Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝ օգոստոսի 26, 2021թ.
Գործի հանգամանքները
2020 թվականի հուլիսի 20-ին «Իրավունք Մեդիա» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը ներկայացրել է դատական հայց՝ ընդդեմ Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության և դրա մամլո խոսնակ Արմեն Լուսյանի։ Դատական հայցը ներկայացվել է կազմակերպության ֆեյսբուքյան էջում տարածված գրառումների համար:
«Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) իրականացնում է լրատվական գործունեություն «Իրավունք» թերթի և iravunk.am կայքի միջոցով։ Ընկերությունը դատական հայցով պահանջել է պարտավորեցնել կազմակերպությանը և խոսնակ Արմեն Լուսյանին հրապարակավ ներողություն խնդրել, հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և բռնագանձել փոխհատուցում՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով։ Ըստ հայցվորի՝ կազմակերպությունը և Արմեն Լուսյանը վիրավորել ու զրպարտել են ընկերությանը՝ դրանով արատավորելով վերջինիս գործարար համբավը։
Հայցվորը վիրավորական է դիտարկել հետեւյալ արտահայտությունները․
«Իրավունք աղանդավորական կայք», «Բարոյազուրկ», «Ստախոս», «Խղճուկ կայք», «Սադրիչ», «Ամոթ ու բարոյականություն կորցրած կայք», «ամոթ չունեցող», «մեղկ», «մերկ» բառերն ու արտահայտությունները։
Հայցվորը որպես զրպարտող բնույթի արտահայտություններ է դիտարկել հետևյալ նախադասությունները՝ գտնելով, որ դրանք վերագրվել են կազմակերպությանը։
- Բարոյազուրկ և ստախոս գործունեությամբ հայտնի «Իրավունք» աղանդավորական կայքը հերթական սուտն է տպել «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու և հովիվ Արթուր Սիմոնյանի վերաբերյալ։
- Արթուր Սիմոնյանի նկարն էլ դրել էիք, որովհետև գիտեիք, որ իրեն ճանաչողները շատ են, կտեսնեն, կկարդան, ձեր խղճուկ կայքի համար դիտում կապահովեն։
- Ձեր պատվիրատու “պապաները” գոնե բա՞րձր են գնահատում ձեր հորինած սցենարները։ Այդպես էլ չաճեցիք, մնացիք նույն սադրիչը։
- Բայց դուք նույնիսկ ամեն ամոթ և բարոյականություն կորցրած` ընդունակ եղաք շահարկել մի թանկ անձնավորության՝ կորոնավիրուսով պայմանավորված մահը։
- Դուք սրբություն, արժանապատվություն ընդհանրապես չունե՞ք։
- Ձեր պիղծ շահի, փողի, դիտումների համար էլ ինչերի՞ եք պատրաստ։
Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությունն ընթացքի մեջ է։
Եզրակացություն
Տվյալ դեպքում տեղեկատվական վեճը հարուցվել է ոչ թե լրատվական գործունեություն իրականացնող ընկերության դեմ, այլ այդպիսի ընկերության կողմից՝ ընդդեմ իրավաբանական և ֆիզիկական անձանց: Թեև ՏՎԽ-ն հիմնականում քննել է ԶԼՄ-ների կամ լրագրողների դեմ հարուցված տեղեկատվական վեճեր, Խորհուրդը միևնույն ժամանակ կաշկանդված չէ, ելնելով իր նպատակներից, հայտնելու կարծիք լրատվական գործունեություն իրականացնող ընկերության կողմից հարուցված վեճի կապակցությամբ, եթե դա տեղեկատվական բնույթի է։ Իսկ որ սույն վեճն այդպիսին է, ՏՎԽ-ն վստահ է, քանի որ լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունը դիմել է դատարան՝ իրեն վերաբերող հրապարակային գնահատականների առնչությամբ, որոնք հայցվորը որակել է որպես գործարար համբավն արատավորող։ Այսինքն՝ վեճը կապված է տեղեկություններ ու գաղափարներ տարածելու ազատության իրավունքի և վիրավորանքի ու զրպարտության անթույլատրելիության հետ։
Խորհուրդն արձանագրում է, որ գործածված արտահայտություններն իրենց բնույթով գնահատող-դատողություններ են։ Այդպիսին է, օրինակ, լրատվամիջոցին հասցեագրված հետևյալ հայտարարությունը. «Այդպես էլ չաճեցիք, մնացիք նույն սադրիչը»։ Սա ոչ այլ ինչ է, քան ԶԼՄ-ի գործունեությանը տրված գնահատական, այլ ոչ թե փաստացի տվյալ։ Նույն կերպ պետք է վերաբերվել նաև մնացած արտահայտություններին։ Դրանք կարող են որակվել ոչ թե որպես զրպարտություն, այլ վիրավորանք՝ ըստ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի։
Որպես այդպիսին, գնահատող դատողությունները ենթակա չեն ապացուցման(ՍԴՈ-997: Տե՛ս կետ 10, պարբերություն 7)։ Այդուհանդերձ, դրանք բացարձակորեն պաշտպանված չեն ազատ խոսքի իրավունքով և պահանջում են որոշակի փաստական հիմքերի, հանգամանքների առկայություն, հակառակ դեպքում արտահայտվելու այդ յուրահատուկ եղանակը կչարաշահվի, կհանգեցնի խոսքի ազատության իրավունքի խախտման։ Հաշվի առնելով դա՝ Խորհուրդը ստորև կներկայացնի նաև հրապարակային հայտարարության համատեքստը։
Տվյալ դեպքում հեղինակի քննադատական խոսքերն ուղղված են լրատվական գործունեություն իրականացնող ընկերությանը, այլ ոչ թե ֆիզիկական անձին։ Կրոնական կազմակերպությունը քննադատել է իրավաբանական անձի լրատվական քաղաքականությունը։ Խորհուրդը նկատում է, որ iravunk.com լրատվամիջոցը տարիներ շարունակ թիրախավորել է այս կրոնական կազմակերպությանը՝ տարածելով վերջինիս նկատմամբ անհանդուրժողականություն, խտրականություն, ատելություն և նույնիսկ թշնամություն հրահրող հրապարակային խոսք։ Այդ մասին նշվում է պատասխանող կողմի առարկությունների մեջ, որը ներկայացվել է դատարան։ Վկայակոչել է առնվազն 23 հոդված, որոնցում կազմակերպության հասցեին հետևողականորեն տեղ են գտել անհանդուրժողականության և խտրականության հրապարակային հայտարարություններ, կոչեր, գնահատականներ, որոնք հրահրում էին կազմակերպության և նրա անդամների նկատմամբ թշնամանք և ատելություն՝ պայմանավորված բացառապես նրանց կրոնական համոզմունքներով։ Խորհուրդը, իր հերթին, մի քանի անգամ անդրադարձել է լրատվամիջոցի նշված գործելակերպին՝ նախկինում հրապարակված իր կարծիքներում։ Դրան անդրադարձել են նաև միջազգային մի շարք կազմակերպություններ՝ իրենց տարբեր զեկույցներում և ուսումնասիրություններում։ Ուստի, վիճահարույց հայտարարությունները գնահատելիս, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այդ համատեքստը, որը բացահայտում է դրդապատճառը, մտադրությունը և դիտավորությունը։
Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշման՝ վիրավորանքի առկա սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով։ Արտահայտությունը չի կարող որպես վիրավորանք որակվել, եթե այն ունի որոշակի փաստական հիմք: Այսինքն, ոչ թե պետք է վիրավորանք համարել գնահատողական դատողությունը, այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը: Այն ենթադրում է դիտավորություն, կանխամտածված գործողություն, ոտնձգություն անձի արժանապատվության նկատմամբ: Մինչդեռ գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետևություն է (ՍԴՈ-997, տե՛ս կետ և, պարբ․ 10-11)։
Խորհուրդը գտնում է, որ վիճահարույց արտահայտությունները, այդ թվում նաև՝ հարցապնդումները, կրոնական կազմակերպության կողմից լրատվամիջոցի քաղաքականության հրապարակային գնահատականն է՝ արված առանց լրատվամիջոցի գործարար համբավը արատավորելու, կանխամտածված դիտավորության։ Այդ արտահայտությունները ԶԼՄ-ի կողմից խտրականություն և անհանդուրժողականություն քարոզող նյութերի տարածման իրավաչափության վերլուծության արդյունքում արված հետևություններ են։
Խորհուրդը նաև նկատում է, որ արտահայտություններից մեկում հեղինակը վրդովմունք է հայտնել մահացած անձի կերպարը շահարկող նույն լրատվամիջոցում նախկինում հրապարակված հոդվածի առնչությամբ, ինչը հեղինակը, այդուհանդերձ, կատարել է զսպվածությամբ՝ առանց վիրավորանքի։ Թեև որոշ արտահայտություններ սուր քննադատական համեմատություններ ու մտքեր են պարունակում և, արդյունքում, կարող են ցնցել ու անհանգստություն պատճառել հասցեատիրոջը, սակայն լայնորեն հայտնի է, որ արտահայտվելու նման տեսակը նույնպես պաշտպանված է խոսքի ազատությամբ, եթե դա իր էությամբ ատելության խոսք կամ անհարկի վիրավորանք չէ։ Անհարկի վիրավորանք ասելով՝ Խորհուրդը նկատի ունի, երբ փաստերը վկայում են, որ հրապարակային վիրավորանքի համար հեղինակը չի ունեցել որևէ այլ, քան բացառապես վիրավորելու դրդապատճառ։ Մինչդեռ տվյալ դեպքում, ինչպես նշվեց, բոլոր արտահայտությունները կոնկրետ փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արված գնահատողական հետևություններ են, որոնք վուլգար արտահայտություններ չեն, բռնություն և անհանդուրժողականություն հրահրող չեն, առերևույթ կամայական չեն, փաստական հիմքերից ու համատեքստից կտրված չեն, հետևաբար՝ դրանք տեղավորվում են ազատ խոսքի ընդունելի շրջանակներում։ Խորհուրդը նաև նշում է, որ թեև քննադատական գնահատականները համեմված են սուր արտահայտություններով, դրանք ատելություն սերմանող խոսքեր, մտքեր ու գաղափարներ չեն, քանի որ բացակայում են ատելության խոսքի օբյեկտիվ հատկանիշները․ դրանք պայմանավորված չեն հայցվորի նկատմամբ կանխակալ բացասական նախապաշարմունքով՝ ընկերության անդամների կամ նրանց հարող անձանց էթնիկական, ազգային, կրոնական պատկանելիության կամ խտրականության արգելքով պաշտպանված որևէ անձնական կամ սոցիալական հատկանիշներով՝ ըստ ՀՀ սահմանադրության 29-րդ հոդվածում նշված հիմքերի։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան