Սեպտեմբերի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատանքային քննարկում։ Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ մասնավոր ընկերություններից և ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև պետական մարմիններից։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել իրական սեփականատերերի թափանցիկության ոլորտը կարգավորող նոր ընդունված իրավական դրույթները, նախատեսվող պարտավորությունները, դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում առաջ եկող վարչական և քրեական պատասխանատվություն սահմանող նորմերը, ինչպես նաև քննարկել կիրառման հետ կապված խնդիրները։
Մասնակիցներին ողջունեցին ՄԱԶԾ Կոլբա Լաբ-ի «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի ղեկավար Հովհաննես Երիցյանը և ԲԿԳ քարտուղար Լիլիա Աֆրիկյանը:
Աշխատանքային քննարկմանը ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն իր ելույթում նշեց. «Իրական սեփականատերերի թափանցիկության ապահովումը հզոր գործիք է քաղաքացիական հասարակության ձեռքին կանխելու և բացահայտելու կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները՝ խթանելով հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը։ Իրական սեփականատերերի թափանցիկությունը շատ հավակնոտ բարեփոխում էր, որը նախաձեռնել է քաղաքացիական հասարակությունը կառավարության հետ համատեղ և հաջողությամբ իրականացրել Բաց կառավարման գործընկերության 2018-20 ազգային ծրագրի շրջանակում։ Շատ կարևոր է, որ քաղ. հասարակությունը ակտիվ դեր ստանձնի նաև հրապարավկած իրական սեփականատերերի տվյալների օգտագործման գործընթացում»,- նշեց Շուշան Դոյդոյանը։
ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Անի Վարդերեսյանը ներկայացրեց ԻՍ ոլորտը կարգավորող օրենսդրությունն ու գործարկված էլեկտրոնային հանրային ռեգիստրը, ինչպես նաև թե ընկերություններն ինչպես պետք է լրացնեն և ներկայացնեն պահանջվող հայտարարագրերը։
Զեկուցումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում․ մասնակից մասնավոր ընկերությունների, ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց մտահոգություններն ու ակնկալիքներն այս ռեֆորմից։ Ներկաները կարևորեցին այս թեմայով հանրային քննարկումներ շարունակակնությունը՝ խուսափելու շրջանառվող եզրույթների թյուրըմբռնումից, ինչպես նաև ձևավորելու հանրային պահանջ՝ բիզնեսի իրական սեփականատրերի թափանցիկության հանդեպ:
Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում ԲԿԳ-Հայաստան քարտուղարության հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ:
ՀՀ կառավարությունը միացել է Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնությանը 2011 թվականից և արդեն իսկ իրականացրել 4 գործողությունների ծրագիր։ ԲԿԳ նախաձեռնության 4 հիմնական սկզբունքներն են՝ թափանցիկ կառավարում, հաշվետու կառավարություն, նորարար մեխանիզմներ կառավարման համակարգում, քաղաքացու մասնակցությունը որոշումների և քաղաքականությունների մշակման հարցում։