Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝ հունվարի 31, 2021թ.
Գործի հանգամանքները
www.econews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին ու խնդրել տրամադրել կարծիք իրեն առնչվող վեճի մասին, որի վերաբերյալ առաջին ատյանը դատարանը կայացրել է վճիռ՝ մասնակիորեն բարելավելով վիրավորանքի մասով հայցապահանջն ընդդեմ քաղաքացի Արտյոմ Վարդանյանի։ Հայցվորը գտնում է, որ դատական ակտը իրավաչափ չէ, քանի որ մերժվել է զրպարտության մասով իր պահանջը։
Մարիամ Տաշչյանի բողոքի հիմքում ընկած փաստերը հետևյալն են։ Որպես բնապահպանական հարցերով մասնագիտացված լրագրող, նա պարբերաբար հրապարակել է հոդվածներ ՀՀ կենդանական աշխարհի վերաբերյալ, մասնավորապես՝ կենդանիների առևտրի, նրանց անազատության մեջ պահելու, պահման պայմանների, որսի, որսորդական տնտեսության վարման, թափառող կենդանիների և այլ նպանատիպ թեմաների վերաբերյալ։ Մի քանի հոդվածներով անդրադարձել է «Ջամբո» ռեստորանային համալիրում պահվող կենդանիների խնդրին ու մտահոգություն հնչեցրել կենդանիներին որպես զվարճանքի առարկա դարձնելու հիմքերի ու պայմանների օրինականության մասին։ Ի պատասխան այդ հրապարակումների, ռեստորանային համալիրի տնօրեն Արտյոմ Վարդանյանը իր վերաբերյալ տարածել է վեց դրվագով հետևյալ հրապարակային արտահայտությունները Ֆեյսբուք սոցիալական ցանցում․
Առաջին դրվագ․
«- Իմ ընկերներ, տեսեք թե ինչ են գրում իմ մասին ծախու տականքները, իմ մասին և մեր «Ջամբոյի» մասին… Երեք առյուծներ սպանող Ռուբեն Խաչատրյանի պաշտպանը իր վերջին խղճուկ փորձերն է ձեռնարկում իր «գործատուին» պաշտպանելու համար: Դեբիլոիդներ, բոլորը գիտեն, որ Ջամբոյում երբեք արջեր չեն եղել և, Հայաստանում ընդհանրապես վարժեցված վագրակատու (ձեռնասուն գեպարդը) չկա։ Անհույս ծախու տականքները, բոլորիդ քիչ է մնացել»:
Երկրորդ դրվագ․
« …այնտեղ ալկոհոլ չի, ջուր է… մի լսեք այդ ուռոդներին, նրանք երեք առյուծներին սպանած Ռուբեն Խաչատրյանի վաճառված արարածներն են․․․»:
Երրորդ դրվագով Արտյոմ Վարդանյանը տեղադրել է Մարիամ Տաշչյանի լուսանկարը ու կից կատարել հետևյալ գրառումը.
…. Նայեք «սրան»․․․․․
…. Նույնը դեռահասության շրջանում….
Չորրորդ դրվագով Արտյոմ Վարդանյանը, կրկին տեղադրելով Մարիամ Տաշչյանի լուսանկարը, գրել է.
…. Հարազատներս ահա ՛՛ՍԱ՛՛ փորձում է պաշտպանել առյուծներ սպանողին՝ Ռուբեն Խաչատրյանին և արատավորել մեր Ջամբոյի անունը ;)))) Նկարին նայելով՝ ակամայից հիշեցի Պուշկինին՝ « …Այդ գիշեր թագուհին ծնեց մի երեխա, ոչ աղջիկ է, ոչ էլ տղա ․․․» )))))
Նրա առջև պետք է պանրի կտոր շպրտել, թե չէ երևում է՝ առնետը քաղցած է, տերը վատ է կերակրում :))))) Հետաքրքիր է, այժմ ինչ արժե հոգին սատանային վաճառելը?? ))))) Միթե մի կտոր պանիր?
Հինգերորդ դրվագ․
«… տո դրանք ինչ ջան…դու ինքդ էլ սաղից լավ գիտես, թե ով են դրանք ու քանիսով են վաճառվել էտ երևույթները կենդանասպանին: Ստեղ սաղ նրա թուլեքն են, վերջին ուժերից իրանց մսի կոտերի համար հաչում մարդկանց վրա…»:
Վեցերորդ դրվագով Արտյոմ Վարդանյանը «Politik.am» լրատվական կայքին տրված հարցազրույցում ասել է հետևյալը․
«…-Ռուբեն Խաչատրյանը ամեն տեղ ասումա, որ Հայաստանը թրաֆիքինգի երկիրա ինչ-որ հիմար հոդվածներա գրել տալիս, էտ իրա մանկլավիկները հիմար հոդվածներ են գրում առանց հասկանալու…. եթե տենցա թող իրավապահ մարմինները բռնեն նստացնեն, ոչ մի ապօրինի կենդանի չի կարող մտնել Հայաստան, որովհետև դա բարդա ու անիմաստ… ինչ-որ բերումա Արթուր Խաչատրյանը, դա իրա գործնա, էտ տղեն զբաղվումա կենդանիների առուվաճառքով, որը արգելված չի…
… – երեկ էլի մի հատ հոդված էին հիմար գրել, իմ անունն էլ էին շոշափել, որի համար էսա դատվելու ա էտ ԷԿՈՆՅՈՒԶ․․․ մի հատ հիմար թերթ կա, որը վստահ եմ նրա շահերնա պահում, որ իրա հետ մի հատ էլ լուսանկար էին քցել վերջերս երկու օր առաջ, մի հատ առյուծի կանգնած՝ գրել էին էթիկայից ելնելով չէինք ուզում քցեինք էտ ֆոտոն, բայց ստիպված ենք քցել……»:
(Մեջբերումներում պահպանված է բնօրինակների ուղղագրությունը)։
Նշված բոլոր դրվագներով Մարիամ Տաշչյանը դիմել է դատարան ու նշել, որ դրանք զրպարտող ու վիրավորական հայտարարություններ են, որոնք արատավորել են իր պատիվը և արժանապատվությունը։ 2020թ. հունիսի 16-ի դատական նիստի ընթացքում պատասխանողը հայտարարել է, որ հայցվորին չի համարում անկախ լրագրող, ու գտնում է, որ նա «պահում է Ռուբեն Խաչատրյանի շահերը..․»։
Որպես զրպարտող բնույթի հայտարարություններ, Մարիամ Տաշչայնը դատարանին ներկայացրել է իր դիմումի 2.1 կետում՝ վկայակոչված հետևյալ հատվածը․
Իսկ այն արտահայտությունները, որտեղ նշվել է, որ ես քաղցած և ծախու տականք եմ, դեբիլոիդ, անվանվել եմ ՛՛ՍՐԱՆ՛՛, կամ որտեղ մեջբերելով Պուշկինի հայտնի հեքիաթը՝ համեմատվել եմ անհայտ սեռի կենդանու հետ, հանդիսանում են վիրավորական արտահայտություններ, որով արատավորվել է իմ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:
Դատարանը նախ անդրադարձել է վեցերորդ դրվագով Արտյոմ Վարդանյանի հարցազրույցին և եզրահանգել, որ դրանում որևէ անդրադարձ Մարիամ Տաշչյանին չկա, իսկ ինչ վերաբերում է econews.am կայքի հասցեին հնչեցրած արտահատություններին, ապա դատարանը եզրահանգել է, որ գործով առկա չէ որևէ ապացույց հայցվորի և նշված կայքի կապի առնչությամբ:
Ավելին, դատարանը նաև եզրահանգել է, որ եթե անգամ հիմնավորվեր հայցվորի՝ econews.am-ի խմբագիրը լինելու փաստը, ապա այդ պարագայում անգամ լրատվամիջոցի հասցեին կատարված արտահայտությունների հերքման հայցով կարող էր հանդես գալ կայքի, դոմենի սեփականատերը կամ այլ օրինական հիմքերով դրանք տիրապետող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը:
Նշված հիմքերով դատարանը որոշել է, որ Մարիամ Տաշչյանը շահագրգիռ անձ չէ ու մերժել է հայցը վեցերորդ դրվագի առնչությամբ։
Մնացած հինգ դրվագներով դատարանը որոշել է, որ դրանք փաստի մասին հայտարարություններ չեն պարունակում, հետևաբար զրպարտություն չեն կարող համարվել ու այդ մասով մերժել է 2.1 կետում ձևակերպված հայցապահանջը։ Ըստ դատարանի՝ «պատասխանողի կողմից կատարված արտահատությունները ամբողջության մեջ դիտարկելու պայմաններում …. դրանք ոչ այնքան մատնանշում են կոնկրետ գործողություն՝ փաստացի տվյալ, որքան պիտակավորում են անձին, ուղղված են վերջինիս նվաստացմանը: Հետևաբար, ….. տվյալ դեպքում խոսքը ոչ թե զրպարտության, այլ վիրավորանքի մասին է»: Առաջնորդվելով այս եզրահանգմամբ, դատարանը հաստատված է համարել, որ պատասխանողը այդ հայտարարությունները կատարել է վիրավորելու դիտավորությամբ ու սահմանել է, որ նա խախտել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը՝ նրան հրապարակայնորեն վիրավորելով։ Դատարանը չի անդրադարձել լրագրողի լուսանկարը օգտագործելու փաստին, քանի որ նման պահանջ չի ներկայացվել։
Եզրահանգում
Մարիամ Տաշչյանը դիմել է դատարան որպես ֆիզիկական անձ և լրագրող։ Լրատվամիջոցը որպես ինքնուրույն դիմող հայցապահանջ չի ներկայացրել։ Դատավարական օրենքի համաձայն, հայցվորը պարտավոր է հայցում մանրամասնորեն ու հստակորեն մատնանշել, թե կոնկրետ որ արտահայտությունն է համարում վիրավորական կամ զրպարտող՝ որպես վեճի առարկա։ Եթե վեճի առարկան և՛ վիրավորականքն է, և՛ զրպարտությունը, հայցվորը պարտավոր է առանձին-առանձին նշել, թե որ արտահայտությունն է համարում վիրավորական, և որը՝ զրպարտող։ Տարընթերցումներից ու տարբեր շահարկումներից խուսափելու համար ցանկալի է, որ հայցվորները բառացիորեն մեջբերեն այդ արտահայտությունները իրենց հայցերում, այլ ոչ թե դրանք ընդհանրացված ներկայացնեն։
Տվյալ դեպքում Մարիամ Տաշչյանը իր հայցի 2.1. կետում պատասխանողի կողմից ենթադրյալ հրապարակային զրպարտությունը ձևակերպել է հետևյալ կերպ. «Ես ծախված եմ, գումարով հոդվածներ եմ գրում և պաշտպանում եմ Ռուբեն Խաչատրյանին»։ Մինչդեռ, ուսումնասիրելով գործի նյութերը՝ Խորհուրդը նկատում է, որ պատասխանողը բառացիորեն նման մտքեր չի արտահայտել։ Ամենայն հավանականությամբ, Մարիամ Տաշչյանը հայցի 2.1. կետում ընդհանրացված կերպով, իր սուբյեկտիվ ընկալմամբ վերարտադրել է պատասխանողի հրապարակային հայտարարությունների համատեքստը՝ դա ներկայացնելով որպես հայցապահանջ։ Հայցադիմումում Մարիամ Տաշչյանի հայտարարությունը, թե 2020թ.-ի հունիսի 16-ի դատական նիստի ընթացքում պատասխանողը հայտարարել է, որ իր կարծիքով Մարիամ Տաշչյանը «պահում է» Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի շահերը, նույնպես արտացոլում է Մարիամ Տաշչյանի սուբյեկտիվ ընկալումը, քանի որ գործի նյութերում բացակայում է որևէ փաստ այն մասին, որ պատասխանողը կատարել է նման հրապարակային հայտարարություն։ Բոլոր դեպքերում, պատասխանողին վերագրված խոսքերը նրա վարքագծից ու խոսքերից բխեցված ընդհանուր ենթադրություններ են, այլ ոչ փաստացի հայտարարություններ։ Մինչդեռ, դատական վարույթներում հայցապահանջներն ընդհանրացված ներկայացնելը խախտում է իրավական որոշակիությունը։ Հաշվի առնելով վերը նշվածը, Խորհուրդը գտնում է, որ դատարանի որոշումը զրպարտության մասով հայցը մերժելու մասին իրավաչափ է։
Ինչ վերաբերում է դատարանի եզրահանգմանը, որ լրատվական կայքի հասցեին հնչեցված արտահայտությունների հերքման պահանջով լրատվամիջոցի խմբագիրը շահագրգիռ անձ չէ, ու որ նման դեպքերում որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ կայքի սեփականատերը, Խորհուրդը այս մասով ևս գտնում է, որ դատարանը հանգել է օրենքից բխող իրավաչափ եզրահանգման։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան