Տեղեկատվության ազատության ինքնագնահատման մեխանիզմների ներդրման վերաբերյալ դասընթաց-քննարկման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն աջակցել է տեղեկատվության ազատության ինքնագնահատման մեխանիզմի տեղայնացման հարցում:
Դեկտեմբերի 13-ին ԻԱԿ-ի փորձագետ Գևորգ Հայրապետյանն այցելել է նախարարություն, առանձին աշխատել նախարարության ընտրված ստորաբաժանումների հետ՝ այդ ստորաբաժանումների օրինակով վերհանելով նախարարության կողմից տնօրինվող տեղեկությունները, դրանց տնօրինման իրավական հիմքը, կարգավիճակը (արդյոք տեղեկությունը գաղտնի է, թե՝ ոչ), ինչպես նաև կարգավիճակի իրավական հիմքը:
Դեկտեմբերի 14-ին առաջին օրվա աշխատանքների հիման վրա տեղի է ունեցել ընդհանուր հանդիպում նախարարության աշխատակազմի ղեկավարի և նախարարության ստորաբաժանումների հետ, որի ժամանակ քննարկվել են ինքնագնահատման մեխանիզմի տեղայնացման արդյունքները:
ԲԿԳ հայաստանյան Գործողությունների 5-րդ ծրագրի 3-րդ հանձնառությամբ նախատեսվում է մշակել և ներդնել ՏԱ ոլորտի ինքնագնահատման համակարգ՝ գնահատելու պետական կառավարման համակարգի ՏԱ իրավունքի իրացման գործընթացը։ Համակարգի ներդրման պիլոտային մարմիններ են ընտրվել ՀՀ վարչապետի աշխատակազմը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Էկոնոմիկայի նախարարությունը: