Տեղեկատվության Ազատություն

Տեղեկատվության Ազատություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
2023 թվականի նոյեմբերի 1-ին ԻԱԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետարանից հայցված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով։
2021 թվականի մարտի 26-ին, Մեծ Բրիտանիայում գտնվող «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի չորս քաղաքացիների անունից հայց է ներկայացրել Ստրասբուրգի դատարան՝ ադրբեջանական ուժերի կողմից Մարտունի քաղաքի մոտ հրետակոծության ժամանակ լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու համար։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

34. ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 25.04.2012 թ.-ին տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  1. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը 25.04.2012 թ.-ի դրությամբ որքա՞ն գումար է ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար:
  2. Ծախսած գումարներից որքա՞ն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը:

ՀԴԿ-ն ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: Ուստի, 16.05.2012 թ․-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցում է ուղարկել Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը, որը նույնպես մնացել է անպատասխան:

Արդյունքում, 2012 թ.-ի հուլիս 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀԴԿ-ին 5-օրյա ժամկետում տրամադրել ամբողջական տեղեկատվություն:

Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2012 թ.-ի սեպտեմբերի 18-ին: Պատասխանող կողմը դատարան չէր ներկայացել: Նիստի ժամանակ ԻԱԿ-ի ներկայացուցիչը ներկայացրեց հայցը: ԻԱԿ-ն ընդդեմ ԴՀԿ-ի դատական գործով նախնական դատական նիստն ավարտվեց, և գործն անցավ դատաքննության փուլ: Դատական հաջորդ նիստը տեղի ունեցավ 2012 թ.-ի հոկտեմբերի 30-ին: Դատարանը ավարտեց դատաքննությունը: Նշենք, որ դատարանը վճիռը պետք է հրապարակեր նոյեմբերի 13-ին, սակայն վճռի հրապարակման օրը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 12-ը: Սակայն, 2012 թ.-ի դեկտեմբերի 12-ին նույնպես դատարանը վճիռ չկայացրեց՝ տեղափոխելով վճռի հրապարակումը 2012 թ.-ի դեկտեմբերի 21-ին, ժամը 17:50-ին:

2012 թ.-ի դեկտեմբերի 21-ին դատարանը հրապարակեց իր վճիռը, որով ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի պահանջը ճանաչել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցնել Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը:

Դատական ծախսերի փոխհատուցման, մասնավորապես՝ ԻԱԿ-ի կողմից փաստաբանին վճարված վարձատրության գումարի փոխհատուցման պահանջը դատարանը բավարարեց մասնակի՝ պարտավորեցնելով պատասխանողին փոխհատուցել ԻԱԿ-ի կողմից վճարված պետական տուրքի գումարը եւ փաստաբանի վարձատրության գումարի մի մասը՝ 100.000 դրամ:

2013 թ.-ի հունվարի 21-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը բողոքարկել է Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը ՀՀ վերաքննիչ դատարան: Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2013 թ.-ի ապրիլի 17-ին, որով եւ ավարտվեց դատաքննությունը: Դատարանն իր վճիռը հրապարակեց 2013 թ.-ի մայիսի 2-ին: Դատարանը որոշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության վերաքննիչ բողոքը մերժել եւ ուժի մեջ թողնել Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` ԻԱԿ-ի օգտին կայացված վճիռը:

2013 թ.-ի մայիսի 24-ին ՀԴԿ-ն բողոքարկեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը վճռաբեկության կարգով: Սակայն, 2013 թ.-ի հունիսի 26-ին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրեց ՀԴԿ-ի վերաքննիչ բողոքը: Այսինքն, ԻԱԿ-ի օգտին կայացված` Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը մնաց ուժի մեջ, եւ ԻԱԿ-ը վերջնականապես հաղթեց այս գործը` վերականգնելով տեղեկություն ստանալու խախտված իրավունքը: Արդյունքում, ճանաչվեց ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը, իսկ ՀԴԿ-ն պետք է տրամադրի ԻԱԿ-ի պահանջած տեղեկատվությունը, ինչպես նաեւ փոխհատուցի ԻԱԿ-ի կողմից վճարված պետական տուրքի գումարը եւ փաստաբանի վարձատրության գումարը` 100.000 դրամի չափով:

Կուսակցության տրամադրած տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԻԱԿ-ի՝ 2012 թ.-ի հուլիս 2-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 21.12.2012 թ.-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության՝ 2013 թ.-ի հունվարի 21-ի վերաքննիչ բողոքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության՝ 2013 թ.-ի մայիսի 24-ի վճռաբեկ բողոքին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՀ վճռաբեկ դատարանի` 26.06.2013 թ.-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ;

Skip to content