«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը 2019 թվականի մարտի 1-ին դիմել էր «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին ՝ խնդրելով տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 2014 թ.-ի չորրորդ եռամսյակի (հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը) հաստիքացուցակը և այդ հաստիքներում ներգրավված անձանց անվանացանկը: ՊՈԱԿ-ը 2019 թ.-ի մարտի 5-ի պաշտոնական գրությամբ մերժել էր տրամադրել տեղեկությունը՝ նշելով, թե պահանջվող տեղեկությունը աշխատողի անձնական տվյալներ են, և ՊՈԱԿ-ը իրավասու չէ փոխանցել այն ՝ առանց աշխատողի գրավոր համաձայնության։
Կրկնակի հարցում ուղարկելուց և նույնաբովանդակ մերժում ստանալուց հետո 2019 թվականի օգոստոսի 5-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը դիմել էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն: Դիմումի առիթով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ 2019 թվականի օգոստոսի 8-ին հարուցվել էր վարչական վարույթ(N-054/08/19):
Վարույթի արդյունքում Գործակալությունը որոշել է.
1. «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հաստիքացուցակները և աշխատակիցների ցանկը (այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 2014 չորրորդ եռամսյակի (հոկտեմբերի 1-ից-դեկտեմբերի 31-ը) «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին համապատասխան հրապարակելը կամ հարցման հիման վրա հարցմամբ դիմողին տրամադրելը չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին այն հանձնելու հաջորդող օրվանից և օրենքով սահմանված կարգով և ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան:
Վարույթի մանրամասները և ԱՏՊ գործակալության որոշման ամբողջական տարբերակը՝ այստեղ: