Այսուհետ Աշտարակ քաղաքի բնակիչներն իրենց համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումներին, համայնքային բյուջեներին կարող են ծանոթանալ Աշտարակ քաղաքի մարդաշատ վայրերում տեղադրված տեղեկատվական ցուցատախտակներից: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող «Տեղյակ լինելու իրավունք» ծրագրի շրջանակում այստեղ տեղադրել է 6 ցուցատախտակ` քաղաքապետարանի մոտ 2-ը, մեկական` Երեւանյան փողոցում, Երեւան-Գյումրի փողոցների խաչմերուկում, քաղաքային շուկայի մոտ, ավտոկանգառում:
«Մեր գործունեության ընթացքում, երբ հարցնում էինք համայնքների ղեկավարներին, թե ինչն է հիմնական պատճառը, որ նրանց որոշումները մատչելի չեն բնակիչներին, հիմնական պատասխանը մեկն էր` չկան բավարար ֆինանսական միջոցներ եւ ռեսուրսներ դրանք հրապարակելու համար: Այդ իսկ նպատակով որոշեցինք այս մատչելի մեխանիզմը ներդնել Հայաստանի 17 քաղաքային եւ գյուղական համայնքներում, որպեսզի նրանց ղեկավարները ցանկություն եւ կամք դրսեւորեն եւ իրենց տնօրինած տեղեկություները ցուցատախտակների միջոցով անվճար հասցնեն մարդկանց: Չէ՞ որ այդ որոշումներն ի վերջո կայացվել են հենց մարդկանց համար»,- ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:
Ծրագրի շրջանակներում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 70 տեղեկատվական ցուցատախտակներ է տեղադրել ՀՀ 17 համայնքներում` 8 գյուղական (Գեղամասար, Ծաղկավան, Ձորամուտ, Իսահակյան, Ռանչպար, Օշական, Քարահունջ և Նոր Երզնկա) և 9 քաղաքային համայնքներում (Մասիս, Վեդի, Աշտարակ, Դիլիջան, Չարենցավան, Բերդ, Նոր Հաճըն, Եղեգնաձոր և Գավառ)` նպատակ ունենալով մարդկանց համար հանրային նշանակության տեղեկություններն իմանալու հնարավորություն ստեղծել եւ ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը:
Ցուցատախտակներին փակցված են համայնքի բյուջեն, բյուջեի կատարման հաշվետվությունները, համայնքի ղեկավարների և ավագանու որոշումները, ավագանու նիստերի մասին տեղեկություններ (վայրը, ժամը, օրակարգը), ինչպես նաեւ տեղեկություն ստանալու կարգի, ժամկետների եւ պայմանների մասին տեղեկատվություն:
Տեղեկատվական ցուցատախտակները տեղադրված են քաղաքապետարանի կամ գյուղապետարանի տարածքում, ինչպես նաեւ տվյալ համայնքի առավել մարդաշատ վայրերում (շուկայի, ավտոկայանի, համալսարանի, բանկի, զբոսայգիների մոտ):