Ծրագրեր

Ծրագրեր

70. ՏՎԽ կարծիք․ Մհեր Դերձյանն ընդդեմ www.armlur.am լրատվական կայքի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

70. ՏՎԽ կարծիք․ Մհեր Դերձյանն ընդդեմ www.armlur.am լրատվական կայքի

Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝ մայիսի 31, 2021թ.

Գործի հանգամանքները

2019թ. մարտի 29-ին www.armlur.am լրատվական կայքում հրապարակվել է ««Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի ղեկավարը փախել է Հայաստանից» վերնագրով հոդված։ Հեղինակը անցկացրել է լրագրողական հետաքննություն բնակարանաշինական ծրագրի ընթացքի մասին, որի արդյունքում պարզել է, որ կառուցապատման էական աշխատանքներ չեն կատարվում, և այդ համատեքստում քննադատական խոսքեր է հնչեցրել ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանի հասցեին՝ նշելով, մասնավորապես, հետևյալը․

  • «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրին, ավելի ճիշտ՝ այդ ծրագրի անվան տակ տեղի ունեցող խաբեությանը ․․․ Բացահայտված փաստերը վեր էին բոլոր սպասելիքներից. լուրջ կասկածներ կան, որ տեղի է ունենում ամենասովորական խաբեություն: ․․․ և սա ավելի քան սպասելի է, քանի որ ծրագրի ղեկավարը, վստահ լինելով, որ 2000 դրամի համար մարդիկ ոստիկանություն չեն դիմի, նման խաբեություն է մտածել»:

Մհեր Դերձյանը դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան ու խնդրել սահմանել, որ նշվածից «ծրագրի անվան տակ տեղի ունեցող խաբեություն, ամենասովորական խաբեություն, ապօրինի գործունեություն, ծրագրի ղեկավարը նման խաբեություն է մտածել» արտահայտություններն արատավորել են իր պատիվն, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Որպես փոխհատուցում նա պատասխանողից պահանջել է 3,570,000 դրամ վիրավորանքի, զրպարտության, փաստաբանի վարձատրության և նախապես վճարված պետական տուրքի համար։ Դատաքննության ընթացքում հայցվորը մասնավորեցրել է, որ վիրավորանք է համարում «խաբեություն» և «ապօրինի գործունեություն» բառերը, իսկ զրպարտություն՝ հոդվածի վերնագրում օգտագործված «փախել է Հայաստանից» արտահայտությունը:

Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժել է հայցը՝ գտնելով, որ թեև «խաբեություն», «ապօրինի գործունեություն» և «փախել է Հայաստանից» արտահայտություններն իրավամբ անձի պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող են, լրագրողն, ընդհանուր առմամբ, հայցվորի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն չի ունեցել։ Հոդվածը պայմանավորված է եղել գերակա հանրային շահով, և այն հրապարակողը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները, ու այդ առումով հոդվածը համապատասխանում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված «ողջամիտ հրապարակում» սկզբունքի պահանջներին։
Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։ Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ լրատվամիջոցը չի հիմնավորել, որ տեղեկատվության տարածումը պայմանավորված է եղել հանրային գերակա շահով, մասնավորապես, որ հասարակությունն այդ հարցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու լեգիտիմ ակնկալիք է ունեցել, որ այդ տեղեկատվության տարածումը պայմանավորված է եղել անհետաձգելի հասարակական պահանջով և հասարակությունը հետաքրքրված է եղել այդ տեղեկատվության ստացմամբ։ Դատարանը նաև նշել է, որ լրատվամիջոցը բավարար միջոցներ չի ձեռնարկել տեղեկատվության ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը ստուգելու համար։ Մասնավորապես, վերաքննիչ ատյանը եզրահանգել է, որ զուտ այն հանգամանքը, որ կառուցապատման ծրագրի վերաբերյալ լրատվամիջոցին շարունակաբար չեն ներկայացվել տվյալներ ու տեղեկություններ, չի կարող դիտարկվել որպես բավարար հիմք՝ ծրագրի ղեկավարի կողմից խաբեություն կամ ապօրինի գործունեություն իրականացնելու մասին ենթադրություններ կատարելու համար։

Եզրակացություն

Խորհուրդը գտնում է, որ վեճի առարկա հոդվածը պատրաստվել է բարեխղճորեն, լրագրողական էթիկայի սկզբունքների պահպանմամբ՝ բավարար ու արժանահավատ փաստերի հիման վրա։ Ըստ այդմ, հոդվածը համապատասխանում է «բարեխիղճ հրապարակում» սկզբունքի պահանջներին, որը լայնորեն ընդունված իրավական նորմ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի ներքո, ըստ որի՝ ճշգրիտ տեղեկություններ հաղորդելու պարտականությունը նաև լրագրողական էթիկայի պահանջ է։ Միջազգային իրավունքում այս սկզբունքը հայտնի է «ողջամիտ հրապարակում» եզրով ։

Այս եզրակացությանը Խորհուրդը եկել է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Նախ, հոդվածի բովանդակությունը հանրային հետաքրքրության առարկա է, և հանրային վերահսկողությունը քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ կարեւոր նշանակություն ունի։ Ուստի, Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, որ լրագրողը չի հիմնավորել, որ կառուցապատման ծրագրի վերաբերյալ նյութը բխում է հասարակական սուր անհրաժեշտությունից, համոզիչ չէ։

Հոդվածի հրապարակման համար լրագրողն ունեցել է բավարար փաստական հիմքեր։ Հարցազրույցների, բանավոր ու գրավոր հարցումների միջոցով նա հավաքել է տվյալներ այն մասին, որ կառուցապատման ծրագիրն արդյունավետորեն չի իրագործվում, ինչն առաջացնում է ողջամիտ կասկածներ։ Ավելին, հետաքննության արդյունքում լրագրողը պարզել է, որ իրավասու մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ կառուցապատման ծրագրի հնարավոր չարաշահումների հիմքով։ Փաստը, որ անձամբ Մհեր Դերձյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր իրականացվում, հոդվածի համատեքստում էական հանգամանք չէ։

Խորհուրդը նաև համաձայն է լրագրողի այն դիտարկման հետ, որ անհրաժեշտ է հաշվի առնել մասնագիտության հնարավորությունները։ Ի վերջո, անարդարացի կլինի յուրաքանչյուր դեպքում պահանջելը, որ լրագրողը հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ հոդված հրապարակելիս բացառապես հիմնվի արդեն աներկբայորեն հաստատված ու ապացուցված փաստերի վրա։ Ինչպես սահմանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անընդունելի է լրագրողին քննադատական դատողություններ արտահայտելու հնարավորությունից զրկելը զուտ այն պատճառով, որ նա ի վիճակի չէ ապացուցել ճշմարտությունը։ Այս կանոնը գործում է և՛ գնահատական-դատողություններ, և՛ փաստի մասին հրապարակումներ կատարելիս։ Երբ լրատվամիջոցները անդրադառնում են հանրային իրավաչափ մտահոգության առարկա հանդիսացող թեմայի, նրանք պետք է հնարավորություն ունենան հիմնվել պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալների վրա՝ առանց դրանք լրացուցիչ հետազոտելու պարտականության։ Հակառակ դեպքում, մամուլի՝ հսկող շան գործառույթը էապես կտուժի։

Խորհուրդը գտնում է, որ ողջամտության սահմաններում ձեռնարկվել են բավարար միջոցներ պարզելու խնդրո առարկայի իսկությունը, իսկ դրա վերաբերյալ ձեռք բերված տվյալները ներկայացվել են հավասարակշռված և բարեխղճորեն: Դրա մասին են վկայում, օրինակ, քրեական գործ հարուցված լինելու մասին տեղեկությունը, լրագրողի զրույցը կառուցապատման ծրագրի` Արմավիրի մարզի պատասխանատու Վան Հայրապետյանի, «Երևակ» լրատվական վերլուծական ակումբի ներկայացուցիչների հետ, լրագրողի՝ Մհեր Դերձյանի հետ կապ հաստատելու բազմաթիվ ու անհաջող փորձերը, վերջինիս խոստացած առարկությունները լրագրողին չներկայացնելը և փաստաթղթերը չհրապարակելը, ինչպես նաև իր ֆեսյբուքյան էջի ջնջումը և այլ հանգամանքներ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Խորհուրդը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները խնդրահարույց են, քանի որ սահմանում են անհամաչափ խիստ իրավական պահանջներ, որոնք վտանգում են հանրային նշանակության դեպքերի վերաբերյալ օպերատիվ ու անկաշկանդ կերպով տեղեկություններ հաղորդելու լրագրողական ազատությունը։

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

Skip to content