Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Պետական մարմինները պատշաճ չեն կատարում ՏԱ վիճակագրության հրապարակման օրենսդրական պահանջը

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը միանման պահանջներ է սահմանում պետական բոլոր կառույցների  համար, այնուամենայնիվ, տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության պարտադիր հրապարակման մոտեցումներն էականորեն տարբերվում են թե՛ ժամկետների, թե՛  ձևաչափի, թե՛ տվյալների ծավալի առումով:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ պետք է հրապարակի ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը»։

2025 թ.-ի հունվարի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել պետական կառավարման 25[1] մարմնի (նախարարություններ, կառավարությանը և վարչապետին ենթակա կառույցներ)՝ պարզելու՝ արդյոք հրապարակել են տեղեկություն ստանալու հարցումների ամենամյա վիճակագրությունը։ ԻԱԿ-ը նաև խնդրել էր տրամադրել տվյալներ e-request հարթակով ու գրավոր-թղթային տարբերակով ստացված հարցումների վերաբերյալ։

Ինչպես ցույց են տալիս տրամադրված պատասխաններն ու ԻԱԿ դիտարկումները, 2025 թ.-ի փետրվարի 13-ի դրությամբ՝ տեղեկություն ստանալու հարցումների ամենամյա վիճակագրությունը հրապարակել է  դիտարկվող պետական կառավարման  կառույցներից 18-ը։ 2024 թ.-ի հարցումների վիճակագրությունը  դեռևս հասանելի չէ 7 կառույցի պաշտոնական կայքերում  (Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, Քաղաքաշինության կոմիտե, Կրթության տեսչական մարմին[2]):

 

 

Պետական կառավարման այս մարմինները դեռ ունեն ժամանակ՝  կատարելու օրենքի պահանջը։  Բայց  արդեն իսկ կարելի է արձանագրել, որ օրենսդրական այս  դրույթը խախտվել է, քանի որ 2024 թ․-ի վիճակագրությունը հրապարակած կառույցների 30 տոկոսից ավելին (6 մարմին) չի ներկայացրել հարցումների մերժման հիմքերը։

Վիճակագրությունը հրապարակած կառույցներից Պետական եկամուտների կոմիտեն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարցումների վիճակագրությունը ներկայացրել են ընդհանուր փաստաթղթաշրջանառության ամսական հաշվետվության շրջանակում, որտեղ, սակայն, չկան մերժման հիմքերի մասին տվյալներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, թեպետ տվյալները հրապարակել է առանձին հաշվետվությամբ, սակայն այստեղ ևս մերժման հիմքերի վերաբերյալ նշումներ չկան։ Կադաստրի կոմիտեն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2024-ի վիճակագրությունը հրապարակել են ազատ շարադրանքի ձևաչափով՝ առանց նշելու մերժման թվի և դրանց հիմքերի վերաբերյալ։ Ազգային անվտանգության ծառայությունը ևս չի հրապարակել մերժումների թիվը եւ հիմքերը։

Եթե որպես հիմք միայն վիճակագրությունը հրապարակած 18 պետական գերատեսչությունների ամփոփագրերը, կարող ենք ասել, որ 2024 թ.-ին  մերժվել է 1200-ից ավելի հարցում։ Մերժումները հիմնականում հիմնավորվել են որպես պետական, առևտրական գաղտնիք (ԲՏԱՆ, ՊՆ), տվյալների բացակայություն,  վիճակագրական գաղտնիք (Վիճակագրական կոմիտե), կից նյութերի բացակայություն (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին)։  Տեղեկատվության հարցումների ամենաշատ ամբողջական մերժումները եղել են Պետական եկամուտների կոմիտեում (732 հարցում)։

Վիճակագրությունն արդեն հրապարակած կառույցներից 2024 թ.-ին ամենամեծ թվով հարցումներ՝ 7585, ստացել է  Ներքին գործերի նախարարությունը։  Ըստ ՆԳՆ-ի հրապարակած՝ Տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության՝  հարցումներից որևէ մեկը չի մերժվել։

Պաշտոնական պատասխանների համաձայն՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն միակն է, որը, համաձայն կառույցի՝ ԻԱԿ-ի հարցման պատասխանի,  որեւէ հարցում չի ստացել նախորդ տարվա ընթացքում։ Կոմիտեի կայքում չկա որեւէ  հրապարակում վիճակագրություն հարցումներ ստանալու/ չստանալու մասին ոչ միայն 2024 թ.-ի, այլև 2023 թ․-ի համար։  Կառույցի 2023 թ․-ի հաշվետվության մեջ նույնպես անդրադարձ չկա այս  թեմային։

Տեղեկատվական վիճակագրության հրապարակման  միասնական մոտեցում  չկա

Պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկություն ստանալու հարցումների ամենամյա վիճակագրական տվյալները դժվար է համադրել, հնարավոր չէ մեկ աղյուսակում հավաքագրել և համադրել։ Այսինքն՝ դրանք չեն ծառայում իրենց նպատակին միասնական չլինելու հետևանքով։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախորդ տարիներին բազմիցս անդրադարձել է այս խնդրին, 2021 թ․-ին մշակել ու կառույցներին է տրամադրել հարցումների վիճակագրությունը հրապարակելու միասնական ձևանմուշ, սակայն պատկերը  նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոխվել։

2024 թ.-ի տեղեկատվական հարցումների վիճակագրությունը ներկայացնելու համար ԻԱԿ ձևանմուշն օգտագործել են 5 կառույց՝ Էկոնոմիկայի նախարարությունը, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունները, Վիճակագրական կոմիտեն, Պետական վերահսկողական ծառայությունը։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնում մշակված տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության ձևանմուշն օգտագործելու առաջարկն ընդունվել է ի գիտություն։

Հատկանշական է, որ  2023 թ.-ին ՏԿԵ նախարարությունը վիճակագրական հաշվետվությունը ներկայացրել է ԻԱԿ ձևաթղթով, իսկ 2024 թ․-ին շարադրանքի ձևաչափով․ արդյունքում չի հասկացվում՝ եղել են արդյոք մերժումներ, և եթե այո, ապա ինչ հիմքով։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը պահանջում է ոչ միայն տեղեկությունների հրապարակայնության, այլև մատչելիության ապահովում։ Հետևաբար՝  հարցումների վերաբերյալ  տեղեկությունը տարբեր, հաճախ տվյալների հետ աշխատանքի համար ոչ հարմար ձևաչափերով, ժամկետներում, պաշտոնական հաշվետվությունների մաս դարձնելով ու ոչ լիարժեք հրապարակելով,  պետական մարմինները ձևական են  կատարում օրենքի պահանջը՝  խախտելով Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքները։

Ամենաշատ հարցումները ստացվել են  e-request հարթակով

Համաձայն գերատեսչությունների պատասխանների՝ e-request հարթակով ամենաշատ հարցումներ ստացել են Ներքին գործերի նախարարությունը՝ (7118), Պետական եկամուտների կոմիտեն (2952), Էկոնոմիկայի նախարարությունը (2388)։

Տոկոսային հարաբերությամբ Ազգային անվտանգության ծառայությունն ամենաքիչ հարցումներն է ստացել e-request հարթակով՝ ընդամենը 3․2 տոկոսը (2024 թ․ ստացված  ընդհանուր 4301 հարցումից 139-ը)։

Պաշտպանության և Արտաքին գործերի նախարությունները չեն տրամադրել տվյալ e-request հարթակով ստացված հարցումների վերաբերյալ՝ ԻԱԿ-ի հարցն անպատասխան թողնելով։

 

 

Որոշ կառույցներ թղթային տարբերակով հարցումների առանձին վիճակագրություն չեն վարում

Պետական մարմինները շարունակում են հարցումներ ստանալ գրավոր-թղթային տարբերակով, բայց ընդհանուր ստույգ թիվ չենք կարող հրապարակել․ 2024 թ․-ին որոշ  գերատեսչություններ  նման հարցումների առանձին վիճակագրություն չեն վարել։ Մասնավորապես, Կադաստրի կոմիտեից ԻԱԿ-ին գրավոր հայտնել են, որ․ «2024 թվականի ընթացքում ստացված թղթային գրավոր հարցումների թիվը ներառված է ընդհանուր վիճակագրության մեջ, սակայն առանձին հաշվառում չի իրականացվում»: ԻԱԿ-ի հարցմանը նման պատասխան է տվել նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Պետական կառույցների ներկայացրած տվյալները համադրելով՝ կարելի է ասել, որ նախորդ տարի դիտարկվող 23 մարմինները 2870-ից ավելի թղթային հարցում են ստացել։  Ընդ որում՝ ամենամեծ թվով թղթային հարցումներ ստացել են Պետական եկամուտների կոմիտեն (1462), Ֆինանսների նախարարությունը (814) և Ազգային անվտանգության ծառայությունը (393):

 

Եզրակացություն

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ տեղեկություն ստանալու հարցումների ամենամյա վիճակագրությունը պետական կառավարման մարմինները շարունակում են  հրապարակել ըստ հայեցողության՝  տարեկան կամ ամսական կտրվածքով, ընդհանուր փաստաթղթաշրջանառության հաշվետվության շրջանակում, ԻԱԿ տրամադրած ձեւաթղթով, կամ որպես շարադրված տեքստ։

Դիտարկված պետական կառավարման մարմինների 1/3-ը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» պահանջը՝  չհրապարակելով մերժման հիմքերը։

Հատկանշական է, որ թեպետ Վարչապետի աշխատակազմը հարցումներ վիճակագրությունը հրապարակում է ԻԱԿ-ի կողմից մշակված վիճակագրության ձևաչափով, այն որպես օրինակելի միասնական գործիք դեռևս չի կիրառվում․ ԻԱԿ-ի առաջարկած ձևաչափը 2024-ի փետրվարի 12-ի դրությամբ վիճակագրությունը հրապարակելիս օգտագործել են դիտարկված մարմիններից միայն 5-ը:

 

[1] 2025 թվականի փետրվարի 13-ի դրությամբ ԻԱԿ-ի՝ հարցումների վիճակագրության վերաբերյալ հարցմանը դեռ չեն պատասխանել Առողջապահության նախարարությունն ու Քաղաքաշինության կոմիտեն․ պետական մարմինները միջանկյալ պատասխանով 30 օր ժամկետ են խնդրել՝ նշելով լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին։

[2] Թեպետ Կրթության տեսչական մարմինը հարցման պաշտոնական պատասխանում նշել է, որ արդեն իսկ հրապարակել է վիճակագրությունը և տրամադրել համապատասխան հղումը, սակայն մարմնի պաշտոնական կայքի տեխնիկական խնդիրների պատճառներով, այս դիտարկման ժամանակ վիճակագրությունը հասանելի չէ։

 

Skip to content