Ինչպե՞ս նախապատրաստվել հակամարտության գոտի մեկնելուց առաջ, ի՞նչ կարդալ, ի՞նչ հագնել ու ի՞նչ վերցնել քեզ հետ․ ապրիլի 1-ին ապագա լրագրողների հյուրը նորզելանդացի ռազմական լրագրող Թոմաս Մաթչն էր։
Աշխարհի տարբեր ծայրերում հակամարտություններ լուսաբանելու մեծ փորձ ունեցող միջազգային լրագրողը աշնանը Հայաստանում էր ու Արցախում։ Նա լուսաբանել է ոչ միայն պատերազմի ընթացքը, այլև հետպատերազմյան գործընթացներն ու դրանց ազդեցությունը հանրության կյանքի տարբեր ոլորտների վրա։
Թոմասի հետ հանդիպումը կազմակերպել էին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը «Հակամարտությունների լուսաբանում և լրագրողների անվտանգություն» խորագրով առցանց հանդիպումների շարքի շրջանակում։
Թոմաս Մաթչը հանդիպման սկզբում ներկայացրեց տարբեր երկրներում հակամարտությունների լուսաբանման սեփական փորձառությունը, ապա մանրամասն պատմեց Արցախյան պատերազմի ընթացքում իր աշխատանքի, զգացողությունների ու ապրումների մասին։ «Մենք՝ հայկական կողմում աշխատող լրագրողներս, գրեթե խնդիրներ չենք ունեցել մեր աշխատանքը կատարելիս։ Այս առումով Ադրբեջանում աշխատող իմ գործընկերները կաշկանդված են եղել, շատերը հնարավորություն չեն ունեցել այնտեղ մեկնելու, իսկ ոմանք էլ դադարեցրել են աշխատանքը մասնագիտական խոչընդոտների պատճառով»։
Թոմասը, հիշելով իր մասնագիտական գործունեության տարբեր դրվագներ, մանրամասն ներկայացրեց հակամարտությունների գոտի գնալուց առաջ անհրաժեշտ քայլերը, խոսեց միջազգային հատուկ նախապատրաստական կրթական ծրագրերի և դրանց կարևորության մասին։ Նա նաև պատմեց հնարավոր ռիսկերի, հակամարտության գոտում անհրաժեշտ հմտությունների ու «չիկարելիների» մասին։
Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Թոմասը նշեց, որ լրագրողական էթիկայի տեսանկյունից իր համար ամենից կարևորը աղբյուրի գաղտնիության պահպանման սկզբունքն է․ «Պետք է հիշել, որ հաճախ, գաղտնի աղբյուրները բացահայտելով, դու ոչ միայն էթիկական կանոն ես խախտում, այլև կարող ես վտանգել աղբյուրի կյանքը։ Միաժամանակ, չպետք է մոռանալ, որ գաղտնի աղբյուրների բացահայտումը կարող է խանգարել նաև մյուս լրագրողներին»։
Խիստ վտանգավոր մասնագիտություն ունեցող լրագրողը սահմանեց նաև հակամարտություններ լուսաբանող լրագրողների ոսկե կանոնը «Ամենակարևորը ձեր անվտանգությունն է․ ոչ մի լուսանկար, ոչ մի կադր չարժի ձեր կյանքը»։ Նա հիշեցնում է, որ այդ պահին կարևոր թվացող պահերը ֆիքսելու, լուսաբանելու հնարավորություններ դեռ կլինեն, իսկ մահացած լրագրողը ոչինչ պատմել չի կարող։
Ամփոփելով հանդիպումը՝ ԻԱԿ նախագահը շնորհակալություն հայտնեց բանախոսին սեփական փորձով հաստատված կարևոր գիտելիքը փոխանցելու համար։ Նա ուսանողների ուշադրությունը հրավիրեց Թոմաս Մատթչ ելույթի որոշ դրվագների վրա՝ շեշտելով, որ տեղեկատվության աղբյուրի գաղտնիության պահպանման հարցը լրագրության հիմնաքարերից մեկն է, լրագրողի մասնագիտական վարկանիշի և աղբյուրի անվտանգության երաշխիքը։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, կարևորելով ԻԱԿ-ի հետ համագործակցության նման ձևաչափը, հույս հայտնեց, որ նախաձեռնությանը միացած միջազգային լրագրողներին հետագայում նաև ֆակուլտետում հյուրընկալելու առիթ կունենան։
Մասնագիտական դասընթացների շարքը կազմակերպում է «Մեդիա մենթորություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, «Միջազգային մեդիա աջակցություն» կազմակերպության ֆինանսավորմամբ։ Շարքի վերջին հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին, այն նախատեսված է գործող լրագրողների համար։
Հանդիպման տեսագրությունը՝ այստեղ։