Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Երևանի քաղաքապետարանում խախտվել է լրագրողի տեղեկություն ստանալու իրավունքը․ ԻԱԿ-ն արձագանքում է

Սիվիլնեթի լրագրող Գևորգ Թոսունյանը դիմել էր Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով տրամադրել հատման ենթակա ծառերի ամբողջական ցուցակը՝ ծառերի վերաբերյալ ամբողջական տեղեկություններով։ Փաստաթղթերի մեծ ծավալով պայմանավորված՝ համաձայնություն էր ձեռք բերվել դրանց ծանոթանալ քաղաքապետարանում, որտեղ, սակայն, խախտվել է լրագրողի տեղեկություն ստանալու իրավունքը։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն արձանագրում է ՏԱ իրավունքի խախտումը: 

Սիվիլնեթի լրագրող Գևորգ Թոսունյանը գրավոր հարցմամբ Երևանի քաղաքապետարանին խնդրել էր տրամադրել հատման ենթակա ծառերի ամբողջական ցուցակը՝ դրանց ճշգրիտ տեղադրությամբ, յուրաքանչյուր ծառի վերաբերյալ մասնագիտական եզրակացությամբ և այլ համապատասխան տեղեկություններով: Քաղաքապետարանից հայտնել են, որ փաստաթղթերի ծավալային քանակով պայմանավորված՝ դրանց կարելի է ծանոթանալ միայն քաղաքապետարան այցելելով: 

Գևորգ Թոսունյանը նշում է, որ ձեռք բերված նախնական համաձայնությամբ՝ այցելել է քաղաքապետարան, հանդիպել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ։ Վերջինս մանրամասնել է ծառահատումների ընթացակարգը, նշել, որ որ այժմ յուրաքանչյուր ծառի համար կազմվում է համապատասխան որոշում, բացառությամբ վթարային՝ հրատապ հատման ենթակա ծառերի: Բեգոյանը հայտնել է նաև, որ փաստաթղթերը շրջանառվում են կազմակերպության և վարչական շրջանի տարբեր պաշտոնյաների միջև, իսկ հատումն իրականացվում է միայն իր վերջնական հաստատումից հետո:

Գևորգ Թուսոնյանը հայտնել է, որ երբ ինքը խնդրել է ժամանակ տրամադրել փաստաթղթերին մանրամասն ծանոթանալու համար՝ փաստարկելով, որ դրանք ունեն հանրային նշանակություն, և հանրությունն իրավունք ունի ծանոթանալու գործընթացին, ՀՈԱԿ-ի տնօրենը պայման է սահամանել, որ տեղեկություններին ծանոթանալիս դրանց լուսանկարահանումն իր հետ պիտի համաձայնեցվի։ Ըստ լրագրողի՝ Բեգոյանը պահանջել է ընտրել ընդամենը երեք փաստաթուղթ և թույլատրել լուսանկարել դրանցից միայն մեկը։ Լրագրողի առարկությունից հետո՝ Բեգոյանը դադարեցրել է տեղեկություններին ծանոթանալու գործընթացը:

Այսպեսով, տվյալ դեպքով Ինֆորմացիայի ազատության կենտրոնն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը խախտել է Սիվիլնեթի լրագրող Գևորգ Թոսունյանի տեղեկություն ստանալու իրավունքը հետևյալ կետերով.

  1. Տեղում ծանոթանալու ենթակա տեղեկության ծավալների սահմանափակումը Տեղեկավտության ազատության մասին օրենքի առերևույթ խախտում է: Տեղեկատվության ազատության մասին օրենքը նախատեսում է գրավոր հարցման մեջ նշված ամբողջ տեղեկությանը տեղում ծանոթանալու հնարավորություն, չի սահմանում տեղում ծանոթանալու ենթակա տեղեկությունների ծավալի որևէ սահմանափակում:
  1. Տեղում ծանոթանալու ենթակա տեղեկության լուսանկարահանումը համաձայնեցնելու, ծանոթացման ենթակա տեղեկության ամրագրման թույլտվություն տալու պայմանները Տեղեկավտության ազատության մասին օրենքի առերևույթ խախտում են: Տեղեկատվության ազատության մասին օրենքը, ինչպես նաև դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը չեն նախատեսում տեղում ծանոթանալու ենթակա տեղեկություններին ծանոթանալու կամ դրանք ամրագրելու ձևի կամ կրիչի որևէ սահմանափակում:

Այս իրավիճակում, տեղեկություններին ծանոթանալու գործընթացն անհիմն դադարեցնելու պատճառով, լրագրողը չի ստացել իր հարցումով նախապես պահանջած բոլոր տեղեկությունները, և խախտվել է տեղեկություն ստանալու իր իրավունքը։ 

ԻԱԿ-ը լրագրողի ՏԱ խախտված իրավունքի վերականգնման նպատակով առաջարկում է կրկնակի հարցմամբ դիմել Երևանի քաղաքապետարանին, նշել հարցմամբ պահանջված ամբողջական (լրիվ) տեղեկությունները չստանալու մասին և կրկին պահանջել տրամադրել նախորդիվ ակնկալած ու չստացած տեղեկությունները: Նկարագրած խնդրի լուծման համար ԻԱԿ-ն առաջարկում է նաև դիմել դատարան՝ այդ գործընթացում առաջարկելով փորձագիտական խորհրդատվություն:

     ԻԱԿ խորհրդատվական կարծիքը լրագրողի ՏԱ իրավունքի խախտման դեպքի վերաբերյալ

 

Skip to content