Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել ԶԼՄ-ների աշխատակիցներին բռնության ենթարկողներին

Դեկտեմբերի 19-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ, ֆիզիկական բռնության է ենթարկվել միջոցառումը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի օպերատոր Դավիթ Հարությունյանը։ Քաղաքացիները, որոնք մտադրվել էին խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սգո երթին մասնակցող նրա աջակիցների մուտքը «Եռաբլուր», «հեսա «Ազատություն»-ը» գոռալով հարձակվել են օպերատորի վրա, գցել գետնին ու հարվածներ հասցրել նրան։ Նույն օրը, սգո երթի մեկնարկին, Հանրապետության հրապարակում թիրախավորվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Լարա Առաքելյանը։ Նախ հավաքի մասնակիցները վիրավորել և ճնշման են ենթարկել նրան, ապա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը խտրական վերաբերմունք է ցուցաբերել լրատվամիջոցի նկատմամբ։ Հրաժարվելով պատասխանել Լարա Առաքելյանի հարցերին՝ պատգամավորը հայտարարել է, որ պատրաստ է հարցազրույց տալ ներկա ցանկացած լրատվամիջոցի, բացի «5-րդ ալիք»-ից։

Այսօր էլ Սյունիքի մարզում, Գորիս տանող ճանապարհին, քաղաքացիները անվայելուչ արտահայտություններ են թույլ տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը լուսաբանող՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռոբերտ Զարգարյանի հասցեին՝ փորձելով խոչընդոտել նրա աշխատանքը։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք լրագրողների նկատմամբ կիրառված անթույլատրելի գործողությունները: Այս միջադեպերն ակնհայտորեն արտացոլում են հասարակության ծայրահեղ բևեռվածությունը, տիրող ատելության մթնոլորտը։ Իրավիճակի առողջացմանը չի նպաստում նաև լրատվամիջոցների՝ ըստ քաղաքական ճամբարների բաժանված լինելու փաստը։ Այդուհանդերձ, երկրում հասարակական-քաղաքական կայունությանը նպաստելու այլ ելք չկա, քան հանդուրժողականության հաստատումը, այլ կարծիքների նկատմամբ քաղաքակիրթ վերաբերմունքի և կառուցողական բանավեճի մշակույթի ձևավորումը։ Իսկ այս ամենը պետք է վերահաստատվի նախևառաջ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերվող զսպվածությամբ և հարգանքով։

Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակը հնարավոր չէ հաղթահարել, եթե լրագրողների նկատմամբ ոտնձգություններ իրականացնողներն անպատիժ մնան։ Ի դեպ, անցնող տարվա ընթացքում նմանատիպ ոչ մի դեպքով մեղավորները չեն պատժվել։ Իսկ անպատժելիությունը, ինչպես հայտնի է, նոր իրավախախտումներ է ծնում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

  • ՀՀ ոստիկանությունից՝ բացահայտել նշված միջադեպերի ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտողներին և պատասխանատվության ենթարկել նրանց,
  • Քաղաքական ուժերից և նրանց համակիրներից՝ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել ցանկացած լրատվամիջոցի նկատմամբ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ–ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Skip to content