Մարտի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախաձեռնել էր «Տեղեկատվության ազատություն» խորագրով աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարության, տարբեր նախարարությունների, այլ պետական մարմինների Տեղեկատվության ազատության պատասխանատուներ և լրագրողներ:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի՝ տեղեկատվության ազատության արդի կարգավորումներին նվիրված ելույթից հետո մասնակիցները քննարկեցին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառմանն առնչվող պրակտիկ խնդիրները, ներկայացրին իրենց փորձառությունն ու խնդրի լուծման ուղիները: Մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու ԶԼՄ-պետական մարմին երկխոսության շրջանակում ծագած հիմնական խնդիրներն ու քննարկելու խնդրի լուծման փոխշահավետ տարբերակները:
Ակտիվ քննարկման թեմա դարձավ պետական մարմինների կողմից տեղեկատվության հրապարակման, լրագրողների հետ շփման գործընթացում սոցիալական ցանցերի դերն ու պաշտոնական կայքերին զուգահեռ դրանց արդյունավետ և ճիշտ կիրառության ձևաչափերը:
Հանդիպմանը ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը խոսեց անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության հավասարակշռման անհրաժեշտության մասին, ապա ներկաների հետ քննարկեցին անձնական տվյալների հրապարակման գործնական առանձնահատկությունները՝ պայմանավորված նաև հանրային շահի կարևորությամբ:
Մասնակիցները առանձնացրին ոլորտը կարգավարելուն ուղղված մի շարք առաջնահերթություններ, որոնց ուղղությամբ առաջիկայում անհրաժեշտ կլինի շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ համատեղ քայլեր մշակել:
Միջոցառումն իրականացվում էր Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ։