Ժնևի Ազգերի պալատում այսօր մեկնարկել է Օրհուսի կոնվենցիայի Տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի 8-րդ հանդիպումը և «Արտադրանքի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին տեղեկության հասանելիության բարելավում․ մարտահրավերներ և հնարավորութուններ» խորագրով միջազգային աշխատաժողովը, որին մասնակցում է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանը:
Այսօրվա նիստի ընթացքում ԻԱԿ-ը գործընկերներին է ներկայացրել Հայաստանում իրականացվող իրական շահառուների թափանցիկության ռեֆորմի և ռեեստրի վերաբերյալ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ ԻԱԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքները և ԻՇ տվյալների հասանելիության վերաբերյալ քարտեզագրված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը։
ԻԱԿ-ի ներկայացուցիչը առանձնացրել է նաև հիմնական խոչընդոտները, որոնք խանգարում են հատկապես բնապահպանության ոլորտում աշխատող կազմակերպություններին և փորձագետներին, ինչպես նաև ոլորտը լուսաբանող լրագրողներին արդյունավետորեն օգտագործել ռեեստրում առկա տվյալները բնապահպանական ոլորտում իրականացվող հետազոտությունների շրջանակում։