Հոկտեմբերի 21-ից 22-ը կայացավ «Իրական շահառուների տվյալների օգտագործումը Հայաստանում» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը մի հարկի տակ էր հավաքել երկու տասնյակ լրագրողների և ՔՀԿ ներկայացուցիչների:
Աշխատաժողովի մեկնարկն ազդարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը, ով ևս մեկ անգամ կարևորեց իրական շահառուների թափանցիկության նախաձեռնությունը ՀՀ-ում՝ առանձնահատուկ շեշտադրելով ՔՀԿ-ների և լրագրողների դերը նախաձեռնության արդյունավետ իրականացման գործում:
«Սա նոր ռեֆորմ է և դեռևս անելու շատ աշխատանք կա: ԻՇ տվյալների հետ աշխատանքը խիստ կարևոր է մեզ՝ ՔՀԿ-ների, մեդիա համայնքների ներկայացուցիչների համար հանրային վերահսկողություն իրականացնելու գործում: Սակայն տվյալների հետ մեր աշխատանքը կենսական նշանակություն ունի պետության համար, որն այս պահին մեր աջակցության կարիքն ունի հայտարարագրված տվյալների ճշգրտումը, վերիֆիկացումը իրականացնելու հարցում»,- նշեց Շուշան Դոյդոյանը:
Իր ելույթում ԻԱԿ նախագահը խոսեց ՀՀ-ում այս պահին ԻՇ թափանցիկության գործընթացներին առնչվող խնդիրների, դրանց հնարավոր լուծումների մասին, ինչպես նաև ներկայացրեց առաջիկայում նախատեսվող գործողությունների ժամանակացույցը։
2021 թվականի սեպտեմբերի 1-ից հայտարարագրման համակարգին միացել են հանրային ծառայությունները կարգավորող ոլորտի կազմակերպությունները և տեսալսողական մեդիածառայություն մատուցող կազմակերպությունները: Հաջորդ տարի հունվարի 1-ից հայտարարագրման համակարգին են միացել բոլոր առևտրական կազմակերպությունները, բացի այն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից, որոնց մասնակիցները միայն անհատներ են: Իսկ արդեն մինչև 2023 թ. մարտի 1-ն Հայաստանում գրանցված բոլոր իրավաբանական անձինք պետք է ներկայացրած լինեն ԻՇ հայտարարագրերը:
Աշխատաժողովը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Open Ownership-ի և EITI-ի (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) աջակցությամբ։ Երկօրյա աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել ԻՇ հասանելի և թարմացվող տվյալների կարևորության վերաբերյալ տեղական շահագրգիռ կողմերի՝ լրագրողների, ՔՀԿ ներկայացուցիչների իրազեկության մակարդակը, մի կողմից տրամադրել նրանց հմտություններ, որոնք հնարավորություն կտան աշխատել այս տվյալների հետ՝ իրականացնելով բացահայտումներ, կատարելով հետաքննություններ և հանրային վերահսկողություն, մյուս կողմից էլ աջակցել պետությանը վերիֆիկացնել այդ տվյալները:
Մասնակիցները իրական շահառուների թափանցիկության միջազգային փորձին ևս ծանոթանալու հնարավորություն ունեցան։ Օփեն Օուներշիփի (Open Ownership) քաղաքականության գծով տնօրեն Լուիզ Ռասել-Պրիվատան ներկայացրեց, թե ինչ մակարդակում է գտնվում ԻՇ թափանցիկությունը միջազգային հարթակներում։ Իր ելույթում նա անդրադարձավ ԻՇ տվյալների դերին փողերի լվացման դեմ պայքարի գործում՝ ներկայացնլով մի քանի միջազգային օրինակներ:
«Ողջունելի է Հայաստանում ԻՇ ոլորտում իրականացվող գործընթացները, հարկ է նշել, որ թեպետ աշխարհի 100-ից ավելի երկրներ իրենց պատրաստակամությունն են հայտնել միանալ այս գործընթացին, սակայն նրանցից ընդամենը 40-նն են, որ իրական շահառուների տվյալների ռեգիստր են ստեղծել»,-ասաց Լուիզ Ռասել-Պրիվատան:
Դասընթացի շրջանակում՝ որպես բանախոսներ աշխատում էին Civilnet լրատվական կայքի լրագրողներ Անի Գրիգորյանը և Մկրտիչ Կարապետյանը։ Նրանք գործնականում սովորեցրին՝ ինչպես ծանոթանալ ԻՇ տվյալներին և դրանք համադրել այլ բաց տվյալների հետ շահերի պաշտպանության կամ լրագրողական աշխատանք իրականացնելիս։
Մասնակիցների համար կարճ վարպետության դաս անցկացրեց նաև «Հետք» լրատվամիջոցի լրագրող Քրիստինե Աղալարյանը: Նա ներկայացրեց հետաքննություն իրականացնելու իր փորձառությունը և հուշեց մի քանի գործիքներ, որոնք կօգնեն տվյալների հետ աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպել:
Հյուրերի ցանկում էին նաև Արդարադատության նախարարության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ինչպես նաև Ադյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարության ներկայացուցիչները, ովքեր ներկայացրին ԻՇ թափանցիկության առնչվող հիմնական գործընթացները և պատասխանեցին ներկաների հարցերին։
Աշխատաժողովի վերջում մասնակիցները քննարկեցին, թե ինչ լրագրողական նախագծեր են իրականացնելու դասընթացից հետո՝ օգտագործելով ԻՇ տվյալներն ու սովորած նոր հմտությունները: