2013 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Լոնդոնում տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերության երկրորդ համաժողովը: Ավելի քան 1000 ներկայացուցիչներ 60 երկրներից մասնակցեցին համաժողովին: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանը, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արման Հակոբյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր անդամ Լիանա Դոյդոյայնը:
ԲԿԳ նախաձեռնությունը հիմնադրվել է երկու տարի առաջ` 2011թվականին 8 երկրների կողմից (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այս նախաձեռնությանն այսօր արդեն միացել է ավելի քան 60 երկիր: Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է նախաձեռնությանը 2011-ի նոյեմբերին: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ունենալ առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ:
Լոնդոնյան համաժողովի մասնակիցները, ներառյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բիզնեսմեններ և պաշտոնյաներ, հավաքվել էին միասին քննարկելու բաց կառավարման լավագույն նախաձեռնությունները, ներկայացնելու իրենց երկրների փորձը, ձեռքբերումները և առաջարկելու խնդիրների լուծման արդյունավետ ճանապարհները:
Համաժողովի բացման արարողությանը ելույթ ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կամերոնը, ով իր խոսքում շեշտեց կառավարությունների թափանցիկ և հաշվետվու լինելու կարևորությունը` որպես երկրների զարգացման և բարգավաճման լավագույն խթան. “Բաց կառավարման գործընկերությունն օգնում է թափանցիկության հեղափոխությունը տարածել ամբողջ աշխարհում և ես մեծապես հպարտ եմ, որ Բրիտանիան այս նախաձեռնության հիմնադրման ակունքներում է…”-նշեց Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Համաժողովի տարբեր նիստերում անդամ երկրները ներկայացրին իրենց փորձը, հաջողությունները և խնդիրները: Առանձին նիստերում քննարկվեցին տեղեկատվության մատչելիության հարցերը, կոռուպցիայի դեմ ուղղված քայլերը: Անդամ երկրների կառավարությունների ներկայացուցիչները մամուլին և քաղհասարակությանը ներկայացրի նոր Գործողությունների ծրագրերում ներառված հանձնառություններից մի քանիսը: Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԳՆ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը խոսեց ԲԿԳ հայաստանյան նոր գործողությունների ծրագրում ներառված հանքարդյունաբերության էլեկտրոնային շտեմարանի ներդրման մասին:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին, կարևորելով կառավարման համակարգի բաց և թափանցիկ լինելը, վեր հանեցին այն խնդիրները, որոնք այսօր նպաստում են կոռոպցիայի տարածմանը: Հիմնական շեշտը դրվեց այն բանի վրա, որ քաղաքացիական հասարակույունը պետք է պահանջատերը լինի և մշտապես հսկող դերում լինի: Մասնակիցները կոչ արեցին հասարակական կազմակերպություններին համագործակցել կառավարության հետ, պարբերաբար վեր հանել հանրությանը հուզող հարցերը կառավարման տարբեր մակարդակներում և դրանց լուծման իրենց տարբերակներն առաջարկել: “Աշխատանքը պետք է ընթանա ոչ միայն ԲԿԳ շրջանակներում, ոչ միայն կառավարություններում, այլ նաև քաղաքացիական հասարակության մեջ: Մենք բոլորս ենք բաց կառավարման խթանողը”,- նշեց ԲԿԳ քաղաքացիական հասարակության համակարգող Փոլ Մաասենը:
Ամփոփելով համաժողովի արդյունքները Մեծ Բրիտանիայի կառվարության աշխատակազմի ղեկավար Ֆրանսիզ Մաուդը փակման ելույթում նշեց, որ Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության հետ համագործակցության այն ամուր հիմքն է, որն ուժեղացնում է կառավարման համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Նա կարևորեց երկրների գործողությունների ծրագրերի նոր հանձնառությունները, մասնավորապես շեշտելով Հայաստանում հանքարդյունաբերության էլեկտրոնային շտեմարանի ներդրման, Մոլդովայում տվյալների մատչելիության քաղաքականության մշակման, Վրաստանում տեղեկատվության ազատության և ՏԱ էլեկտրոնային հարցումների էլեկտրոնային շտեմարանի ստեղծման գործընթացները:
ԲԿԳ լոնդոնյան համաժողովի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ԲԿԳ աշտոնական կայքում` http://www.opengovpartnership.org/.
ԲԿԳ Հայաստանի անդամակցության, հայաստանյան գործողությունների ծրագրին և այլ նորություններին կարող եք ծանոթանալ ԲԿԳ հայաստանյան կայքից` www.ogp.am