Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հայտարարություն լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքն անհնարին դառնալու վերաբերյալ

Դեկտեմբերի 12-ից ի վեր, երբ Ադրբեջանը փակեց Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ստեղծվել է ոչ միայն հումանիտար խորը ճգնաժամ 120 հազար արցախցիների համար, այլ նաև անհնարին է դարձել հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքն այդ թեժ գոտում։ Վերջիններս զրկված են ազատ տեղաշարժվելու, իրադարձությունների կիզակետում իրավիճակին ծանոթանալու և խնդիրը լուսաբանելու հնարավորությունից։

Մասնավորապես՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Factor․am» և «Civilnet» լրատվական կայքերի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, այլ ԶԼՄ-ների և մասնագիտացված կազմակերպությունների նկարահանող խմբերին չի հաջողվել հասնել Լաչինի շրջանի այն հատված, որտեղ ադրբեջանցիների մի մեծ խումբ, որոնց պաշտոնական Բաքուն ներկայացնում է որպես «բնապահպան-ակտիվիստներ», փակել են արցախցիների «կյանքի ճանապարհը»։ Երևանից դեպի իրադարձությունների վայր մեկնող լրագրողներին ու օպերատորներին կամ ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել Գորիսից այն կողմ անցնել, կամ, եթե հաջողվել է հաղթահարել այդ անհիմն արգելքը, նկարահանող խմբերը հասել են առավելագույնը մինչև Լիսագոր գյուղ, որտեղ արդեն ռուս խաղաղապահներն են արգելել շարունակել ճանապարհը։

Արդյունքում ինչպես հայաստանյան մեդիա լսարանը, այնպես էլ միջազգային հանրությունը հնարավորություն չունեն օբյեկտիվ տեղեկություններ ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Լաչինի միջանցքի փակված վայրում անարգել գործում են միայն ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք հաճախ, իրականացնելով պաշտոնական Բաքվի քարոզչությունը, իրենց հրապարակումներում խեղաթյուրում են ակնհայտ փաստերը և ստահոդ տեղեկատվությամբ առ այն, թե չեն խոչընդոտում Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությանը, թյուրիմացության մեջ են գցում թե՛ սեփական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։

Հաշվի առնելով այս տագնապալի իրավիճակը և արտահայտելով մեր խորը մտահոգությունն այդ կապակցությամբ, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք․

  • ՀՀ կառավարությունից՝ անհապաղ բանակցություններ նախաձեռնել խաղաղապահ առաքելության հրամանատարության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ՌԴ պատասխանատու պետական կառույցների ղեկավարների հետ՝ հստակ կանոնակարգելու և դյուրացնելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցելությունները Լեռնային Ղարաբաղ։ Այս խնդիրն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո և հատկապես զգացնել է տալիս իրավիճակի սրացումների պայմաններում,
  • ԱԱԾ-ից և ՀՀ ոստիկանությունից՝ դադարեցնել անհիմն խոչընդոտումները և առավելագույնս աջակցել հայաստանյան ԶԼՄ-ներին Արցախում իրավիճակը լուսաբանելու գործում, քանզի դա բխում է նաև մեր պետական և ազգային շահերից,
  • Միջազգային կազմակերպություններից, հատկապես ՄԱԿ-ից, Եվրամիությունից և ԵԱՀԿ-ից՝ դիտորդական առաքելություններ ուղարկել հայ-ադրբեջանական շփման գոտի, այդ թվում նաև Լաչինի միջանցք՝ իրավիճակն օբյեկտիվորեն արձանագրելու և զեկույցի տեսքով այն ներկայացնելու լայն հանրությանը։
  • Մենք կոչ ենք անում նաև համաշխարհային առաջատար լրատվամիջոցներին Արցախյան հակամարտության գոտի գործուղել իրենց թղթակիցներին ու նկարահանող խմբերին, ակտիվորեն լուսաբանել Լաչինի միջանցքը փակելու հետևանքով առաջացած հումանիտար ծանր ճգնաժամը և դրանով իսկ կանխել ադրբեջանական քարոզչության ապատեղեկատվությունը միջազգային ասպարեզում։

English:www.foi.am

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ 

Skip to content