2007թ. նոյեմբերի 2-ին “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն գրավոր դիմել էր Հրազդանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու կողմից ընդունված որոշումների պատճեները:
Պատասխանողից ոչ գրավոր, ոչ բանավոր ձեւով պատասխան չստանալուց հետո 2007թ. նոյեմբերի 11-ին` 20 օր անց, ԻԱԿ-ը դիմումով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:Պաշտպանը, ուսումնասիրելով դիմումում ներկայացված փաստերը, ընդունել է այն քննարկման: ԻԱԿ-ի դիմումի կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է ուզել Հրադանի քաղաքապետից: Վերջիններս, խեղաթյուրելով փաստերը, տեղեկացրել են, թե իբր ԻԱԿ-ի նախագահի հետ հեռախոսազրույցում բանավոր ձեւով համաձայնության են եկել, որ տեղեկությունները կտրամադրեն համապատասխան վճարը վճարելուց հետո: Սակայն ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը հավաստում է, որ նմանատիպ որեւէ բանավոր պայմանավորվածություն չի եղել իր եւ Հրազդանի քաղաքապետարանի միջեւ: Ավելին, Շ. Դոյդոյանը նշում է, որ իրենց գրավոր հարցմանը անպայման պետք է գրավոր պատասխան տրվեր, ինչպես նախատեսում է ՙՏեղեկատվության ազատության մասին՚ օրենքը, ինչը չի արվել Հրազդանի քաղաքապետարանի կողմից՝ այդպիսով խախտելով կազմակերպության տեղեկավտություն ստանալու իրավունքը։ Հրազդանի քաղաքապետարանից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաղորդելով ոչ ճիշտ տեղեկատվություն, վերջինիս թյուրիմացության մեջ են գցել, որի արդյունքում ՀՀ մարդու իրավուքնների պաշպանը ընդունել է ԻԱԿ-ի կողմից ստացված դիմում-բողոքի քննարկումը դադարեցնելու մասին որոշում:
Ս. թ. հուլիսին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան: Հայցի էությունը հետեւյալն է` պարտադրել Հրազդանի քաղաքապետին տրամադրել 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի ավագանու կողմից կայացված որոշումների և 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի կողմից կայացված որոշումների պատճենները /պատճենահանման համար անհրաժեշտ վճարի դիմաց/, Հրազդանի քաղաքապետին ենթարկել վարչական տույժի և որպես պատասխանատվության միջոց ընտրել տուգանքը` 50000 /հիսուն հազար/ դրամ գումարի չափով, ինչպես նաեւ պարտադրել Հրազդանի քաղաքապետին համայնքի իրավական ակտերը Հրազդանի քաղաքապետարանի վարչական շենքի տարածքում հանրության համար մատչելի ձևով, օրենքով սահմանված կարգով, հրապարակել /փակցնել/:
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ նախնական դատակամ քննության 1-ին նիստը, որը, սակայն, հետաձգվեց այն պատճառով, որ պատասխանող կողմն իր առարկությունները չէր ներկայացրել հայցվոր կողմին՝ ծանոթացման։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին: