Երեկ՝ փետրվարի 17-ին, պաշտոնական «edraft.am» կայքում հանրային քննարկման է դրվել ՀՀ դատախազության մշակած և Արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 հազարից 500 հազար դրամի չափով: Իսկ եթե այդ արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված անձի ծառայողական պարտականությունները կատարելու հետ, առաջարկվում է պատժել տուգանքով՝ 500 հազարից 3 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է վերջին ամիսներին իշխանությունների ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնց միջոցով փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը։ Դեռևս 2010 թվականին գործուն մասնակցություն ունենալով վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման գործընթացում՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս նպատակ էինք հետապնդում ձևավորել ժողովրդավարական հասարակությանը հարիր՝ լրատվական դաշտը կարգավորող միջավայր։ Իսկ այսօր մեր հիասթափությունն ենք արտահայտում առ այն, որ 2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությունները հետադիմական նախաձեռնություններով անընդունելի սահմանափակումներ են նախատեսում արտահայտվելու ազատության համար։
Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող այս փոփոխությունների հեղինակները բացարձակապես տեղյակ չեն այս խնդրի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի պահանջներին և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, որոնք պարտադիր են այդ կառույցներին անդամակցող Հայաստանի համար։ Մասնավորապես՝ վկայակոչենք ԵԽԽՎ 1577 (2007) բանաձևը, որի 17․6 կետը պահանջում է վիրավորանքին և զրպարտությանը վերաբերող օրենսդրությունից հեռացնել պաշտոնատար անձանց հավելյալ պաշտպանությունը՝ ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի։
Մենք ամենևին էլ մտադիր չենք պաշտպանել վիրավորողներին և զրպարտողներին։ Սակայն անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ իշխանության ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, հանրային դեմքերը պարտավոր են առավել հանդուրժողականություն ցուցաբերել ցանկացած քննադատության նկատմամբ և պետք է գիտակցեն, որ իրենց գործառույթներն իրականացնելիս գտնվում են հանրության և ԶԼՄ-ների խոշորացույցի ներքո։ Ավելին, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային որոշման՝ լրագրողական ազատության բաղկացուցիչ մաս է կազմում որոշակի չափազանցությունների և նույնիսկ սադրանքի դիմելը։ Հնարավոր չէ անտեսել նաև այն իրողությունը, որ հաճախ լրատվամիջոցների օբյեկտիվ քննադատությունը պաշտոնյաներն ու տարբեր քաղաքական գործիչներ ընկալում են որպես վիրավորանք և զրպարտություն ու փորձում են դատարանների միջոցով վրեժխնդիր լինել։ Այս փոփոխությամբ առաջարկվող քրեական պատասխանատվությունը, ընդհուպ ազատազրկումը, փաստորեն, գործիք կարող է դառնալ՝ պաշտոնյաներին սուր քննադատությունից զերծ պահելու, հասարակության առջև նրանց հաշվետվողականությունը նվազագույնի հասցնելու համար։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․
- ՀՀ կառավարությունից՝ անհապաղ հրաժարվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծից,
- Օրենսդիր և գործադիր իշխանություններից՝ վերանայել անհամաչափ սահմանափակումների միջոցով լրատվական դաշտը կարգավորելու քաղաքականությունը և լայն քննարկումներ նախաձեռնել ոլորտում առաջացած նոր խնդիրների համարժեք լուծումներ գտնելու նպատակով:
Միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական ռեգրեսիվ գործընթացները, որոնք ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով սպառնում են հանգեցնել լուրջ հետընթացի:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ