Այս մոնիտորինգի նպատակն է գնահատել, թե Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններն ինչպես են ապահովում պրոակտիվ հրապարակումը պաշտոնական ինտերնետային կայքերում, ամփոփել էլեկտրոնային տեղեկատվության ազատությանը վերաբերող ՀՀ օրենսդրության պահանջները և համապատասխան մարմիններին ներկայացնել անհրաժեշտ փոփոխությունների առաջարկների փաթեթ: Մոնիտորինգն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՍեքԴև հիմնադրամի աջակցությամբ:
Մշտադիտարկման հիմնական խնդիրներն են.
- գնահատել տեղեկատվության ազատության ոլորտում տեղեկատվություն տնօրինող մարմինների ակտիվությունը և սեփական նախաձեռնությամբ տեղեկությունների հրապարակումը պաշտոնական ինտերնետային կայքերում,
- գնահատել ՀՀ պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերը՝ օրենսդրության պահանջների համապատասխանության և նախապես մշակված չափորոշիչների հիման վրա,
- վեր հանել ՏԱ օրենսդրության կիրառմանը խոչընդոտող խնդիրները և բացթողումները,
- ներկայացնել համապատասխան առաջարկներ ուղղված պետական կառավարման մարմիններին, քաղաքացիական հասարակությանը:
Մոնիտորինգն իրականացվել է 2016թ.-ի նոյեմբեր- 2017թ.-ի հունվար ժամանակաշրջանում:
Մոնիտորինգում ընդգրկվել են պետական կառավարման կենտրոնական 37 մարմին, դրանք են.
• ՀՀ կառավարության աշխատակազմ
• 18 նախարարություններ՝ http://gov.am/am/structure/
• 8 Կառավարությանն առընթեր մարմիններ՝ http://gov.am/am/adjunct-bodies/
• 10 մարզպետարաններ՝ http://gov.am/am/regions/
Մոնիտորինգի մեթոդաբանությունը
Մոնիտորինգն իրականացվել է երկու հիմնական մեթոդով՝ տեղեկություն տնօրինողների պաշտոնական ինտերնետային կայքերի ուսումնասիրությամբ և հարցազրույցների անցկացմամբ: ՏԱ ապահովումը սեփական նախաձեռնությամբ՝ պրոակտիվ հրապարակումը գնահատելու համար ուսումնասիրվել են պետական կառավարման 37 մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերը: Արդյունքում գնահատվել է հրապարակվող տեղեկության բովանդակության համապատասխանությունը ՏԱ օրենսդրության պահանջներին:
Գնահատումն իրականացվել է հետևյալ սկզբունքներով՝
- Օրենսդրությամբ պահանջված տեղեկության առկայությունը / բացակայությունը,
- Տեղեկության ամբողջականությունը և ճշգրտությունը. պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության բովանդակությունը պետք է արտացոլի այս կամ այն չափորոշիչի մասին ամբողջ անհրաժեշտ տեղեկատվական ծավալը: Օրինակ, հաշվետվությունները պետք է կայքում տեղադրված լինեն ամբողջությամբ, այլ ոչ թե քաղվածքների տեսքով: Օրինակ, եթե պետական մարմինը նախորդող ժամանակաշրջանում պատրաստել է հինգ հաշվետվություն, ապա բոլոր հինգն էլ պետք է տեղադրված լինեն պաշտոնական կայքում,
- Թարմացումը և օպերատիվությունը. պաշտոնական կայքերում տեղեկության նորության աստիճանը, դրա թարմացման հաճախականությունը:
- Մատչելիությունը. փաստաթղթերի մատչելիությունը, որոնման հարմարությունը, փաստաթղթի ներբեռնման ձևաչափը, ինչը օգտագործողներին հնարավորություն է տալիս հետագայում օգտագործելու այդ տեղեկությունը:
Մոնիտորինգը բաղկացած է երեք հիմնական բաժիններից.
Ա. Սեփական նախաձեռնությամբ պաշտոնական տեղեկատվության տրամադրման սկզբունքները և օրենսդրական հիմքերը
Բ. Մոնիտորինգում ընդգրկված մարմինների պաշտոնական կայքերի գնահատման արդյունքները
Գ. Եզրահանգում և առաջարկություններ