Մի ամբողջ տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Սեւ ցուցակը գլխավորելուց հետո վերջապես Ամանորից երկու օր առաջ Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանը տրամադրեց իր որոշումների պատճենները:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մի քանի անգամ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից տեղեկատվություն ստանալու գրավոր հարցումներով խնդրել էր տրամադրել Արմավիր քաղաքի ավագանու` 2005թ. 2-րդ եռամսյակի որոշումների պատճենները եւ 2005թ. 2-րդ եռամսյակի բյուջեի կատարման հաշվետվության պատճենը: Արմավիրի քաղաքապետարանից տեղեկությունները չստանալով` ԻԱԿ–ը ստիպված եղավ դիմել դատարան: Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը վճռեց հօգուտ ԻԱԿ–ի՝ Արմավիրի քաղաքապետին պարտավորեցնելով տրամադրել վերոնշյալ տեղեկությունները եւ փոխհատուցել կազմակերպության դատական ծախսերը:
Քաղաքապետարանը ԻԱԿ–ի դատական ծախսերը փոխհատուցեց, սակայն տեղեկությունները տրամադրել չէր շտապում: Ուստի, ԻԱԿ–ը ստիպված եղավ 2006թ. հոկտեմբերի 16-ին դիմել Արմավիրի մարզի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, որի միջամտությունից հետո միայն Ամանորի նախօրեին Արմավիրի քաղաքապետը կատարեց դատարանի կողմից 2006թ. մարտին` 9 ամիս առաջ, կայացրած վճիռը: