Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

Համայնքի որոշումները փչացնու՞մ են քաղաքի տեսքը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Համայնքի որոշումները փչացնու՞մ են քաղաքի տեսքը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Հրազդանի քաղաքապետի դեմ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարուցած հայցի  նախնական դատական 1-ին քննությունը՝ դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ: ԻԱԿ-ը Հրազդանի քաղաքպետարանին դատի էր տվել տեղեկատվություն չտրամադրելու եւ համայնքի որոշումները հանրությունից թաքցնելու համար։Դեռեւս ս.թ. հուլիսի 4-ին ԻԱԿ-ը լուսանկարել էր Հրազդանի քաղաքապետարանի շենքը, որի դիմաց տեղադրված ցուցատախտակների վրա չկար փակցված որեւէ տեղեկատվություն, որոշում, այնինչ ցուցատախտակները հատուկ նախատեսված են հանրությանն իրազեկելու նպատակով: Դրան ի պատասխան՝ պատասխանող կողմը` Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական ծառայության պետ Ռադիկ Հարությունյանը, դատարանին ներկայացրեց նույն ցուցատախտակների մի այլ լուսանկար, որտեղ արդեն փակցված էին քաղաքապետի կողմից ընդունված որոշումներ: Ռ. Հարությունյանը այն կարծիքի էր, որ այդ ցուցատախտակների վրա պարտադիր չէ, որ միշտ փակցված լինի տեղեկատվություն, քանի որ ինչպես նշեց ներկայացուցիչը՝  «տեղեկությունները կարող են փչացնել քաղաքի տեսքը»:

Քանի որ պատասխանող կողմը իր կողմից ներկայացված առարկությունները եւ ապացույցները պատշաճ կերպով չէր ուղարկել հայցվոր կողմին, ՀՀ վարչական դատարանը` ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասով, նախնական դատական նիստը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 14:

Նախնական դատական նիստը հետաձգվեց, սակայն պատասխանող կողմն իր առարկություններն ու առաջարկությունները հայցվոր կողմին փորձեց ներկայացնել  արդեն դատարանի միջանցքում: Մասնավորապես, պատասխանող կողմի ներկայացուցիչը պնդում էր, որ տեղեկատվություն տրամադրելու համար նախատեսված գումարի մասին չեն հայտնել ԻԱԿ-ին` հաշվի առնելով, որ գործ ունեն «քնքուշ սեռի ներկայացուցչի հետ»: Նաեւ տարակուսած պարզաբանում էին, թե «ինչպես կարող էին մերժել տեղեկատվության տրամադրումը` հատկապես հաշվի առնելով կենտրոնի հնչեղ անունը»:

Պատասխանող կողմը ներկայացնող Ռ. Հարությունյանը նաեւ համոզում էր ԻԱԿ-ի ներկայացուցիչներին ետ վերցնել հայցադիմումը` պարտավորվելով տրամադրել պահանջվող տեղեկատվությունը` Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու որոշումների պատճեները: Հայցվոր կողմը հրաժարվեց ետ վերցնել հայցադիմումը, բայց եւ այնպես համաձայնեց 10 ամսվա վաղեմությամբ ստանալ ԻԱԿ-ի հարցման պատասխանը:

Ի դեպ, Հրազդանի քաղաքապետարանի ներկայացուցիչները իրենց հետ բերել էին 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ Հրազդանի ավագանու կողմից կայացված բոլոր որոշումները` ցույց տալու համար, որ իրենց քաղաքապետարանն աշխատում է բաց եւ թափանցիկ:

Հաջորդ նախնական քննության դատական նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 16-ին:

Skip to content