Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝ հունիսի 30, 2022 թ.
Գործի հանգամանքները
2022 թ․ հունվարին infocom.am լրատվական կայքը դիմել է ՀՀ բոլոր նախարարություններին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2021 թվականի ընթացքում նախարարի պաշտոնը զբաղեցրած անձանց յուրաքանչյուր ամիս ստացած աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված այլ վճարների (պարգեւավճար, հավելավճար եւ այլն) մասին։ Գրավոր հարցումն ուղարկելիս՝ լրատվամիջոցը տեղյակ է եղել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք մինչև մարտի 31-ը ներկայացնում են նախորդ տարվա եկամուտների վերաբերյալ հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրում։ Թեև պահանջված տվյալները նշված ամսաթվից հասանելի կդառնային հանրության համար, այդուհանդերձ, խմբագրությունը որոշել է լուսաբանել այդ թեման ավելի շուտ եւ խնդրել է տեղեկությունները տրամադրել հունվար ամսին` գրավոր եղանակով։
12 նախարարություններից 10-ը (բացառությամբ Արտաքին գործերի եւ Շրջակա միջավայրի նախարարությունների) մերժել են լրատվամիջոցի խնդրանքը՝ պատճառաբանելով, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ նախարարները հայտարարատու անձինք են, եւ նրանց եկամուտներին ամիսներ անց հնարավոր կլինի ծանոթանալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում ներկայացված հայտարարագրերի ռեեստրում։ Ավելացնենք, որ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները տեղեկությունների տրամադրումը մերժել են՝ հղում կատարելով ՀՀ աշխատանքային օրենսգրքին առ այն, որ պահանջվող տեղեկությունը պարունակում է աշխատողի անձնական տվյալներ, որոնք առանց նրա գրավոր համաձայնության չեն կարող գործատուի կողմից փոխանցվել երրորդ անձանց։
Այդ առնչությամբ infocom.am-ը փետրվարի 16-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը (այսուհետ՝ Գործակալություն)՝ խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք 2021 թ․ Էկոնոմիկայի եւ Ֆինանսների նախարարների պաշտոնը զբաղեցրած անձանց տարեկան եկամուտների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը կհակասի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, եւ արդյո՞ք որեւէ նախարարի տարեկան եկամուտը կարող է դիտարկվել որպես անձնական կյանքի գաղտնիք համարվող տվյալ, քանի դեռ այն հրապարակելու օրենքով սահմանված ժամկետը չի լրացել։
Մայիսի 18-ին Գործակալությունը տեղեկացրել է, որ լրատվամիջոցի դիմումի հիման վրա հարուցել է վարույթ։ Ապրիլի 28-ին այդ մարմինը կայացրել է որոշում (այն տրամադրվել է խմբագրությանը), համաձայն որի՝ անձի աշխատավարձի վերաբերյալ տեղեկությունը, իսկապես, անձնական տվյալ է, որը կարող է տրամադրվել այդ տվյալի սուբյեկտի համաձայնությամբ։ Այդուհանդերձ, նման համաձայնության բացակայության դեպքում անձնական տվյալները կարող են տրամադրվել, եթե դա նախատեսված է օրենքով կամ եթե տվյալները հրապարակված են հանրամատչելի աղբյուրներում: Գործակալությունը, հղում կատարելով «Հանրային ծառայության մասին» օրենքին, նշել է, որ նախարարի աշխատավարձի չափը հանրային բնույթի տեղեկություն է, որը հրապարակվում է համապատասխան հանրային հարթակում՝ հայտարարագրերի ռեեստրում, հետևաբար, այդ տեղեկությունը գաղտնիք չէ եւ կարող է տրամադրվել նաև գրավոր կերպով՝ անկախ նախարարի համաձայնության առկայությունից։
Սույն թվականի հունիսի 9-ին Ֆինանսների նախարարությունը դիմել է Վարչական դատարան ընդդեմ Գործակալության՝ բողոքարկելով վերջինիս որոշումը։ Գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին։
Եզրակացություն
Թեև վերոնշյալ պետական մարմինները խնդիրը վերածել են միջգերատեսչական վեճի՝ դրսևորելով տարբեր մոտեցումներ օրենսդրական պահանջների նկատմամբ, Խորհուրդը համարում է, որ վեճը տեղեկատվական բնույթի է։ Լրատվամիջոցը խնդրել է նախարարություններից տրամադրել տեղեկություններ՝ դրանք հրապարակելու նպատակով։ Այդ գործողությունը պայմանավորված է կարծիքի արտահայտման ազատության և պաշտոնական տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանադրական երաշխիքներով։ Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրվում է յուրաքանչյուրի՝ առանց պետական մարմինների միջամտության տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Իսկ 51-րդ հոդվածը երաշխավորում է․ «Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:»
Հանրային բնույթի տվյալներ ստանալու լրատվամիջոցի դիմումի մերժումը պետական մարմինների կողմից տեղեկատվության ազատության իրավունքի խախտում է, եւ այդ վեճը պետք է ստանա օրինական լուծում, որը հետապնդում է իրավաչափ նպատակ և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության համար։
Քանի որ նախարարությունները հայցվող տեղեկությունը չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ նախարարի աշխատավարձի չափը անձնական տվյալ է, որը կարող է երրորդ անձանց համար մատչելի դառնալ միայն նախարարի համաձայնությամբ, նախ անդրադառնանք այս խնդրին։ Պաշտոնական տվյալների տրամադրման սահմանափակումները արտացոլված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն` պետական մարմնի կողմից տնօրինվող տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե դա 1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, 2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, 3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, 4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք, 5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
Միանգամից նշենք, որ վերոհիշյալ սահմանափակումներից 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը վերաբերելի չեն սույն գործի փաստերին։ Ուստի կանդրադառնանք առաջին երկու կետերի կիրառելիությանը։ Նախ՝ արդյո՞ք հայցվող տեղեկատվությունը գաղտնիք է պարունակում։ Այս առնչությամբ Խորհուրդը գտնում է՝ քանի որ նախարարի եկամուտները, այդ թվում՝ աշխատավարձը, ենթակա է հրապարակման «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, դրա վերաբերյալ տվյալները չեն կարող համարվել գաղտնիք՝ պետական, ծառայողական, բանկային կամ առևտրային։ Հետևաբար՝ այս առնչությամբ նախարարությունների բերած փաստարկը զուրկ է իրավական հիմքերից և ընդունելի չէ: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նախատեսելով հայտարարագրերի հրապարակման կոնկրետ վերջնաժամկետ՝ մարտի 31-ը, օրենքը չի սահմանում, որ մինչև այդ օրը հրապարակվելիք տվյալները գաղտնի են։
Անդրադառնալով նաև թվարկված սահմանափակումների 2-րդ կետին՝ պարզենք, թե արդյո՞ք նախարարի աշխատավարձի մասին տվյալներ տրամադրելը հակասում է բարձրաստիճան պաշտոնատար անձի անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին։ Այս հարցի պատասխանը տալիս են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ եւ 9-րդ հոդվածները, որոնք սահմանում են, որ անձնական տվյալը կարող է հրապարակվել անձի համաձայնությամբ, ինչպես նաև առանց նրա համաձայնության, եթե տվյալը հրապարակման ենթակա է հանրամատչելի աղբյուրում կամ եթե տվյալի հրապարակումը, անկախ անձի համաձայնությունից, նախատեսված է առանձին օրենքով։
Կոնկրետ այս դեպքում, ինչպես նշվեց, նախարարների եկամուտների մասին տեղեկությունների հրապարակման պահանջը ամրագրված է «Հանրային ծառայության մասին» օրենքում, ըստ որի՝ hայտարարատու պաշտոնատար անձինք պարտավոր են հայտարարագրեր ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը (հոդված 36), եւ դրանք հրապարակվում են հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ հանձնումից անմիջապես հետո (հոդված 42)։ Այսինքն՝ հայտարարագիր ներկայացնելը բարձրաստիճան պաշտոնյայի պարտականությունն է, անկախ նրանից, թե նա ցանկանում է դա անել, թե՝ ոչ։ Բացի այդ, նաև հայտարարագրերի հրապարակումը նախարարների կամ այլ հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկությամբ պայմանավորելը առարկայազուրկ կդարձներ հանրային ծառայության այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են հրապարակայնությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը։
Վերը նշվածի հիման վրա Խորհուրդը եզրակացնում է, որ նախարարությունների կողմից նախարարի աշխատավարձի մասին տվյալների տրամադրումը մերժելն այն պատճառաբանությամբ, որ դա անձնական տվյալ է, որը կարող է մատչելի լինել այլոց համար միայն այդ բարձրաստիճան պաշտոնյայի համաձայնությամբ, անհիմն է և չի բխում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների կարգավորումից։ Ըստ այդմ՝ անձնական տվյալի տրամադրումը (մշակումը) կարող է իրականացվել նաև առանց անձի համաձայնության, եթե այդպիսի ընթացակարգ սահմանված է օրենքով։ Իսկ, ինչպես նշվեց, «Հանրային ծառայության մասին» օրենքը նախատեսում և կարգավորում է հենց այդ ընթացակարգը։ Ինչ վերաբերում է տվյալների գաղտնիությանը, ապա Խորհուրդը գտնում է, որ նախարարների եկամուտների վերաբերյալ տվյալները գաղտնի չեն, դրանք ենթակա են հրապարակման, իսկ մինչև դրա համար օրենքով սահմանված վերջնաժամկետը այդ տվյալները պետք է տրամադրվեն ընդհանուր կարգով՝ հարցման հիման վրա։ Խորհրդի կարծիքով՝ պետական մարմինները խախտել են տեղեկատվության ազատությունը եւ լրատվամիջոցի՝ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու ու տարածելու իրավունքը, քանի որ պաշտոնական տվյալների տրամադրման մերժումը չի համապատասխանել օրենքով սահմանված հիմքերին։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան