Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Իրական շահառուների հայտարարագրմանն ընդառաջ

Փետրվարի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Առևտրարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում քննարկում Իրական շահառուների հայտարարագրման թեմայով։

2023 թ.-ի հունվարի 1-ից ՀՀ բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են բացահայտել և հայտարարագրել իրենց իրական շահառուներին։ Հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Հայտարարագիրը չներկայացնելու և ոչ պատշաճ ներկայացնելու համար սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն։

Հանդիպման նպատակն էր հնարավորություն տալ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին համատեղ քննարկելու իրական շահառուների հայտարարագրմանն առնչվող խնդիրները, ինչպես նաև հայտարարագրման ընթացակարգին առնչվող իրենց հուզող հարցերն ուղղելու հայտարարգրման գործընթացն իրականացնող ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցչին։

«Գործընթացը նոր է, տարբեր խնդիրներ կան, ու մենք, որպես բիզնես համայնքի շահերը պաշտպանող, նրանց ներկայացնող կառույց կարևորում ենք այս հանդիպումը հենց բիզնեսի կողմից հայտարարագրման գործընթացին առնչվող խնդիրները քարտեզագրելու և դրանց լուծմանն ուղղված համատեղ տարբերակներ մշակելու տեսանկյունից»,- իր ելույթում նշեց ՀՀ Առևտրարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։

Հանդիպման առաջին հատվածում ԻԱԿ-ի հետազոտող Հարություն Ծատրյանը ներկայացրեց Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացված «Իրական շահառուների հայտարարագրման ազդեցությունը մասնավոր հատվածի վրա» թեմայով հետազոտության նախագծի արդյունքները։ Հետազոտության հեղինակներ Շուշան Դոյդոյանը և Հարություն Ծատրյանը մեդիա բիզնեսի օրինակի հիման վրա քարտեզագրել են այն հիմնական խնդիրները, որոնց առնչվում է բիզնես ոլորտը ԻՇ հայտարարագրման գործընթացում և վերլուծել ԻՇ թափանցիկության վերաբերյալ իրավաբանական անձանց վերաբերմունքն ու դրա հիմնական պատճառները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների բացարձակ մեծամասնությունն առաջին անգամ է պատրաստվում իրական շահառուների հայտարարագիր ներկայացնել՝ հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղելու հայտարարագրման գործընթաց իրականացնող լիազոր մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչ Հռիփսիմե Իսկանդարյանին։

Տիկին Իսկանդարյանը ներկայացրեց հայտարարագրման ընթացակարգի փուլերը, հուշեց՝ որտեղ կարելի է գտնել թեմային առնչվող և ուղղորդող նյութեր, պատասխանեց ներկաների հարցերին։ Հայտարարագրմանն առնչվող հիմնական հարցերի պատասխանները կարելի է գտնել Պետական ռեգիստրի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։ Հայտարարագրման կարգին կարելի է ծանոթանալ նաև հատուկ այդ նպատակով պատրաստված տեսանյութ-ուղեցույցների միջոցով։

Մասնակիցներից շատերին հետաքրքրում էր ժամկետների հետ կապված խնդիրները․ նրանց մի մասն արդեն իսկ Պետռեգիստրի գործակալություն է ուղարկել լիազորագիր, սակայն դեռևս հաստատում չեն ստացել։ Տիկին Իսկանդարյանը հավաստիացրեց, որ եթե Գործակալության գերծանրաբեռնվածության պատճառով մինչև մարտի մեկը հայտարարագիր ներկայացնող կառույցները լիազորագրի հաստատում չստանան, ապա նրանց կտրամադրվի լրացուցիչ ժամանակ հայտարարագիրը ներկայացնելու համար։

Հաշվի առնելով Երևանում կազմակերպված հանդիպումներին մարզաբնակ ներկայացուցիչների մասնակցության դժվարությունները՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Գորիսի մամուլի ակումբի հետ համատեղ առաջիկայում կանցկացնի առցանց հանդիպում՝ հնարավորություն տալով հեռավոր մարզերի ներկայացուցիչներին ստանալու թեմային առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները։

Քննարկումը կազմակերպվել էր ԻԱԿ-ի կողմից իրականացվող և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիան խաթարում է Իրական շահառուների թափանցիկության զարգացումը» ծրագրի շրջանակում։

Skip to content