Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝ ապրիլի 14, 2023 թ.
Համառոտ ամփոփում
Ռազմագերիներին խոշտանգելու տեսանյութերի տեղադրումը սոցիալական ցանցերում պետք է բացառվի, եթե այդ հրապարակումները կատարվում է պատերազմի, բռնության փառաբանման կամ քարոզչության նպատակով։ Միևնույն ժամանակ՝ այդպիսի տեսանյութերի հրապարակումը իրավաչափ է, եթե նպատակը ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն է, նման հանցագործությունների քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ եթե հրապարակումն արվել է ռազմագերիների անձնական տվյալների նվազագույն բացահայտմամբ։ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կատարել են մեծաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ ռազմագերիների գնդակահարություններ, խոշտանգումներ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հարուցել է մի շարք դատական գործընթացներ միջազգային դատական ատյաններում այդ պատերազմական հանցագործությունների, ներառյալ ռազմագերիներին խոշտանգելու, նրանց սպանելու փաստերով։ Այդպիսի գործեր հարուցելիս էական նշանակություն ունեն սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը, որոնք որպես հիմնավոր ապացույցներ ներկայացվել են այդ դատական գործերին կից։ Կան գործեր, որոնց համար սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերն ունեցել են վճռորոշ նշանակություն։ Հաշվի առնելով նման տեսանյութերի կարևորությունը իրավական, իրավապաշտպան գործընթացներում՝ սոցիալական ցանցերը պետք է ձեռնարկեն միջոցներ այդ տեսանյութերի պահպանման, դրանց վերաբերյալ հարցումներին արձագանքելու և դրանց տրամադրման ընթացակարգեր մշակելու ուղղությամբ։
Փաստերը
2020 թվականի հոկտեմբերին «Մետա» ընկերության նախաձեռնությամբ ստեղծվել է Վերահսկիչ խորհուրդ, որը կիսադատական մարմին է և կոչված է քննելու հասարակությունից ստացված բողոքներն ընդդեմ Ֆեյսբուքի և Ինստագրամի՝ այդ սոցիալական ցանցերում հրապարակված բովանդակության իրավաչափության վերաբերյալ։ Վերահսկիչ խորհուրդը անկախ մարմին է, գործառնական կամ ֆինանսական որևէ կախվածություն չունի Ֆեյսբուքից, բաղկացած է աշխարհի տարբեր երկրներից ընտրված մասնագետներից։ Վերահսկիչ խորհուրդն իրավասու է Ֆեյսբուքի և Ինստագրամի կողմից կայացրած որոշումները բեկանել։ Խորհրդի որոշումները պարտադիր բնույթ ունեն և ենթակա են կատարման Ֆեյսբուքի և Ինստագրամի կողմից։
2023 թվականի մարտին Վերահսկիչ խորհուրդը տարածեց հրապարակային հայտարարություն՝ հրավիրելով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին ներկայացնել կարծիքներ նոր ստացված բողոքի վերաբերյալ։ Սույն փորձագիտական կարծիքը պատրաստվել է այդ հայտարարության հիմքով։
Բողոքը հայ օգտատերերից մեկի կողմից է՝ 2020 թվականի հոկտեմբերին Ֆեյսբուքում հրապարակված մի տեսանյութի վերաբերյալ։ Այն պատկերում էր պատերազմական հանցագործություն։ Տեսանյութն ուղեկցվում էր տեքստով՝ անգլերեն ու թուրքերեն, որում նշվում էր, որ պատկերված են Ադրբեջանի զինվորներ, որոնք խոշտանգում են հայ ռազմագերիներին։ Տեսանյութը սկսվում է զգուշացումով, որ այն նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար։ Զգուշացումը կատարվել է տեսանյութը նկարահանողի կողմից։ Անգլերեն տեքստում նշվում էր․ «Կանգնեցրեք ադրբեջանական տեռորը։ Աշխարհը պետք է կանգնեցնի ագրեսորներին»։ Տեսանյութում պատկերված են ադրբեջանական զինվորականներ, որոնք ավերակների միջից հանում են մի զինվորի, որը ցավից լաց էր լինում։ Նրա դեմքը տեսանելի էր, ու երևում էր, որ նա վիրավոր է։ Մեկ այլ անձ, որի դեմքը չէր երևում և որը, ենթադրաբար, նկարահանում իրականացնող անձն էր, ռուսերեն բղավում է վիրավոր զինվորի վրա, որ նա կանգնի։ Զինվորը փորձում է դա անել։ Տեսանյութն ունեցել է ոչ ավելի, քան 100 դիտում, և ոչ ավելի, քան 10 արձագանք։ Այդ նյութով որևէ մեկը չի կիսվել և հաղորդում չի տվել դրա վերաբերյալ։
«Մետա»-ի կանոնակարգերն արգելում են այնպիսի նյութերի հրապարակումը և տարածումը, որոնք բացահայտում են ռազմագերու ինքնությունը և գտնվելու վայրը։ «Մետա»-ն նշել է, որ, ըստ իր կանոնակարգի, այդ տեսանյութը պետք է հեռացվի, քանի որ զինվորների դեմքերը տեսանելի էին։ Սակայն «Մետա»-ն որոշել է չհեռացնել տեսանյութը՝ հիմնավորելով դրա լրատվական նշանակությամբ։ Ըստ «Մետա»-ի՝ «այդ բովանդակությունը դիտելու հանրային նշանակությունը գերակայում էր ռազմագերիների անվտանգության և արժանապատվության խախտման վտանգը»։ Միևնույն ժամանակ ընկերության կանոնակարգի համաձայն՝ տեսանյութի տակ ավելացվել է «անհանգստացնող» նշումը։
«Մետա»-ն ուղարկել է տեսանյութը Վերահսկիչ խորհրդին ու հայտնել, որ խնդիրը բարդ է, քանի որ այն ներառում է մի կողմից ռազմագերիների նկատմամբ բռնության մասին իրազեկման անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից նաև հնարավոր վնաս, որ ռազմագերիների ինքնության բացահայտումը կարող էր պատճառել նրանց։ Այդ իմաստով ընկերությունը Վերահսկիչ խորհրդին խնդրել է որոշել, թե արդյո՞ք տեսանյութի հրապարակումը թույլատրելու՝ «Մետա»-ի որոշումը առաջացնում է այնպիսի արժեքների հավասարակշռման անհրաժեշտություն, ինչպիսիք են «անվտանգությունը», «արժանապատվությունը» և «բարձրաձայնելը», և արդյո՞ք դա համապատասխանում է մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Վերահսկիչ խորհուրդը խնդրել է ֆիզիկական անձանց ու կազմակերպություններին ներկայացնել նկատառումներ հետևյալ հարցերի շուրջ․
- ինչպես պետք է սոցիալական ցանցերը մոդերացնեն ռազմագերիներին պատկերող բովանդակությունը, այդ թվում նաև այն, որը, հնարավոր է, ի սկզբանե ստեղծվել է քարոզչության նպատակով, սակայն այնուհետև տարածվել իրազեկման բարձրացման համար,
- սոցիալական ցանցերում ռազմագերիներ պատկերող բովանդակության հրապարակումը թույլատրելու հանրային հետաքրքրության պոտենցիալ արժեքը և վնասը,
- ինչպես է միջազգային հումանիտար իրավունքը (որը նաև հայտնի է որպես զինված բախումների օրենք) ձևավորում մարդու իրավունքների նկատմամբ «Մետա»-ի պարտավորությունները, երբ անհրաժեշտ է կարգավորել ռազմագերիներ պատկերող կոնտենտը,
- ինչպես կարող է «Մետա»-ն նվազագույնի հասցնել վնասը, որը կարող է պատճառվել ռազմագերիներին պատկերող կոնտենտը թույլատրելով կամ հեռացնելով,
- ինչ մոտեցում պետք է «Մետա»-ն ցուցաբերի ռազմագերիներին պատկերող կոնտենտը պահպանելու հարցում,
- նկատառումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի սոցիալ-քաղաքական համատեքստի վերաբերյալ, հատկապես ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի առումով։
Եզրահանգում
Խնդիրը կարգավորվում է Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (այսուհետ՝ Դաշնագիր) 19-րդ հոդվածի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի շրջանակներում: Քանի դեռ կոնտենտը ատելության խոսք չէ, և դրա հրապարակումը չի հետապնդում ատելություն, թշնամություն, անհանդուրժողականություն ու խտրականություն հրահրելու, տարածելու նպատակ, նման տեսանյութեր հրապարակելը սոցիալական ցանցերում պետք է անցնի ազատ խոսքի պաշտպանության տակ։
Մյուս կողմից, եթե պատերազմական հանցագործություն պատկերող տեսանյութն ի սկզբանե հրապարարակվել է քարոզչության նպատակով, դա ատելության խոսք է, և դրա հրապարակումը պետք է արգելվի Դաշնագրի 20-րդ հոդվածի կամ Կոնվենցիայի 17-րդ հոդվածի հիմքով։ Իսկ եթե տեսանյութը հրապարակվում է հանրային իրազեկման նպատակով, այն պետք է ներառվի ազատ խոսքի պաշտպանության տակ, և դրա շրջանակում մրցակցող լեգիտիմ իրավունքներն ու շահերը (որոնք են տեղեկություններ ու գաղափարներ տարածելու օգտատերերի իրավունքը, ռազմագերիների անձնական կյանքի հարգման իրավունքը և տեղեկություններ ու գաղափարների ստանալու հանրային շահը) պետք է փոխհավասարակշռվեն՝ Դաշնագրի 19-րդ հոդվածի կամ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիմքով։
«Մետա»-ի ներկայացրած դեպքում տեսանյութը վերաբերում է ռազմագերիներին, որոնք չեն հայրենադարձվել 2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողությունների ավարտից հետո, նրանց նկատմամբ կատարվել են պատերազմական հանցագործություններ, մարդու հիմնարար իրավունքների խախտումներ, նրանք գտնվում են անազատության մեջ, իսկ շատերի ճակատագիրը մնում է անհայտ։ Նման հանգամանքներում սոցիալական ցանցերում ռազմագերիների վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը դառնում է ռազմագերիների իրավունքների պաշտպանության, միջազգային հանցագործությունների բացահայտման իրավաչափ միջոց։ Հենց այս լույսի ներքո պետք է գնահատել «Մետա»-ի հարցն այն մասին, թե որն է սոցիալական ցանցերում ռազմագերիներին պատկերող կոնտենտի հրապարակումը թույլատրելու հանրային հետաքրքրության պոտենցիալ արժեքը և վնասը։
Խորհուրդը գտնում է, որ այն դեպքում, երբ ռազմագերին չի հայրենադարձվել (ռազմական ակտիվ գործողությունների ավարտից հետո ողջամիտ ժամկետում, ինչպես պահանջվում է միջազգային մարդասիրական իրավունքով), երբ դեռ շարունակում է անօրինական կերպով պահվել զինված հակամարտությանը մասնակից պետության տարածքում` զրկված լինելով մարդու հիմնարար իրավունքների երաշխիքներից, երբ առկա են հիմքեր, որ նա ենթարկվել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, որ նրա կյանքը վտանգի տակ է և, վերջապես, երբ նրա գտնվելու վայրն անհայտ է, ու նա համարվում է անհետ կորած, նման տեսանյութերը հրապարակելու հանրային շահը գերակայում է ռազմագերու անձնական կյանքի հարգման իրավունքին, քանի որ դա բխում է միջազգային հանցագործությունները բացահայտելու ու պատժելու հանրային շահից, ինչպես նաև կարող է բխել նույն ռազմագերու ու նրա հարազատների իրավական պաշտպանության շահերից։ Նման հանգամանքում ազատ արտահայտվելու իրավունքը ծառայում է ոչ միայն տեղեկություններ ստանալու իրավունքին, այլ նաև հանդիսանում է իրավական պաշտպանության արդյունավետ միջոց։ Այս առումով ռազմագերու կամ նրա հարազատների համար կարող է անիմաստ լինել տեսանյութի հանրայնացման ուղղությամբ սահմանափակումներ կիրառելը, եթե ռազմագերու կյանքը վտանգի տակ է, եթե նա ենթարկվում է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի կամ, առավել ևս, համարվում է անհետ կորած։
Ինչ վերաբերում է նման տեսանյութերի նշանակությանը՝ որպես հանցագործության ապացույց, ապա այս առումով Խորհուրդը նկատում է, որ Հայաստանի Հանրապետությունը հարուցել է մի շարք իրավական գործընթացներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի կողմից 2020-2021 թվականների ընթացքում պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դրվագների հիմքով, որոնց մի մասը վերաբերում է ռազմագերիների հրապարակային գնդակահարություններին, խոշտանգումներին, ինչպես նաև անհետացումներին։ Ադրբեջանը հետևողականորեն ժխտում է այդ հանցագործությունները, որն ավելի է բարդացնում այն ռազմագերիների վիճակը, որոնք դեռ ողջ են, կամ այն ռազմագերիների մասունքները հայտնաբերելու հնարավորությունը, որոնք, ամենայն հավանականությամբ, այլևս ողջ չեն։
Հայտնի է, որ դատական գործընթացներում վճռորոշ նշանակություն ունեն ապացույցները։ Միջազգային դատարանները սահմանել են դիմումների ընդունելիության բարձր նշաձողեր և հետևողականորեն մերժում են ընդունել այն գանգատները, որոնցում դիմումատուները չեն ներկայացրել առերևույթ ապացույցներ։ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած գանգատներում սոցիալական ցանցերից ստացված տեսանյութերն էական ապացուցողական նշանակություն են ունեցել մի քանի տասնյակ դիմումների ընդունելիության փուլերի հաղթահարման համար։ Ընդունվել են հենց այն դիմումները, որոնցում ներկայացված ապացույցները պարունակել են ռազմագերիների անհատականացման բավարար տվյալներ՝ հիմնականում տեսանյութերի տեսքով։ Եթե չլինեին սոցիալական ցանցերում հրապարակված այդ նյութերը, շատ ռազմագերիների համար ներկայացված դիմումներն անընդունելի կհամարվեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի կողմից՝ ապացույցների ընդունելիության ձևական պահանջները չբավարարելու հիմքով։
Հետևաբար, անհերքելի փաստ է, որ այդ գործերով ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ սոցիալական ցանցերից ստացված տեսանյութերը ծառայել են նրանց շահերի պաշտպանության համար, ու դա արվել է այնպիսի հանգամանքում, երբ սպառված են եղել նրանց պաշտպանելու որևէ այլ իրավական, կիսաիրավական կամ արտաիրավական բոլոր միջոցները։ Այսպիսով, անկասկած, տեսանյութերը տարածելու անհրաժեշտությունը բխել է և՛ ռազմագերիների ու նրանց հարազատների շահերից, և՛ նման միջազգային հանցագործությունները պատժելու հանրային շահից։
Նույն լույսի ներքո պետք է դիտարկել նաև հարցը, թե արդյոք «Մետա»-ն պետք է պահպանի տեսանյութերը, թե ոչ։ Հաշվի առնելով հարուցված դատավարություններում դրանց ապացուցողական նշանակությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ դրանք հրապարակվել են չեզոք տիրույթում՝ սոցիալական ցանցում, որը կախվածության մեջ չի գտնվում դատավարության մասնակիցներից, այդ հանգամանքները բարձրացնում են նման տեսանյութերի ապացուցողական նշանակությունը, ինչպես նաև դրանց օբյեկտիվության, արժանահավատության և անաչառության նկատմամբ վստահությունը։
Ինչ վերաբերում է «Մետա»-ի հարցին, թե ինչպես պետք է սոցիալական ցանցերը մոդերացնեն ռազմագերիներին պատկերող կոնտենտը, Խորհուրդը, հաշվի առնելով վերոնշյալը, գտնում է, որ, նախ կոնտենտը պետք է մոդերացնել այնպես, որ չունենա ատելության խոսքի հատկանիշներ։ Օրինակ, եթե կոնտենտն ուղեկցվում է ատելություն, թշնամություն, անհանդուրժողականություն և խտրականություն հրահրող գրառումներով, ապա դրանք պետք է հեռացվեն կամ այլ կերպ անտեսանելի դարձվեն՝ միևնույն ժամանակ պահպանելով տեսանյութը (Ի դեպ, այդ մոտեցումը համահունչ կլինի Գուանտանամոյի բանտում ռազմագերիներին խոշտանգելու լուսանկարների հրապարակման վերաբերյալ Ֆեյսբուքի` իր մոդերատորներին ուղղված հանձնարարականի հետ։ Այդ առոմով տե՛ս Ֆեյսբուքի վարժությունը իր մոդերատորների համար, որի 9-րդ պատկերի հրահանգում նշվում է, որ մոդերատորներին հրահանգվել է պատկերը հեռացնել միայն այն դեպքում, երբ այն ուղեկցվում է սադիստական գրառումներով)։ Այնուհետև պետք է նվազագույնի հասցվի ռազմագերու ինքնության մասին տվյալների հրապարակումը։
Միջազգային մարդասիրական իրավունքը սահմանում է, որ ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրասիրության առարկա (1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիա ռազմագերիների հետ վարվելակերպի մասին․ հոդված 13)։ Այս նորմը պահանջում է ձեռնարկել միջոցներ ռազմագերիների ինքնությունը չբացահայտելու ուղղությամբ։ Վերևում նշվեց, որ այս պահանջը կարող է հաղթահարվել գերակա հանրային շահի առկայությամբ, ինչպես նաև, եթե դա կարող է ծառայել ռազմագերու շահերի պաշտպանությանը։ Հետևելով այդ սկզբունքին, ինչպես նաև հաշվի առնելով, որ միջազգային մարդասիրական իրավունքը պարտավորեցնում է զինված հակամարտության մասնակից պետություններին տարածել ու փոխանակել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն, սոցիալական ցանցերը՝ իրականացնելով կոնտենտի մոդերացիայի իրենց իրավունքը, կարող են ինքնուրույն որոշել անձնական տվյալների սահմանափակման շրջանակը, եթե դա արվում է ռազմագերու իրավունքների պաշտպանության իրավաչափ նպատակով։ Որևէ այլ նպատակով ռազմագերու ինքնության բացահայտումը կհանգեցնի նրա իրավունքների անհամաչափ միջամտությանը՝ ի խախտումն միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավուքների։
Խորհուրդը կարծում է, որ «Մետա»-ի պարտավորությունները մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ ձևավորվում են հենց վերոնշյալ նպատակի շրջանակում, այն է՝ ապահովել ռազմագերու վերաբերյալ օբյեկտիվ տեղեկության հաղորդումը կոնֆլիկտի մեջ գտնվող պետությունների կողմից, ինչպես սահմանված է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայով։ Այս իմաստով սոցիալական ցանցերը կարող են մշակել ընթացակարգեր տեսանյութերի ամբողջական բովանդակության պահպանման ու «պահեստավորման» համար, ինչպես նաև դրանք դիմումատուներին տրամադրելու համար առանձին ընթացակարգեր։ Այդպիսի դիմումատուներ կարող են լինել, օրինակ, ռազմագերիների հարազատները, իրավապաշտպան կառույցները կամ քննություն կատարող պետական իրավասու մարմինները։
Ի մի բերելով վերը նշվածը՝ Տեղեկատվական վեճերի խորհուրդը գտնում է, որ առհասարակ և, մասնավորապես, տվյալ դեպքում ռազմագերիների վերաբերյալ տեսանյութի հրապարակումը՝ նրանց ինքնության բացահայտմամբ անհրաժեշտ է, քանի որ հետապնդում է այդ անձանց իրավունքների պաշտպանության, պատերազմական հանցագործությունների բացահայտման իրավաչափ նպատակներ։ Որպես հնարավոր այլընտրանք՝ այդ տեսանյութը կարելի է հրապարակել ռազմագերիների ինքնության հնարավորինս նվազագույն բացահայտմամբ` միևնույն ժամանակ պահպանելով դրա ամբողջական տարբերակը, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն տրամադրվի տուժողների իրավունքները պաշտպանող անձանց, կազմակերպություններին ու մարմիններին, ինչպես նաև պատերազմական հանցագործությունների բացահայտմամբ զբաղվող կառույցներին։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան