Տարեսկզբին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել էր թվով 24-րդ տարեկան Սև ցուցակը։ Ավանդաբար այս ցանկում հայտնվում են այն գերատեսչությունները և պաշտոնյաները որոնք նախորդ տարվա ընթացքում խախտում են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։
ԻԱԿ-ն ամփոփել է նախորդ տարիներին հրապարակված Սև ցուցակներն ու առանձնացրել ուշագրավ տվյաներ ցուցակներում հայտնված կառույցների և պաշտոնյաների վերաբերյալ։
Այսպես՝
- 24 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ Սև ցուցակներում հայտնվել է 345 պաշտոնյա։
- Ամենածավալուն Սև ցուցակը հրապարակվել է 2007-ին՝ ներառելով 46 պաշտոնյա։ Ամենակարճը եղել է 2023-ի Սև ցուցակը՝ 3 պաշտոնյա։
- ԻԱԿ-ի տարեկան Սև ցուցակներում ընդգրկված պաշտոնյաներից 39-ը այստեղ հայտնվել են 2 անգամ, ևս 4-ը Սև ցուցակում հայտնվել են 3 անգամ, 3-ը՝ 4 անգամ։
- 2001 թվականից հրապարակվող ԻԱԿ 24 Սև ցուցակներում ամենից հաճախ հիշատակվող կառույցը Երևանի քաղաքապետարանն է։ Քաղաքապետարանն ԻԱԿ տարեկան ցուցակներում ընդգրկվել է 12 անգամ՝ մասնավորապես 2001-ից 2005, 2009-ից 2013, 2021-ից 2024 թվականներին անընդմեջ։
- ՀՀ նախարարություններից Սև ցուցակում ամենաշատը հայտնվել է Պաշտպանության նախարարությունը՝ 9 անգամ։ Երկրորդ տեղում Առողջապահության նախարարությունն է՝ 5 անգամ։ Նույն ցուցանիշը գրանցվել է այլևս գոյություն չունեցող Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության դեպքում։
- Ազգային ժողովը Սև ցուցակում ընդգրկվել է 4 անգամ․ 2013 թ․ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, 2020 թ․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, 2021 թ․ Աժ նախագահ Ալեն Սիմոնյան, 2021 թ․ ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյան։
- Սև ցուցակում ամենից հաճախ հայտնված մարզպետարանը Շիրակինն է՝ 6 անգամ․ 2002-ին Սև ցուցակում հայտնվել է մարզպետ Ֆելիքս Փիլումյանը, 2004-ին՝ մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, 2004-ին՝ մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը, 2009-ին և 2010-ին՝ մարզպետ Լիդա Նանյանը, 2022-ին՝ մարզպետ Նազելի Բաղդասրյանը։ (Շիրակի մարզպետերից միայն Լիդա Նանյանն է 2 անգամ հայտնվել)։ Հաջորդ տեղում Գեղարքունիքի մարզպետարանն է՝ 3 անգամ․ 2001-ին ցուցակում ընդգրկվել է մարզպետ Վահագն Հակոբյանը (այդ տարում Հակոբյանը ԻԱԿ-ի ՏԱ իրավունքը խախտել է 2 անգամ), 2004-ին մարզպետ Սիփան Բարսեղյանը, 2009-ին մարզպետ Նվեր Պողոսյանը։