Ծրագրեր

Ծրագրեր

85. ՏՎԽ կարծիք. Սամվել Խարազյանն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

85. ՏՎԽ կարծիք. Սամվել Խարազյանն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի

Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝ հոկտեմբերի 31, 2022 թ.

Գործի հանգամանքները

2021 թվականի օգոստոսի 10-ին armlur.am լրատվական կայքում, ինչպես նաև «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել է «Իշխանությունը պաշտոն կտա «նախկիններից» մնացած կոռումպացված կադրերին. պրոֆեսիոնալների պակաս ունի». «Ժողովուրդ» վերնագրով հետևյալ նյութը․
««Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նախարարներին նշանակելուց հետո պետական համակարգում սկսվել է փոխնախարարների փնտրտուքը: Եղածներից ոմանք կպահպանեն իրենց պաշտոնները, բայց նոր անուններ նույնպես շրջանառվում են, չնայած որ գործող իշխանության համար այդքան էլ հեշտ չէ իրենց շարքերից պրոֆեսիոնալներ գտնելը: Դա է պատճառը, որ նրանք երբեմն դիմում են «լավ մոռացված հինը» տարբերակին: Օրինակ՝ առողջապահության համակարգից մեզ հասած տեղեկություններով՝ որպես առողջապահության փոխնախարար շրջանառվում է ոմն Սամվել Խարազյանի անունը, որը «նախկինների օրոք» երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ, և որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով (այդ թեմային «Ժողովուրդը» մի քանի անգամ անդրադարձել է)։
…. հեղափոխական իշխանությունների միակ հույսը մնացել են «նախկիններից» մնացած, բայց ոչ թե իրական պրոֆեսիոնալ, այլ կոռումպացված կադրերը»։»

Այս տեքստի հետ հրապարակվել է Սամվել Խարազյանի լուսանկարը։ Նյութը հրապարակվել է նաև armlur.am կայքի ֆեյսբուքյան էջում։

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Սամվել Խարազյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ դատարան)՝ ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության (դատական գործ թիվ ԵԴ/41539/02/21)։ Իր հայցում նա պնդել է, որ հոդվածում նշված ««նախկինների օրոք» երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ, և որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, …. հեղափոխական իշխանությունների միակ հույսը մնացել են «նախկիններից» մնացած, բայց ոչ թե իրական պրոֆեսիոնալ, այլ կոռումպացված կադրերը» արտահայտությունները զրպարտող են, որոնցով լրատվամիջոցը չհիմնավորված ու անտեղի հրապարակային հարձակում է գործել իր բարի համբավի վրա։ Հայցվորը դատարանից խնդրել է պարտավորեցնել պատասխանողին հեռացնել հրապարակումը, ներողություն խնդրել և հայցվորին տրամադրել ստորագրված ներողության տեքստը` թղթային տարբերակով, և բռնագանձել դատական ծախսերը, ներառյալ փաստաբանի վարձավճարը։

Հայցադիմումի օրինակը ստանալուց հետո, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկատվության, խմբագրությունը դիմել է Սամվել Խարազյանին, առաջարկել է մատնանշել, թե հրապարակման մեջ ինչը չի համապատասխանում իրականությանը, և հանդես գալ պատասխանով, սակայն Սամվել Խարազյանը մերժել է դա։ Բուն դատական գործի վերլուծության համար այս հանգամանքը էական չէ, թեպետ կարող էր հաշվի առնվել, եթե խմբագրությունը հայցադիմումի պատասխան կամ առարկություն ներկայացներ։ Բացի այդ, թեև լրատվամիջոցը պատշաճ ծանուցված է եղել գործի քննության մասին, չի ապահովել ներկայացուցչություն դատական նիստերին, և դրանք անցել են միայն հայցվորի մասնակցությամբ։

2022 թվականի ապրիլի 13-ին դատարանը կայացրել է վճիռ, որով մասնակի բավարարել է հայցը՝ պարտավորեցնելով պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել հայցվորից՝ նույն եղանակով, ինչպես որ կատարվել են վիրավորական արտահայտությունները։ Վերջիններս, դատարանի գնահատմամբ, զրպարտող են, քանի որ արատավորող բնույթի են ու հիմնված չեն փաստերի վրա: Վճռվել է նաև պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 150.000 դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, և 4.000 դրամ` որպես նախապես վճարված պետական տուրք:

«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն չի բողոքարկել վճիռը, և 2022թ․ մայիսի 14-ին այն մտել է ուժի մեջ ու դարձել վերջնական։ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին դատարանի կողմից տրվել է կատարողական թերթ։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը լրատվամիջոցի դրամական հաշվի վրա արգելանք է դրել, որպեսզի պատասխանող կողմն իրականացնի դատական ակտով սահմանված վճարումները։

2022 թվականի օգոստոսի 24-ին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը գրավոր դիմել է ՀՀ քննչական կոմիտե՝ խնդրելով տրամադրել տեղեկություն Սամվել Խարազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Պատասխան նամակում այդ մարմինը տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարության գրության հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հիմքով (փաստաթղթերի կեղծում), որի քննության արդյունքում Սամվել Խարազյանը ձերբակալվել է ու նրան առաջադրվել է մեղադրանք օրենսգրքի 308-րդ հոդվածի հիմքով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), որն այնուհետև վերաորակվել է ու առաջադրվել է նոր մեղադրանք 315-րդ հոդվածի հիմքով (պաշտոնեական անփութություն), սակայն հաշվի առնելով, որ նա զղջացել է կատարած հանցագործության համար և նախաքննության ընթացքում վերականգնել է պետությանը հասցված վնասը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 2016 թվականի նոյեմբերի 3-ին։
2022 թվականի օգոստոսի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել է «ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոռումպացված համակարգը շարունակում է մնալ այդպիսին նաև այսօր․ ՊՎԾ ղեկավարի նոր բացահայտումները․ «Ժողովուրդ»» նյութը՝ Սամվել Խարազյանի լուսանկարի ուղեկցությամբ։ Հրապարակման մաս է կազմում հետևյալ տեքստը․

«Հիշեցնենք, որ ՊԱԳ-ը բոլոր ժամանակներում է աչքի ընկել անբարեխիղճ եւ կոռումպացված գործունեությամբ, ինչպես նկարագրեց Պետրոսյանը: Դեռ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննվող մի քրեական գործով հունիսի 13-ին ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը սկսել է հետաքննություն՝ պարզելու, թե ինչ եղավ այս գործը»:

2022 թվականի սեպտեմբերի 22-ին Սամվել Խարազյանը նոր հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության (դատական գործ՝ թիվ ԵԴ/49958/02/22)։ Ըստ հայցվորի՝ լրատվամիջոցն արատավորել է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը՝ թիրախավորելով իրեն իբրև անբարեխիղճ և կոռումպացված գործունեություն ծավալած անձ, քանի որ ինքը «իբր կասկածվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար», սակայն դեռևս 2016 թվականին հարուցված քրեական գործը կարճվել է, և նա որևէ հանցանքի կատարման մեջ «չի կասկածվում և չի մեղադրվում»։ Հայցվորը նաև նշել է, որ թեև նյութի մեջ տեղ են գտել այլ անձանց անուններ նույնպես, բայց հրապարակվել է միայն իր լուսանկարը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ օրաթերթը դիտավորությամբ ու նպատակային թիրախավորել է հենց իրեն։ Այս հայցը հոկտեմբերի 10-ին դատարանը վերադարձրել է՝ հնարավորություն տալով վերացնել փաստաթղթերում տեղ գտած թերությունները։

Եզրահանգում

Տեղեկատվական սույն վեճը ծագել է այն բանից հետո, երբ «Ժողովուրդ» օրաթերթը 2021 թվականի օգոստոսի 10-ի իր հրապարակմամբ հաղորդել է Սամվել Խարազյանի կողմից նախկինում կատարած հանցագործության մասին և գնահատողական դատողություններ է արել նրա կոռումպացված լինելու վերաբերյալ։ Սակայն լրատվամիջոցը դա չի հիմնավորել որևէ փաստական տվյալով կամ հղում չի կատարել որևէ աղբյուրին։ Այն հանգամանքը, որ հրապարակումից մոտ մեկ տարի անց խմբագրությունը իրավասու պետական մարմնից ստացել է գրավոր ապացույց առ այն, որ Սամվել Խարազյանը ենթարկվել է քրեական հետապնդման, և որ այդ հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքով, ինչով, ըստ էության, հիմնավորվել են լրատվամիջոցի պնդումները, իրավական առումով որևէ նշանակություն չունի, քանի որ հարցը, թե արդյո՞ք լրագրողը կամ լրատվամիջոցը բարեխղճորեն է կատարել ճշմարիտ ու ստույգ տեղեկություններ տարածելու օրենքով սահմանված իր պարտականությունը, ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որոշվում է հոդվածի հրապարակման պահի դրությամբ, այլ ոչ թե «հետին հայացքով» (ծնթ.՝ EUROPAPRESS HOLDING D.O.O. – ն ընդդեմ Խորվաթիայի, թիվ 25333/06, 22/10/2009, կետ 68)։
Այս խնդիրն անհրաժեշտ է դիտարկել նաև վիճահարույց նյութի հանրային նշանակության տեսանկյունից։ Լայնորեն հայտնի է, որ լրագրողները, որպես կանոն, պարտավոր են մինչև հրապարակումը ստուգել փաստացի տվյալների ճշմարտացիութունը։ Սա օրենսդրության պահանջ է, որը սահմանված է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 9-րդ մասով (ծնթ.՝ Այս դրույթում օգտագործվում է «վիրավորելիս» կամ «զրպարտելիս» արտահայտությունները, որոնց բառացի իմաստը նշանակում է հրապարակման պահին), որը հաստատվել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով, ըստ որի «բովանդակային առումով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ»։ Միևնույն ժամանակ, վիրավորական, զրպարտող բնույթի ցանկացած տեղեկատվության աղբյուրը անընդհատ ու ձևականորեն վկայակոչելու լրագրողին ներկայացվող պահանջը, որպեսզի վերջինս ձգտի շարունակաբար ցույց տալ, որ պահպանում է հեռավորություն իր՝ որպես լրագրողի, ու հաղորդվող բովանդակության միջև, նույնպես անհամատեղելի է տեղեկություններ տարածելու լրատվամիջոցների դերակատարման հետ (ծնթ.՝ Թոման ընդդեմ Լյուքսեմբուրգի, թիվ 38432/97, ՄԻԵԴ,, 29/03/2001, կետ 64)։ Այս իմաստով նույնիսկ ասեկոսեների վրա հիմնվելը, առանձին հանգամանքներում, կարող է արդարացված լինել հանրային հետաքրքրություն ներկայացնող դեպքերի մասին լուրեր տարածելիս՝ հատկապես, եթե լրագրողը վերարտադրում է այն, «ինչի մասին խոսում են մյուսները» (ծնթ.՝ Արտահայտվելու ազատություն․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 10-րդ հոդվածի մեկնաբանության ու իմաստի մասին ուղեցույց։ Թոման Մենդել․ Իրավունքի և ժողովրդավարության կենտրոն։ Էջ 59-ում։ Տե՛ս նաև Թորգեր Թորգերսոնն ընդդեմ Իսլանդիայի, 13778/88, ՄԻԵԴ, 25/06/1992։ Կետ § 65)։
Տվյալ դեպքում օրաթերթը անդրադարձել է մի թեմայի, որի վերաբերյալ մինչ այդ ու տևական ժամանակ եղել են բազմաթիվ հրապարակումներ այլ լրատվամիջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում, ու դրանք չեն հերքվել։ Ավելին, «Ժողովուրդ»-ի պնդումը, որ տարիներ շարունակ Պետական առողջապահական գործակալության շուրջ եղել են կոռուպցիոն սկանդալներ, որ Սամվել Խարազյանը այդ իրադարձությունների ընթացքում տվյալ կառույցում զբաղեցրել է բարձր պաշտոն, և որ նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում՝ կապված կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքի հետ, չի հերքվել ՊԱԳ-ի, Սամվել Խարազյանի և այլոց կողմից, ովքեր առնչվել են այդ դեպքերին։ Ավելին, փաստը, որ Սամվել Խարազյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա կողմից պետությանը հասցված վնասը հատուցելուց հետո, հիմնավորում է լրատվամիջոցի պնդումները։ Եվ, ի վերջո, այդ ամենը հիմնավորվել է մեկ տարի անց խմբագրության կողմից ձեռք բերված պաշտոնական փաստաթղթով, որը նույնպես անհերքելի ապացույց է։
Այնքանով, որքանով խոսքը վերաբերում է հանրային կարևորություն ունեցող դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու ու տարածելու լրատվամիջոցի առաքելությանը, «Ժողովուրդ» օրաթերթը կատարել է այն, և վիճահարույց հրապարակումն էլ ծառայել է հանրային նպատակին։ Խորհուրդը սա որակում է որպես կարևոր պայման այդ նյութի իրավաչափությունը գնահատելիս՝ անկախ դրա իրավական գնահատականից։
Սակայն դատական քննության ընթացքում լրատվամիջոցը չի ձգտել պաշտպանել իր իրավունքները և դրա շրջանակում ներկայացնել իր հայտարարությունները հիմնավորող ապացույցներ։ Քաղաքացիական դատավարությունում յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ Քանի որ լրատվամիջոցը որպես պատասխանող չի մասնակցել դատական նիստերին ու չի ապահովել իրավաբանական ներկայացուցչություն, ինչպես նաև չի ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ առարկություններ, դատարանն իրավացիորեն հիմնվել է հայցվոր կողմի պնդումների և փաստարկների վրա։ Քաղաքացիական դատավարությունում սա օրենքով սահմանված կարգ է, և դատարանը չէր կարող սեփական նախաձեռնությամբ կատարել քննություն։ Այդուհանդերձ, նույնիսկ այս հանգամանքը չի նվազեցնում հրապարակված նյութի հանրային նշանակությունը։ Հետևաբար, հաշվի առնելով նաև վերը նշված եզրահանգումները, Խորհուրդը գտնում է, որ այդ նյութը պետք է գտնվի ազատ խոսքի պաշտպանության տակ։
Ինչ վերաբերում է 2022 թվականի օգոստոսի 22-ի հրապարակմանն ու դրա կապակցությամբ ներկայացված երկրորդ դատական հայցին, Խորհուրդը գտնում է, որ ՊԱԳ-ի անբարեխիղճ և կոռումպացված գործունեության ու հայցվորի՝ դրան առնչություն ունենալու մասին լրատվամիջոցի գնահատողական դատողությունները առերևույթ կամայական չեն։ Դրանք հիմնված են բավարար փաստական տվյալների վրա, որոնց վերաբերյալ, ի տարբերություն 2021 թվականի օգոստոսի 10-ի հրապարակման, խմբագրությունը վկայակոչել է արժանահավատ փաստաթուղթ՝ ստացված իրավասու պետական մարմնից։ Հատկանշական է, որ նաև Սամվել Խարազյանն այդ փաստերը չի հերքել կամ չի հակադրվել դրանց իր դատական հայցում։ Միակ վիճելի հանգամանքն այն է, որ հայցվորի նկատմամբ քրեական հետապնդման մասին փաստական տվյալը հրապարակման մեջ ներկայացվել է ներկա ժամանակով («կասկածվում են»), մինչդեռ քննչական մարմնից ստացված փաստաթղթի բովանդակությունից բխում է, որ այդ հրապարակման օրվա դրությամբ քրեական հետապնդումը դադարեցված է եղել։
Այսուհանդերձ, Խորհուրդն այդ փաստը էական չի համարում։ Հաշվի առնելով հրապարակման ամբողջ համատեքստը և, այն դիտարկելով խնդրո առարկա նախորդ նյութի ընդհանուր լույսի ներքո, այդ փաստացի տվյալի ներկայացումը, նույնիսկ եթե դա հնարավոր է ժամանակագրական առումով որակել որպես զրպարտություն, չի նվազեցնում հրապարակման հանրային նշանակությունը։ Հետևաբար՝ այն նույնպես պետք է օգտվի ազատ խոսքի պաշտպանությունից։
Քանի որ երկրորդ հայցը դատարանը վերադարձրել է՝ փաստաթղթերում տեղ գտած թերությունները վերացնելու համար, Խորհուրդը կշարունակի հետևել այս տեղեկատվական վեճի զարգացումներին և, անհրաժեշտության դեպքում, հանդես կգա նոր կարծիքով։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

Skip to content