Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչական դատարանում շարունակվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի դատավարությունը: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը հանդես եկավ միջնորդությամբ, որով հրաժարվեց հայցի առաջին պահանջից, քանի որ նախորդ դատական նիստից հետո պատասխանող կողմը ԻԱԿ-ին ի վերջո տրամադրել էր 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճեները (ի դեպ, պատճենահանման ծախսերը հոգացել էր ԻԱԿ-ը):
Սակայն հայցվոր կողմը պնդեց իր հայցի մյուս երկու պահանջները: Այն է` Հրազդանի քաղաքապետին ենթարկել վարչական տույժի և որպես պատասխանատվության միջոց ընտրել տուգանքը` 50000 /հիսուն հազար/ դրամ գումարի չափով, ինչպես նաեւ պարտադրել Հրազդանի քաղաքապետին համայնքի իրավական ակտերը Հրազդանի քաղաքապետարանի վարչական շենքի տարածքում հանրության համար մատչելի ձևով, օրենքով սահմանված կարգով, հրապարակել /փակցնել/:
Դատավարության երկու կողմերը դատարանին ներկայացրեցին իրենց պահանջները, այնուհետեւ դատարանն անցավ ապացույցների ուսումնասիրման փուլին, որից հետո կողմերին հնարավորություն ընձեռվեց հանդես գալու եզրափակիչ ճառով:
Դատավարությունը տեւեց 2,5 ժամ, որի ընթացքում պատասխանող կողմն անընդհատ շրջանառում էր մի միտք, որ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը հեռախոսազրույց է ունեցել իրենց աշխատակցի հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել: Եվ ինչքան էլ դատավոր Քրիստինե Մկոյանը փորձում էր հասկացնել, որ դա որեւէ կերպ հիմք չի հանդիսանում տեղեկատվության հարցմանը գրավոր չպատասխանելու համար, ապարդյուն էր: Մինչ նիստի ավարտը պատասխանող կողմը մնաց իր կարծիքին: Ինչեւէ, 2,5 ժամ համբերատար լսելուց հետո դատավոր Քրիստինե Մկոյանն ավարտեց գործի քննությունը:
Դատարանի վճիռը կհրապարակվի նոյեմբերի 25-ին, ժամը 17:50-ին: