Այսուհետ բոլոր նախարարությունների, մարզպետարանների եւ պետական այլ մարմինների հասարակայնության հետ կապերի աշխատակիցները կվերապատրաստվեն տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ։ Վերապատրաստումն իրականացնելու է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը։
Սա հաստատվել է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի 17 ապրիլի 2008 թ-ի N 302-Ա որոշմամբ։ Վերապատրաստումն իրականացվելու է «Տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» վերապատրաստման ծրագրի համաձայն, որը մշակվել է ԻԱԿ-ի եւ ՔԾԽ-ի կողմից։
«Սա այն եզակի դեպքերից է, երբ պետական մարմինը հասարակական կազմակերպությանը դիտում է որպես հավասար գործընկեր` բարձր գնահատելով նրա ներուժը և Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներում հկ-ի անմիջական մասնակցության անհրաժեշտությունը», – որոշման առիթով ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը: