«Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» աշխատաժողովների շարքն այս շաբաթ ներգրավել էր պետական կառավարման քսան մարմինների չորս տասնյակ պաշտոնյաների։
Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց հատկապես պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունը նմանօրինակ կրթական հանդիպումներին։ «Ի պատասխան կեղծ, ապակողմնորոշիչ և ոչ էթիկական տեղեկատվության փոխանակման աճի՝ կարևոր է, որ պետական պաշտոնյաները ստանան հիմնական գործիքն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են տեղեկությունները մանրամասնորեն վերլուծելու և փաստերի ստուգում իրականացնելու համար նախքան սոցիալական ցանցերում հրապարակային գրառումներ անելը կամ ԶԼՄ-ների հետ հաղորդակցվելը»։
Աշխատաժովին որպես բանախոս մասնակցում էին նաև ոլորտի փորձառու մասնագետներ Սավել Մարտիրոսյանը, Արթուր Պապյանը, Հարություն Ծատրյանը և Դավիթ Սանդուխչյանը։ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը ներկայացրեք մի շարք գործնական խորհուրդներ եւ ռեկոմենդացիաներ՝ ինչպես օգտագործել պրոակտիվ հրապարակայնությունը ապատեղեկատվության դեմ պայքարում։
Հանդիպումների վերջին՝ երրորդ փուլը կանցկացվի հաջորդ շաբաթ՝ ապահովելով նաև կառավարության ենթակա մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությունը աշխատաժողովին։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ իրականացվող աշխատաժողովների շարքը նախատեսված է պետական կառավարման մարմինների և Ազգային ժողովի ներկայացուցիչների համար։ Նախաձեռնության նպատակն է բարելավել պաշտոնյաների՝ փաստերի ստուգման ոլորտում գիտելիքն ու հմտությունները։