Ծրագրեր

Ծրագրեր

75. ՏՎԽ կարծիք․ Սասուն Խաչատրյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն»  ՍՊԸ-ի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

75. ՏՎԽ կարծիք․ Սասուն Խաչատրյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի

Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝  նոյեմբերի 1, 2021թ.

Գործի հանգամանքները

2021 թվականի սեպտեմբերի 11-ին «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին պատկանող լրատվամիջոցներում՝ «Ժողովուրդ» օրաթերթում և armlur.am կայքում, հրապարակվել է «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» հոդվածը։ Այն ուղեկցվում է մի շենքի և ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի լուսանկարներով։ Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ «…«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր են հասել, որ Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի, բայց չգիտենք՝ գնելուց կամ նվեր ստանալուց հետո այն իրավաբանորեն ում անունով է գրանցված»։ Այնուհետև նշվում է․ «մենք ներկայացնում ենք շենքի լուսանկարը, որտեղ նա փաստացի ունի բնակարան, որի հասցեն Մոսֆիլմովսկի 88 է, իսկ բնակարանի համարն ու շինարարի անունը դեռ չենք հրապարակում»։ Հրապարակման մեջ տեղ է գտել նաև այսպիսի մի հայտարարություն․ «… լուրեր կան, որ Խաչատրյանի հարազատների անուններով գրանցված են բազում բնակարաններ, մեքենաներ եւ այլ անշարժ գույքեր, սակայն երեկ չհետաքրքրվեցին՝ արդյոք այդ գույքերը փաստացի Խաչատրյանինն են, բայց այլոց անուններով»:

Նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը տարածել է պաշտոնական հայտարարություն՝ հերքելով վերը նշված տեղեկությունները։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. ««Ժողովուրդ» օրաթերթը … մանիպուլյատիվ բնույթի և բամբասանքային ոճի հերթական սուտ տեղեկատվությունն է տարածել…»։ Նշելով, որ հրապարակումը «ծայրից ծայր սուտ է», ՀՔԾ-ն հորդորել է․ «․․․լրատվամիջոցին մեծահոգաբար առաջարկում ենք հերքել այն` ներողություն խնդրելով ապատեղեկատվություն տարածելու և զրպարտություն կատարելու համար: Հակառակ դեպքում` նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան»:

2021 թվականի սեպտեմբերի 24-ին Սասուն Խաչատրյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանող ընկերությանը` հրապարակայնորեն հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող զրպարտությունը և փոխհատուցել պատճառած վնասը։ Դատելով վճարված պետական տուրքի չափից (64 հազար դրամ)՝ հայցվորը ներկայացրել է 3,200,000 (երեք միլիոն երկու հարյուր հազար) դրամի փոխհատուցման պահանջ:

Սասուն Խաչատրյանը գտնում է, որ հրապարակման նշված հայտարարությունները զրպարտող են, քանի որ դրանք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը։ Մինչև դատական հայց ներկայացնելը նա անձամբ կամ փաստաբանի միջոցով ԶԼՄ-ին չի դիմել հերքում կամ պատասխան հրապարակելու պահանջով։
Հայցադիմումն ընդունվել է վարույթ, սակայն սույն փաստաթղթի պատրաստման պահին դատական նիստ դեռ չի նշանակվել (դատական գործ ԵԴ/42823/02/21):

Եզրակացություն

Մինչև հոդվածի բովանդակությանն անդրադառնալը՝ Խորհուրդը նկատում է, որ սույն տեղեկատվական վեճը լուծելու համար հայցվորը չի օգտագործել առկա արտադատական հատուցման միջոցները։ Մասնավորապես, ինչպես արդեն նշվեց, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի հիմքով նա չի դիմել լրատվամիջոցին՝ հերքման կամ պատասխանի հնարավորությունն իրագործելու պահանջով։ Ավելին՝ մինչև դատական հայց ներկայացնելը նա որևէ հրապարակային հայտարարություն չի արել հոդվածում տեղ գտած տեղեկությունները կամ տվյալները հերքելու կամ դրանց վերաբերյալ բացատրություն տալու ուղղությամբ։ Մինչդեռ՝ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ, հայցվորը հաշվետու է հանրության առջև իր վարքագծի համար, այդ թվում նաև պաշտոնի համատեղելիության վերաբերյալ ցանկացած հրապարակումների առնչությամբ։

Սրանք հանգամանքներ են, որոնք Խորհուրդը խնդրահարույց է համարում, քանի որ նման վեճերը լուծելիս դատական վարույթներին տուրք տալը լրացուցիչ բեռ ու ռիսկեր է առաջացնում լրատվամիջոցների համար, եթե դրանց զուգահեռ գոյություն ունեցող արտադատական հնարավորությունները շրջանցվում են կամ ամբողջովին չեն օգտագործվում։ Այդ մասին նշել է նաև Սահմանադրական դատարանը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1-րդ հոդվածների դրույթների` դրանց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան կիրառումը երաշխավորելու համար անհրաժեշտ է իրավակիրառական պրակտիկայում հաշվի առնել, «թե հայցվորի համբավին ու պատվին հասցրած վնասը մեղմելու համար արդյո՞ք հայցվել և օգտագործվել են արտադատական հատուցման ձևերը, այդ թվում` կամավոր կամ ինքնակարգավորման մեխանիզմները»: Այդ մեխանիզմները էապես նվազեցնում են հանրային դաշտում լրատվամիջոցների և լրագրողների գործունեության ռիսկերը, որոնց նրանք շարունակաբար բախվում են։ Այս հանգամանքը, անկասկած, պարտավոր են հաշվի առնել քաղաքական գործիչներն ու պաշտոնատար անձինք, քանի որ նրանք նույնպես ծավալում են հանրային գործունեություն։ Ուստի Խորհուրդն անընդունելի է համարում հանրային ծառայողի այնպիսի գործելակերպը, որը կարող է ընկալվել որպես զուտ անձնական նկատառումներով ուղղորդված վարքագիծ։

Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ պետական մարմինը, տվյալ դեպքում ՀՔԾ-ն, որի ղեկավարն էր Սասուն Խաչատրյանը, հանդես է եկել հոդվածի հրապարակային հերքման նախաձեռնությամբ։ Խորհուրդը նախկինում արտահայտել է դիրքորոշում առ այն, որ վիրավորանքի կամ զրպարտության հիմքով վեճերը մասնավոր բնույթի հարաբերություններ են, որտեղ պետական մարմինը դերակատարում չունի։ Բացի այդ, պետական մարմնի ներգրավումը վարչական ռեսուրսի օգտագործում է, որի արդյունքում լրատվամիջոցը հայտնվում է անհավասար պայմաններում, հետևաբար՝ նման միջամտությունը պետք է բացառվի (Տե՛ս ՏՎԽ-74 որոշումը)։ Խորհուրդը կարճ ժամանակահատվածում արդեն երկրորդ անգամ է անդրադառնում այդ երևույթին, ինչը ցույց է տալիս, որ այն, հնարավոր է, համակարգային բնույթ ունի։ Առաջիկայում տվյալ խնդիրը ՏՎԽ-ի հատուկ ուշադրությանն է արժանանալու։

Խորհուրդը նաև նկատում է, որ հայցվորը ֆինանսական հատուցման իր պահանջի բավարարման դեպքում պատրաստվում է գումարը «բարեգործական նպատակով ամբողջությամբ ուղղել պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինվորների վերականգնողական կենտրոնին»: Ելնելով դատավարության կանոններից, դրամական փոխհատուցման պահանջը պետք է ներկայացվի այն դեպքում, երբ դա պայմանավորված է իրական վնասի հատուցման անհրաժեշտությամբ։ Մինչդեռ՝ հայցվորի վերոհիշյալ մտադրությունը կասկածի տակ է դնում վնասի իրական լինելը։ Բացի այդ, լրատվամիջոցը չի կարող իր հաշվին կրել այլ անձի բարեգործություն կատարելու բեռըu (Հասանելի է հետևյալ հղումով․ https://civic.am/law/15759–.html?fbclid=IwAR0KZWg_GFYkhj2mXHKTheJbgH25gT7V6ofOvrHAUVMcWmmumD3Wpqbu1jA):։

Միևնույն ժամանակ, եթե անդրադառնանք հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները լուսաբանելու ԶԼՄ-ների իրավունքին, ապա այն ենթակա է նախապայմանին, որ «լրագրողները գործում են բարեխղճորեն` տրամադրելու համար ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն` լրագրողական էթիկայի նորմերին համապատասխան» (Bladet Trօmsօ-ն և Stensaas-ը ընդդեմ Նորվեգիայի, 1999թ. մայիսի 20-ի վճիռ, կետ 62)։ Եվրոպական դատարանի այս դիրքորոշումը արտահայտված է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում, համաձայն որի՝ փաստացի տվյալները հրապարակելը զրպարտություն չէ, եթե «դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները»: Էթիկական սկզբունքներ պարունակող այս օրենսդրական դրույթներին անդրադարձ է եղել նաև Խորհրդի նախորդ՝ թիվ 74-րդ կարծիքի մեջ, և դրանք կիրառելի են նաև սույն գործի հանգամանքների նկատմամբ։

Տվյալ դեպքում Խորհուրդը գտնում է, որ թեև հեղինակը բարձրաձայնել է հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմայի մասին, սակայն բավարար միջոցներ չի ձեռնարկել փաստերը ստուգելու, նյութը հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացնելու համար։ Սա հատկապես կարևոր է այն տեսանկյունից, որ լրագրողը բարձրացրել է պաշտոնի անհամատեղելիության, ընդհուպ մինչև քրեորեն հետապնդելի արարքների մասին հարցեր, որոնք կարող էին լուրջ հետևանքներ ունենալ պաշտոնատար անձի համար։

Բացառությամբ շենքի լուսանկարի, հեղինակը չի վկայակոչել որևէ այլ աղբյուր՝ հիմնավորելու համար իր պնդումներն առ այն, որ պաշտոնատար անձը Մոսկվայում ունի բնակարան կամ որ Հայաստանում ունի գույքի այլ միավորներ («բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր»)՝ գրանցված իր ազգականների անուններով։ Ինչ վերաբերում է շենքի լուսանկարին, թեև նյութի մատուցման եղանակը բացառապես լրագրողի որոշման առարկան է, և նույնիսկ դատարանները չեն կարող նրան պարտադրել, թե տվյալ նյութն ինչ եղանակով է նպատակահարմար տարածել (Ջերսիլդն ընդդեմ Դանիայի, թիվ 15890/89, 23/09/1994, կետ 31), սակայն այստեղ խնդրո առարկա հարցը ոչ թե հրապարակման ֆորմատն է, այլ այն, թե արդյո՞ք շենքի լուսանկար ու հասցե ներկայացնելը, առանց սեփականության անհատականացման վերաբերյալ տվյալների, ինքնին կարող է բավարարել տեղեկատվության «վստահելիության» և «ճշգրտության» անհրաժեշտ նվազագույն շեմը՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի իմաստով։ Օրենսդիրը չի սահմանել նշված երկու հասկացությունների որևէ նշաձող, թողնելով, որ յուրաքանչյուր դեպքում որոշումը կայացվի առկա հանգամանքների լույսի ներքո։ Այդուհանդերձ, սահմանված է սկզբունք առ այն, որ տեղեկատվությունը պետք է ներկայացվի բարեխղճորեն ու հավասարակշռված։ Այդպիսով օրենսդրական պահանջը փոխհատվել է լրագրողական էթիկայի հայտնի սկզբունքների հետ։

Նշված էթիկական սկզբունքներից է բխում նաև վերոհիշյալ օրենսդրական պահանջն առ այն, որ փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձը պարտավոր է ապացուցել, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու համար ներկայացված տվյալների ճշմարտությունը և հիմնավորվածությունը։ Մինչդեռ՝ հոդվածի բովանդակությունը չի հուշում, որ նման միջոցներ ձեռնարկվել են։ Նյութը գրեթե ամբողջությամբ կառուցված է ասեկոսեների, ենթադրությունների և մտահանգումների վրա։ Նույնիսկ ակնարկը, թե խմբագրությունը կարող է հրապարակել բնակարանի համարը և շինարարի անունը, փաստական տվյալի հիմնավորվածությունը և ճշմարտությունը պարզելու ուղղությամբ հեղինակի գործադրած ջանքերը հիմնավորող կամ ապացուցող հայտարարություն չէ։ Ընդհակառակը, հոդվածում այդ տվյալները ներկայացնելը կարող էր ցրել կասկածներն առ այն, որ հեղինակն իրավամբ գործադրել է ջանքեր փաստերը ստուգելու և ճշտելու ուղղությամբ։

Ի մի բերելով վերը նշվածը՝ Խորհուրդը գտնում է, որ հոդվածը չի բավարարում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջներին։

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան
 

Skip to content