Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թ․ նոյեմբերի 1-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի օգոստոսի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն Երևան քաղաքի Սիլիկյան հին խճուղու բնակելի թաղամասի անմիջական հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա անօրինական գործող քարի արտադրամասի մասին և հստակեցնել, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը դրսևորել անգործություն․ համայնքին պատկանող հողի վրա 10 տարուց ավելի անօրինական գործունեություն ծավալող քարի արտադրամասը չի քանդել կամ կասեցրել վերջինիս գործունեությունը։
2021 թվականի օգոստոսի 19-ին Երևանի քաղաքապետարանը տրամադրել է անհիմն պատասխան՝ ըստ էության չպատասխանելով հարցման բոլոր հարցերին:
Հաջորդ դատական նիստը կանցկացվի 2022 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 11:40-ին (հասցե՝ ՀՀ Վարչական դատարանի շենք, ք․ Երևան, Գ․ Նժդեհի 23, թիվ 16 դատական նիստերի դահլիճ)։
Հիշեցնենք նաև, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թ․ օգոստոսի 30-ին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու խախտված իրավունքը վերականգնելու գործում։
Մանրամասն տեղեկություն ստանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝https://foi.am/hy/archives/3669//: