Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Դատաքննությունն ավարտվեց, սպասենք վճռի հրապարակմանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Դատաքննությունն ավարտվեց, սպասենք վճռի հրապարակմանը

Այսօր ՀՀ վարչական դատարանում սկսվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի քննությունն ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի` դատավոր Հովսեփ Բեդեւյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 30.07.2008թ-ին հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել Արաբկիր թաղային համայնքին. «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով` խնդրում ենք տրամադրել հետևյալ տեղեկությունը.
1. Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում (այդ թվում համայնքի հաշվեկշռում քանի՞ բնակարան է գրանցված), որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները:
2. խնդրում եմ հայտնել այդ բնակարանների հասցեները:
3. Արաբկիրի թաղապետարանը քանի՞ հայց է հարուցել սեփականության իրավունքով համայնքին պատկանող վերը նշված բնակարաններից բնակիչներին վտարելու պահանջով:
4. Խնդրում ենք, ներկայացնել այդ դատական գործերի ելքի մասին տեղեկատվություն (քանի՞սն է բավարարվել, քանի՞սը` մերժվել):

Արաբկիրի թաղապետարանը 06.08.2008թ. գրությամբ մերժել է հարցվող 4 տեղեկություններից 2-ի մասին տեղեկատվության տրամադրումը, այն է` տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, թե Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում (այդ թվում համայնքի հաշվեկշռում քանի՞ բնակարան է գրանցված), որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները, ինչպես նաև չի հայտնել այդ բնակարանների հասցեները:

Կողմերը հանդես եկան բացման խոսքով, որի ժամանակ հայցվոր կողմի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցապահանջը, իսկ պատասխանող կողմն էլ հայցն ամբողջությամբ առարկեց` պատճառաբանելով, որ դեռեւս իրենց համայնքում չկա հստակ հաշվառում, այդ իսկ պատճառով էլ իրենք «ոչ թե մերժել են, այլ ընդամենը չեն ունեցել պահանջվող տեղեկությունը»: Դատավորն էլ հստակեցրեց, որ եթե չունեին, պետք է գրավոր պատասխանեին` 0 բնակարան, «քանի որ դա եւս տեղեկատվություն է»:
Արաբկիրի թաղապետի ներկայացուցիչ Գեղամ Կարապետյանը տեղեկացրեց, որ Արաբկիր համայնքի ղեկավարը հանձնարարել է հաշվառել համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները, եւ շուտով հստակ տեղեկատվություն կունենան: Պատասխանող կողմը խոստացավ, որ տեղեկատվության պատրաստ լինելուն պես այն կտրամադրի ԻԱԿ-ին: Դատավոր Հ. Բեդեւյանն էլ նկատեց, որ «դատաքննությունը ունեցավ դրական քայլ. համայնքը սկսեց հաշվառում իրականացնել»: Նաեւ զարմանք արտահայտեց, որ համայնքն այդ գործը սկսում է 10 տարի ուշացումով:

Պատասխանող կողմն ընդունեց, որ իրենք սխալ են եւ առաջարկեց նիստի ժամանակ պահանջված տեղեկատվության հարցման պատասխանը տալ, որի դիմաց հայցվոր կողմը հրաժարվի իր հայցապահանջից: Սակայն հայցվոր կողմի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը առարկեց` պնդելով, որ «եթե անգամ պատշաճ պատասխան տրվի, այնուամենայնիվ, դատարանը պետք է արձանագրի իրավունքի խախտման փաստ»:

Դատարանը կողմերին հնարավորություն ընձեռեց հանդես գալու եզրափակիչ խոսքով, որից, սակայն, կողմերը չօգտվեցին: Այնուհետեւ դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը:

Այսպիսով, ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի ԻԱԿ-ի հայցի դատաքննությունն ավարտվեց, դատավճիռը կհրապարակվի ս. թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 16:05-ին:

Այստեղ կարող եք ծանոթանալ հայցադիմումին:

Skip to content