2022 թվականի հունվարի 18-ին և 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) հետ համատեղ իրականացրեց «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» խորագրով առցանց աշխատաժողովի 2-րդ շրջափուլը՝ 23 մասնավոր կազմակերպությունների 28 ներկայացուցիչների համար։ Այս անգամ մասնակից ընկերությունների ցանկում նաև սոցիալական ձեռնարկություններ էին, որոնք փաստերի ստուգման և մեդիագրագիտության խնդիրներին առնչվում են ոչ միայն որպես գործարարներ, այլև սոցիալական գործունեության շրջանակում:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) նախագահ Շուշան Դոյդոյանը ողջունելով մասնակիցներին նշեց. «Այս ժամանակահատվածում փաստերի ստուգման, ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքների մասին գիտելիքը դառնում է խիստ կարևոր: Ուրախ ենք, որ դասընթացը հնարավորության կտա աջակցել գործարար համայնքին դառնալ ավելի մեդիագրագետ, ճանաչել ապատեղեկատվության դեմ պայքարի ժամանակակից գործիքները և անհրաժեշտության դեպքում՝ օգտագործել դրանք»: Ներկայացնելով դասընթացը՝ տկն. Դոյդոյանը նշեց, որ դասընթացը ոչ միայն նոր գիտելիք ու հմտություններ ձեռք բերելու, այլև ոլորտի մասնագետների հետ անմիջական շփվելու հնարավորություն է:
Մասնակիցներին ողջունեց նաև Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի (CIPE) հայաստանյան ծրագրերի համակարգող Լուիզա Այվազյանը: Նա համատոռ ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ընթացիկ այն ծրագրերը, որոնց շրջանակում մասնակիցները կարող են համագործակցել CIPE-ի հետ:
Բանախոս Արթուր Պապյանը ընդգծեց. «Կարևորելով փաստերի ստուգման դերը բիզնեսի կողմից ճիշտ և արդյունավետ հաղորդակցման գործում, կարևոր է լինել մեդիագրագետ, բայց հիշել, որ այսօր սովորած գործիքը վաղը կարող է փոփոխվել, ուստի այս ոլորտում ձեռք բերված գիտելիքը պարբերաբար թարմացնելու կարիք ունի»:
Դասընթացի առանձին հատված նվիրված էր իրական շահառուների թափանցիկության ապահովման կարգավորումներին։ Ընկերությունների իրական շահառուների հայտարարագրման նոր կարգավորությունները մասնավոր հատվածի համար նոր պարտավորություններ են նախատեսում, որոնց խախտումը կարող է առաջ բերել վարչական և քրեական պատասխանատվություն։ Ուստի աշխատաժողովը նաև այս խնդրին առնչվող հնարավոր հարցերին պատասխանելու և ոլորտի վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակ ուներ։ Մասնակիցների՝ թեմային առնչվող հարցերին պատասխանեց իրական շահառուների ոլորտի փորձագետ Անի Վարդերեսյանը։
Աշխատաժողովի ընթացքում հաղորդակցման փորձագետ Նվարդ Մելքոնյանը բիզնես ներկայացուցիչներին ներկայացրեց նաև ապատեղակատվության դեմ պայքարի առանձնահատկությունները հանրային կապերի, ինչպես նաև ձեռներեցությամբ զբաղվող ընկերությունների և գովազդատուների համագործակցության համատեքստում։
Ծրագրի շրջանակում իրականացված դասընթացների մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ հետևյալ հետևյալ հղումներով․
- «Փաստերի ստուգումը բիզնեսի համար» դասընթացի 1-ին փուլ
- «Փաստերի ստուգումը բիզնեսի համար» դասընթացի 2-րդ փուլ
- «Փաստերի ստուգումը բիզնեսի համար» դասընթացի 3-րդ փուլ
Դասընթացի տեսագրությունները․
- «Փաստերի ստուգումը բիզնեսի համար» դասընթացի տեսագրություն․ օր 1-ին
- «Փաստերի ստուգումը բիզնեսի համար» դասընթացի տեսագրություն․ օր 2-րդ
Ծրագրի շրջանակում մշակված տեղեկատվական քարտերը․
- «Իրական շահառուների թափանցիկություն» տեղեկատվական քարտեր (հայերեն)
- «Իրական շահառուների թափանցիկություն» տեղեկատվական քարտեր (անգլերեն)