Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

«Մեդիա դիֆենսը» հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Լեռնային Ղարաբաղում լրագրողներին հրետակոծելու գործով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

«Մեդիա դիֆենսը» հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Լեռնային Ղարաբաղում լրագրողներին հրետակոծելու գործով

Այսօր Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։ Դիմողները՝ վիրավորում ստացած երեք լրագրողները և լրագրողներից մեկի սպանված ուղեկցորդի եղբայրը, պնդում են, որ այս հարձակման արդյունքում Ադրբեջանը խախտել է նրանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները։

Հրետակոծությունը տեղի էր ունեցել 2020թ․ հոկտեմբերի 1-ին, երբ Մարտունի քաղաքի կենտրոնը կարճ ժամանակահատվածում խոցվեց մոտ 40 հրթիռով։ Չորս հոգի սպանվեց, կային ծանր վիրավորներ։ Նույն օրը, ավելի ուշ ադրբեջանական կառավարությունը, հղում անելով հրետակոծությանը, մեղադրեց Հայաստանին՝ լրագրողների կյանքը վտանգելու և միջազգային իրավունքը խախտելու մեջ։ Իրականում այս հակամարտության ընթացքում ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար թիրախավորել են լրագրողներին։ Բազմաթիվ լրագրողներ են հաղորդում լրագրողական աշխատանքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի հետապնդումների և սպառնալիքների մասին։

Դիմողները պնդում են, որ Ադրբեջանը Մարտունի քաղաքի ռմբակոծման ընթացքում խախտել է նրանց կյանքի և ազատ արտահայտման իրավունքները։ Այս իրավունքները պաշտպանվում են Կոնվենցիայի 2-րդ և 10-րդ հոդվածներով։

Դիմողներին դատարանում ներկայացնում են «Մեդիա դիֆենսից» Փադրեյգ Հյուզը և Կառլոս Գայոն, ինչպես նաև հայաստանյան իրավաբան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Վերջինիս խոսքերով. «Այս գործը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի լրագրողական համայնքի համար։ 2020թ․ հոկտեմբերին, Արցախում ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման արդյունքում առնվազն վեց լրագրող է վիրավորվել, զոհվել է լրագրողի ուղեկցորդ։ Թեև հակամարտության գոտիներում աշխատող մեդիա աշխատակիցները քաղաքացիական անձի կարգավիճակ ունեն և պաշտպանվում են միջազգային մարդասիրական իրավունքով, այս հակամարտության ընթացքում այս սկզբունքը չի հարգվել հավուր պատշաճի։ Լրագրողները ռազմական թիրախներ չեն, նրանց անվտանգությունը պետք է երաշխավորվի, քանի որ նրանք, պատերազմական գոտում վտանգելով իրենց կյանքը, իրենց մասնագիտական պարտքն են կատարում։ Ես հպարտ եմ լինել փաստաբանական այս թիմի անդամը, որը մշակել է այս ռազմավարական դատավարության գործը՝ Ադրբեջանի կառավարությունից պահանջելով ճանաչել տուժած լրագրողների իրավունքների խախտման փաստը և համապատասխանաբար փոխհատուցել»։

«Մեդիա դիֆենսի» իրավաբանական բաժնի ղեկավար Փադրեյգ Հյուզն ասում է․ «Զինված հակամարտությունների ընթացքում ճշգրիտ և իրազեկ լրագրողական գործունեության կարևորությունը չի կարելի գերագնահատել, և հատկապես այն պատճառով, որ լրագրությունը հաճախ ազդում է պատերազմող կողմերի վարքի վրա։ Այս հարձակումը թույլ չտվեց լրագրողներին կատարել իրենց աշխատանքը այնինչ այս դեպքը հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից մեդիայի վրա բազմաթիվ հարձակումներից մեկն էր միայն։ Այս հակամարտությունը բնութագրվել է որպես «պատերազմների ապագան» ցույց տվող, ուստի մենք հուսով ենք, որ Դատարանը կորոշի, որ այդ ապագայում հարկ է ապահովել լրագրողների համար պատշաճ պաշտպանության միջոցներ, որպեսզի նրանց տրամադրած տեղեկատվության որակն ու անկախությունը որևէ կերպ չտուժի»։

Այս գործով հավելյալ տեղեկությունների համար կապ հաստատեք Փադրեյգ Հյուզի հետ հետևյալ հասցեով՝ padraig.hughes@mediadefence.org կամ դիմեք ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանին՝ sh.doydoyan@icloud.com։

Skip to content