2006թ. մարտի 21-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Արմավիրի քաղաքապարանի» գործով ամբողջությամբ բավարարեց հայցվոր կազմակերպության պահանջը (ԻԱ կենտրոնի):
Դեռ հոկտեմբերի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին` խնդրելով տրամադրել.
-
2005 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Արմավիր քաղաքի ավագանու կողմից կայացրած բոլոր որոշումների պատճենները
-
2005 թվականի բյուջեի պատճենը, ինչպես նաև դրա կատարման հաշվետվությունը 2-րդ եռամսյակի (ապրիլ-հունիս ամիսների) համար:
Քաղաքապետ Ռ. Խլղաթյանը 20.09.2006թ. թվագրված գրությամբ համաձայնել էր պահանջվող տեղեկատվությունը տրամադրել այն դեպքում, եթե հարցումը ձևակերպվի ձևաթղթի վրա, տրամադրվի ԻԱ կենտրոնի կանոնադրությունը և վճարվի տեղեկատվության տրամադրման համար:
11.01.2006թ. ձևաթղթի վրա ձևակերպված կրկնակի հարցում ուղարկվեց քաղաքապետին, ուր նշված էր, որ Կենտրոնը պատրաստ է վճարել 10 էջից ավել տեղեկատվության պատճենահանման ծախսերը` համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի: Հարցումում նշվել է նաև, որ կանոնադրության պատճենը տրամադրելու պահանջն ապօրինի է եւ չի բխում «ՏԱ մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Արմավիրի քաղաքապետն այս հարցմանն ի պատասխան պահանջեց անձամբ տեսնել կենտրոնի ղեկավարին` պարզելու, թե ով է այդ համարձակը, որ իրենից նման տեղեկություններ է պահանջում։ Նրա պահանջն իհարկե մնաց անպատասխան, իսկ կենտրոնի հարցումն էր` չբավարարված: