Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մշակած տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձևն այսօր արդեն տեղադրված է պետական մեկ տասնյակից ավելի կառույցների պաշտոնական ինտերնետային կայքերում՝ օգնելու տեղեկատվություն փնտրող քաղաքացիներին ու լրագրողներին։ Հարցման օրինակելի ձևի օգնությամբ մարդիկ կարողանում են օրենքի տեսակետից առավել գրագետ ձևակերպել իրենց հարցումները։
Առաջինը ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ 10 մարզպետարանների կայքերն էին, որ 2011թ. տեղադրեցին տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձևը, իսկ արդեն 2012թ. նոյեմբերի 12-ի դրությամբ ՀՀ նախագահի, ՀՀ ոստիկանության և 6 նախարարությունների՝ ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարությունների պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրված է ԻԱԿ-ի մշակած տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձևը:
Նշենք, որ բոլոր պետական մարմիններն էլ պատրաստակամ են տեղադրելու իրենց պաշտոնական էջերում տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձևը, սակայն որոշ նախարարություններում դեռևս կան տեխնիկական խնդիրներ, որոշներն էլ պատրաստվում են արդիականացնել իրենց կայքերը՝ խոստանալով անպայման տեղադրել հարցման ձևը:
Հարցման ձևը հիմնականում տեղադրված է նշված կառույցների պաշտոնական կայքերի տարբեր բաժիններում։ Օրինակ, ՀՀ նախագահի պաշտոնական կայքում՝ www.president.am-ում, այն տեղադրված է “Աշխատակազմ” բաժնում՝ առանձին ենթաբաժնով, ՀՀ առողջապահության նախարարության կայքում՝ www.moh.am-ում տեղադրված է “Տեղեկատու” բաժնում, իսկ ՀՀ արդարադատության կայքում՝ www.moj.am-ում, “Գործառույթներ” բաժնում:
ԻԱԿ-ի մշակած տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձևը նաև օգտագործվում է խորհրդատվության կամ իրավական աջակցության խնդրանքով ԻԱԿ-ին դիմած քաղաքացիների կողմից: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ քաղաքացիները պետական կառավարման մարմիններից տեղեկություն ստանալու համար օգտագործել են ԻԱԿ-ի մշակած տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձևը և ստացել են իրենց անհրաժեշտ տեղեկությունները:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հետամուտ է լինելու, որպեսզի պետական կառավարման բոլոր մարմիններն իրենց պաշտոնական կայքերում տեղադրեն ԻԱԿ-ի մշակած տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձևը, ինչը նաև կնպաստի տեղեկություններ ստանալու հարցումների դասակարգում իրականացնել: