմել: Դժվար է փոխել 50 անց մարդու հոգեբանությունը, որ նա օգտվի շփման էլեկտրոնային ձեւից, եթե նա իր ամբողջ կյանքում սովոր է հարցեր լուծել առերես»: Որպեսզի ինքներս պարզենք, թե, այնուամենայնիվ, դիմելու դեպքում համակարգի ինտերակտիվությունն ինչպես է աշխատում, ուսումնասիրության առաջին օրը` 2006թ.-ի հունվարի 23-ին, տարածքային կառավարման բոլոր համակարգերին, բացառությամբ` Շիրակի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերի (սրանք պարզապես չէին գործում), «Դիմեք մեզ» բաժնով ուղարկեցինք համակարգի մասին տեղեկատվություն ստանալու հարցում: Մեկ շաբաթվա ընթացքում հարցմանը 2 օր հետո արձագանքեց միայն Վայոց Ձորի մարզի համակարգող Վարդան Մխիթարյանը: Վերջինս, ինչպես հետո պարզվեց, հարցումը ստացել էր հենց նույն օրը, սակայն համակարգի անսարքության պատճառով չէր կարողացել նույն` էլեկտրոնային ճանապարհով պատասխանել եւ 2 օր հետո մեր կողմից ուղղված բոլոր հարցերին պատասխանեց հեռախոսով: Մյուս մարզերից մինչ օրս էլեկտրոնային ճանապարհով ոչ մի պատասխան չի տրվել, ինչն էլ մարզի աշխատակիցների հետ հեռախոսազրույցի ընթացքում պատճառաբանվեց նրանով, որ իրենց մարզպետարաններում այլեւս չկան ծրագրի համակարգողներ. ՄԱԿ-ի կողմից ծրագիրն իրականացվում էր մինչ 2005թ.-ի դեկտեմբերի 31-ը, համակարգողներն էլ հետեւաբար աշխատել եւ վարձատրվել են մինչ այդ: Ստացվում է, որ ՄԱԿ-ի կողմից ծրագրի ֆինանսավորման ավարտից հետո համակարգը մատնվում է անտերության: Տարածքային կառավարման Ի-համակարգը իրականացնող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Աջակցություն տեղկատվական հասարակությանը եւ ժողովրդավարական կառավարմանը» ծրագրի կորդինատոր Արտաշես Դարբինյանի խոսքերով էլ` հնարավոր պատճառներից մեկը ինտերնետային վատ կապն է, որի արդյունքում, մարզերի համակրգողները գուցե անգամ մեր հարցումը ստացած չլինեն: «Անցյալ տարվա ընթացքում համակարգը բավականին լավ էր աշխատում, որովհետեւ ինտերնետ կապը համեմատաբար լավն էր եւ համակարգողներն էլ հետեւում էին, որ բովանդակությունը ժամանակին թարմացվի: Բայց այս տարվա հունվարից համակարգն արդեն նորմալ չի գործում: Սրա պատճառը նաեւ համակարգի սեփականության հետ կապված երկիշխանությունն է»,- ասում է Արտաշես Դարբինյանը: Նախնական պայմանավորվածության համաձայն` Տարածքային կառավարման Ի-համակարգը ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից իրականացվելու էր մինչեւ 2005թ.-ի դեկտեմբերի 31-ը: Այնուհետեւ համակարգը անցնելու էր Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանների ենթակայության տակ, որոնք էլ այժմ Ի-համակարգի անմիջական պատասխանատուներն են: Այդ նպատակով էլ 2005թ.-ին Տարածքային կառավարման նախարարի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգողի մի հաստիք հատկացրեց մարզպետարաններին: «Այսինքն, եթե մինչեւ այժմ մեր ծրագրի կողմից ֆինանսավորվում էր մի մարդ, որը ապահովում էր համակարգում մարզպետարանի աշխատակիցների ներդրումները, զբաղվում բովանդակության թարմացմամբ, այս տարվա հունվարից արդեն պետբյուջեյի միջոցով յուրաքանչյուր մարզպետարանում ֆինանսավորվող մեկ հաստիք կա, որն էլ զբաղվում է բոլոր այդ հարցերով»,- ասում է ծրագրի կորդինատոր Արտաշես Դարբինյանը: Արտաշես Դարբինյանի խոսքերով` Տարածքային կառավարման Ի-համակարգը մարզերին փոխանցելու գործընթացն իրականցվում է եռակողմ համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվելու է Տարածքային կառավարման նախարարության, տվյալ մարզպետարանի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագր կողմից: Այստեղ ամրագրված են այն սկզբունքները, որի հիման վրա այդ կենտրոնները եւ համակարգը պետք է շարունակեն իրենց գործունեությունը: Սկզբունքների մեջ նշված է, որ մարզպետարանները պետք է իրականացնեն ամբողջ համակարգի կառավարումը: UNDP-ին պարտավորվում է մինչ 2006թ.-ի վերջ մարզային կենտրոններին ապահովել ինտերնետ կապով: Նախարարությունն էլ պետք է ապահովի այնպիսի իրավական միջավայր, որպեսզի համակարգը ճիշտ գործի: Համաձայնագրում գրված է նաեւ, որ համակարգի փոխանցումից 2-3 տարվա ընթացքում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պետք է հետեւի, որպեսզի համակարգի բովանդակություը եւ նրա գործունեությունը համապատասխանեն այն հիմունքներին, որոնք նշված են նախարարության հետ ամրագրված փաստաթղթում: Բնականաբար դա հնարավոր կլինի միայն եթե մարզպետարաններն իսկապես հասկանան, որ մեր օրերում նման համակարգ ունենալը չափազանց կարեւոր եւ հետաքրքիր է իրենց եւ իրենց բնակչության համար: Այսպիսով, ՄԱԿ-ի զարգացման գործակալության աջակցությամբ ստեղծված էլեկտրանային համակարգը, որն այժմ մարզպետարանների եւ Տարածքային կառավարման նախարարության սեփականությունն է եւ որի վրա ծախսվել է մոտ 600.000 դոլոր,արդյունավետ չի աշխատում, ուստի եւ չի ծառայում իր նպատակներին: Ստացվում է, որ այս պահին կողմերը չեն կատարում իրենց պարտավորությունները: