Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 25.04.2012 թ․-ին տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները.
- Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 25.04.2012 թ.-ի դրությամբ որքա՞ն գումար է ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար:
- Ծախսած գումարներից որքա՞նն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը:
ԲՀԿ-ն ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: Ուստի, 16.05.2012 թ․-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցում է ուղարկել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որը նույնպես մնացել է անպատասխան:
Արդյունքում, 2012թ.-ի հունիս 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ԲՀԿ-ին 5-օրյա ժամկետում տրամադրել ամբողջական տեղեկատվություն:
2012 թ.-ի սեպտեմբերի 12-ին նշանակվել էր ԻԱԿ-ն ընդդեմ ԲՀԿ-ի գործով առաջին դատական նիստը: Նշենք, որ մինչեւ սեպտեմբերի 12-ը՝ 2012 թ.-ի սեպտեմբերի 4-ին, ԲՀԿ-ն տրամադրել էր դատական գործի առարկա դարձած ամբողջ տեղեկատվությունը (տես՝ http://givemeinfo.am/hy/case/941/): Բացի այդ, սեպտեմբերի 5-ին ԲՀԿ-ն դիմել էր դատարանին՝ հայտնելով, որ կատարել է ԻԱԿ-ի պահանջը: ԲՀԿ-ն միջնորդել էր գործի վարույթը կարճելու մասին:
Ուստի, մինչև դատական նիստը ԻԱԿ-ը դիմում ներկայացրեց դատարան, նշելով, որ չի առարկում գործի վարույթը կարճելու դեմ, պայմանով, որ դատարանը կամ պետք է լուծի պետական տուրքի հարցը, եւ հօգուտ Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի բռնագանձվի վճարված պետական տուրքը, կամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պետք է ՀԿ-ին կամավոր փոխանցի վճարված պետական տուրքի գումարը: Նշենք նաեւ, որ ԻԱԿ-ի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը սեպտեմբերի 12-ին բացակայում էր երկրից, ուստի սեպտեմբերի 12-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց:
Մինչեւ դատական նոր նիստը ԲՀԿ-ն կամավոր Ինֆորմացիայի ազատության կենտրոնին էր փոխանցել նաեւ ԻԱԿ-ի վճարած պետական տուրքի գումարը: Ուստի, 2012 թ.-ի հոկտեմբերի 2-ին կայացած դատական նիստում դատարանը որոշեց ԻԱԿ-ն ընդդեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության դատական գործը կարճվել: Դատարանի վճիռը կայացվեց 2012թ.-ի հոկտեմբերի 10-ին:
ԻԱԿ-ի՝ 2012 թ.-ի հուլիս 2-ի հայցադիմումին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան կարող եք ծանոթանալ այստեղ:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 10.10.2012 թ.-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ: