Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Արցախահությանն ուղղված աջակցության հասարակական նախաձեռնությունները

Արմինե Հայրիյան,
Գայանե Մելքումյան

«Դժոխքի ճանապարհ». այսպես են անվանում արցախցիները Ստեփանակերտ-Հակարի կամուրջ-Կոռնիձոր ճանապարհահատվածը, որը տասնամյակներ շարունակ «Կյանքի ճանապարհն» էր՝ Արցախը Հայաստանին կապող: 

2020 թվականի պատերազմից հետո Անահիտը ստիպված էր  երկու զավակներին մենակ մեծացնել. ամուսինը զոհվել էր: Իսկ արդեն 2023-ի սեպտեմբերից հետո, ադրբեջանական նոր ագրեսիայի հետևանքով Անահիտն իր հազարավոր հայրենակիցների հետ բռնեց գաղթի ճամփան, այլընտրանք չկար: Ճանապարհն անցան երեք օրում՝ նախկին  2-3 ժամի փոխարեն: Նա մտավախություն ուներ, որ ամեն ինչ նորից սկսելու ուժ չի կարողանա գտնել:

«Դժվար էր, ծանր, բայց չեմ ուզում միայն վատը հիշել»,-պատմում է Անահիտը: Առաջին աջակցությունը հոգեբանականն էր, որ ստացավ  «Ասկերանի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության  նախաձեռնած ծրագրի շրջանակում: Անահիտին ու շատ-շատերի հաջողվեց հաղթահարել կուտակված  սթրեսը: 

Շատ կազմակերպություններ միանգամից կողմնորոշվեցին. առաջին քայլը պետք է լիներ հոգեբանական աջակցությունը:

«Խոսել, արտահայտվել, բարձրաձայնել այն ամենի մասին, ինչի միջով անցել ենք, ինչը հաղթահարել ենք, ինչն առավել խոցելի էր նման իրավիճակում, կարևոր էր հենց մասնագետների ներկայությամբ՝ մանավանդ որ արցախցի կանայք սովոր են ցավը ճնշել, զսպել զգացմունքները և ինքնուրույն վերականգնվել ճգնաժամերից հետո: Ու արտահայտած ամեն մի բառը կարծես քայլ առ քայլ թեթևացնում էր հոգիս՝ նոր լիցք հաղորդում հետագա դժվարությունները ևս պատվով հաղթահարելու համար։ Հոգեբանական վարժանքներն անհրաժեշտ էին բոլորիս՝ կյանքը նորովի ընկալելու, այն վերարժևորելու առումով։ Այն հնարավորություն տվեց գիտակցելու ամենակարևորը՝ այն, ինչ բերել է յուրաքանչյուրն իր հետ, մարդկային կյանքն է…»։

Տարբեր անհատների և հասարակական, բարեգործական կազմակերպությունների ֆինանսական ու բարոյական աջակցության արդյունքն արցախցիները զգացել են  44-օրյա պատերազմի օրերին և  պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում:  

2023 թվականի սեպտեմբերյան պատերազմն ու դրան հաջորդած բռնի տեղահանումը գոյություն ունեցող ճգնաժամն  ավելի խորացրին: Կարիքներն այնքան շատ էին ու արագ լուծում պահանջող, որ անհրաժեշտ էր ոչ միայն օպերատիվ ինքնակազմակերպվել, այլև շահառուների համար հնարավորինս մատչելի դարձնել գործող և նոր ծրագրերը:  

Արցախցիների կարիքները գնահատելու համար մշակվեցին հարցաշարեր, գործարկվեցին թեժ գծեր: Տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ իրենց պաշտոնական էջերով, մեդիայի միջոցով հասարակական, մասնավոր, անձնական աջակցության ծրագրերի ու նախաձեռնությունների մասին հայտարարություններ տարածեցին, սահմանվեցին առաջնային կարիքները:

Ինչպես և ի՞նչ ծրագրեր էին առաջարկվում

Երիտասարդ մայրիկ է Արևը, էությամբ ակտիվ ու նախաձեռնող: Ոչ պետական աջակցության ծրագրերի մասին տեղեկանալու հիմնական աղբյուրն իր համար համացանցն էր։ Համացանցում բոլոր հայտերը լրացնելուց հետո, դարձել է տարբեր ծրագրերի շահառու։ Ստացվում է` այն արցախցիները, որոնք ակտիվ չեն սոցցանցերում կամ ուշ են տեղեկանում աջակցության ծրագրերին, բայց իրականում սոցիալապես անապահով վիճակում են, զրկվում են այս կամ այն օգնությունից։ Հատկապես ավագ սերնդի մոտ է այս խնդիրը սուր:

Բայց սոցցանցերում իր ակտիվությամբ հանդերձ, Արևն էլ մի շարք անհասկանալի երևույթների հետ է առնչվել:

«Հոկտեմբերից արդեն սկսել եմ տարբեր հասարակական նախաձեռնությունների հետ կապված հայտեր լրացնել, բայց դրանց մեծ մասը այդպես էլ մնացել է այդ փուլում: Այսինքն՝ չկար հետադարձ կապ՝ հասկանալու արդյոք ընդգրկվել ենք ծրագրում, արդյոք ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, ոչ մի արձագանք: Կոնկրետ ես տեղեկանալու խնդիր չեմ ունեցել, բայց գիտեմ, որ շատերը պարզապես տեխնիկապես չէին տիրապետում այն ծրագրին, որով հայտը ներկայացված էր, ինչի պատճառով չեն դիմել: Բացի դրանից կային նաև նախաձեռնություններ, հատկապես ֆինանսական աջակցման տեսքով, որոնք չգիտես՝ ի՞նչ սկզբունքներով են ընտրել կոնկրետ ցանկերում ընդգրկված մարդկանց և դրանց մասին ոչ մի տեղ հայտարարված չէր: Դա թերևս միակ պատճառն էր արցախցիների շրջանում անարդարության զգացողության առաջացման համար: Մեր շրջապատում կային արցախցիներ, որ ամիսներով ընտանիքի բոլոր անդամների հաշվով ստանում էին քարտեր՝ սննդի ձեռքբերման նպատակով, բայց թե ինչպե՞ս էին ընտրվել, ոչ ոք չգիտեր»,-պատմեց Արևը:

Ոչ պետական, մասնավոր կամ հասարակական աջակցության ծրագրերի մեծ բազմազանությունն արցախցիների շրջանում ոգևորության ու երախտիքի զգացումի հետ մեկտեղ նաև հակասական քննարկումների պատճառ դարձավ: Ոմանք, օգտվելով տարբեր ծրագրերի շրջանակում տրամադրվող աջակցություններից, միաժամանակ սոցիալական հարթակներում կամ հանրային խմբերում իրենց դժգոհությունն են արտահայտել նվիրաբերվող այս կամ այն ապրանքի ցածրորակ լինելուց, երբեմն էլ դրանց հասանելիությունից կամ տարբեր էլեկտրոնային հայտերի՝ իրենց համար անմատչելի լինելուց:

Որպեսզի հստակեցնենք արցախցիների դժգոհությունների պատճառը՝ կապված աջակցության ծրագրերից օգտվելու հետ, որոշեցինք մեծաթիվ արցախցիներ ընդգրկող ֆեյսբուքյան խմբերից մեկում հարցում անցկացնել, թե ինչպե՞ս են տեղեկանում ոչ պետական, մասնավոր կամ հասարակական աջակցության ծրագրերի մասին:

Պարզվեց՝ որքան էլ աջակցող կազմակերպությունները կամ հիմնադրամները փորձում են առցանց հարթակների միջոցով առավել արագ ու մատչելի ձևով տարածել տեղեկությունը, միևնույն է արդյունավետ ու արդիական միջոցը շարունակում է մնալ հին ու փորձված՝ ընկեր-ծանոթ-բարեկամին տեղեկացնելու մեթոդը:

Մինչ Երևանում ապաստանած արցախցիները լուծում էին բնակարանային հարցը, մարզերում, ժամանակավոր կացարաններում տեղավորված տեղահանվածների կարիքները հասարակական կազմակերպություններն ավելի արագ էին գնահատում ու տարածում: Չուշացավ նաև արձագանքը: Մինչ օրս երևանաբնակ բռնի տեղահանված արցախցիների շրջանում դժգոհություններ կան, որ մարդասիրական օգնությունը համաչափ չի բաշխվում և մարզաբնակ իրենց հայրենակիցներն ավելի մեծ ուշադրության կենտրոնում են:

Էվելինան Ասկերանի շրջանից է բռնի տեղահանվել: Սկզբում տեղավորվել է Գյումրիում՝ ժամանակավոր կացարանում: Որևէ կազմակերպության ու անհատի չի դիմել, բայց առաջին իսկ օրից տարբեր կազմակերպություններից ստացել է սնունդ, հիգիենայի պարագաներ, տաք հագուստ և կենցաղային իրեր: Գյումրիից Երևան է տեղափոխվել հիմնական աշխատանք չգտնելու պատճառով: Երևանում տարբեր հումանիտար ծրագրերի շահառու դառնալու համար ստիպված է անձամբ գտնել դրանք ու դիմել:

Հայ օգնության միության աջակցությունը

ՀՕՄ-ն այն կազմակերպություններից է, որ Արցախում բարեսիրական, հասարակական ու մարդասիրական մի շարք ծրագրեր է իրականացնում դեռ 1992 թվականից: Կառույցն անմիջապես վերափոխեց իր ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնեց աջակցության նոր ծրագրեր՝ բռնագաղթած արցախահայությանն օգնելու համար:

 «ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության հովանավորությամբ երկու թեժ գծերի միջոցով տեղական ՀՕՄ-ի մասնաճյուղերի և մարզային կոմիտեների օգնությամբ գրանցեցինք օգնության կարոտ արցախահայ ընտանիքների տվյալները և անցանք գործնական աշխատանքի։ Ազգանվեր այս աշխատանքին օգտակար եղան Սփյուռքի՝ ՀՕՄ-ի միավորները, անհատ նվիրատուներ և բարերարներ, «Մենք ենք մեր Սարերը» հասարակական կազմակերպությունը, Թեհրանի Հայոց Թեմը», – մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը:

Մեր այն հարցին, թե ի՞նչ սկզբունքով են տրամադրում օգնությունը և ինչպե՞ս են գնահատում տարբեր սոցիալական խմբեր ներկայացնող արցախցիների կարիքները, տիկին Քեշիշյանը պարզաբանեց, որ առաջնորդվել են ինչպես ՀՕՄ-ի Հայաստանի երևանյան գրասենյակ այցելած քաղաքացիների, այնպես էլ սոցիալական ծանր վիճակում հայտնված արցախցիների անմիջական կարիքներից ելնելով:

Լուսանկարները՝ ՀՕՄ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Ջեմմա Քոչարյանի 7 հոգանոց ընտանիքն առաջիններից էր, որ ընդգրվեց ՀՕՄ-ի ծրագրում: «Ամուսինս արցախյան առաջին պատերազմում է զոհվել, երևի դրա համար են մեզ ընդգրկել այդ ցուցակում, չնայած հիմա բոլորն էլ կարիք ունեն որևէ աջակցության»:

Սեպտեմբերի 27-ին տիկին Ջեմմայի ընտանիքը տեղավորվեց Վարսեր գյուղում, հետո տեղափոխվեց Սևան քաղաք։ Տիկին Ջեմմայի խոսքով՝ ավելի լավ կլիներ եթե բարեգործական կազմակեպությունները որևէ տեղ աշխատելու հնարավորություն ստեղծեին:

«Չեմ դժգոհում, ուղղակի ուզում եմ ինքս վաստակել, մինչև ե՞րբ պետք է օգնեն»: 

62-ամյա կինը փորձում է աշխատանք գտնել, բայց չի ստացվում: Ասում է` հիմա երիտասարդներին են ավելի շատ տեղ տալիս։ Տիկին Ջեմմայի հետ համամիտ են շատ արցախցիներ: Շատ հաճախ գործատուների մերժումների պատճառ են դառնում որակավորման կամ մասնագիտական կրթության բացակայության, տարիքային սահմանափակումների գործոնները: Եթե երիտասարդները հիմնականում հարց լուծում են ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերում ընդգրկվելով, ապա միջին և ավագ տարիքի մարդիկ անկախ իրենց մասնագիտացումից ու աշխատանքային փորձից, ստիպված են կատարել ցանկացած գործ՝ ներգրավվելով հիմնականում սպասարկման ոլորտում:

Արցախցիների կարիքները համակողմանիորեն ուսումնասիրել է ՀՕՄ-ը: Տիկին Քեշիշյանի խոսքով՝ բռնագաղթած արցախահայության օժանդակության աշխատանքները կշարունակվեն «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար» կարգախոսով:

Հայ Բարեգործական ընդհանուր միության ծրագրերը

Սեպտեմբերի 19-ից հետո փոխվեցին նաև ՀԲԸՄ-ի ընթացիկ ծրագրերը: 2020 թվականից ՀԲԸՄ-ն իր գործունեությունը ծավալում էր ըստ ծագող կարիքների՝ առաջնորդվելով հրատապ արձագանքման խնդիրներով՝ մեծ թվով կամավորների մասնակցությամբ: Ներկայումս ՀԲԸՄ Հայաստանն իրականացնում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության մի շարք ծրագրեր՝ մարդասիրական, բժշկական, խորհրդատվական, կրթական, վերապատրաստման ու հմտությունների կատարելագործման և այլ բնույթի:

44-օրյա պատերազմից հետո ՀԲԸՄ-ն իրականացնում էր «Նաիրի» ճամբարը պատերազմում զոհված, վիրավորված, գերի ընկած և անհետ կորած արցախցիների երեխաների համար, հիմա՝ Արցախից բռնի տեղահանված բոլոր երեխաների համար:

«Մենք փորձեցինք արդեն գոյություն ունեցող ծրագիրը, որի շրջանակում 2020 թվականից ամեն ամառ կազմակերպում էինք մոտ 250 երեխայի համար, փոքր-ինչ վերափոխել և ընդգրկել արցախցի մայրիկներին իրենց 6-14 տարեկան զավակների հետ: Մեր ամենամեծ առավելությունն այն է, որ նրանց հետ աշխատում են հոգեբաններ: Պատահական չենք երեխաների հետ ընդգրկել նաև ծնողներին, քանի որ դեռ վաղ է նրանց իրարից բաժանել»,– մեզ հետ զրույցում նշեց ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանը:

Բավականին հագեցած ծրագիր է մշակվել մայրիկների և երեխաների երկօրյա հանգիստն արդյունավետ և օգտակար կազմակերպելու համար՝ հոգեբանական աջակցության թերապիաներ, արտթերապիա, սթրեսի կառավարման դասընթաց, ինտելեկտուալ և ակտիվ խաղեր, երեքանգամյա սնունդ և հաճելի ժամանց: 1.800 մարդ արդեն գրանցված է ծրագրում, մինչև ամառ նախատեսվում է 6 երկօրյա հանգիստ:

Արցախում գեղեցկության ոլորտի բիզնեսում արդեն որոշակի հաջողություններ էր արձանագրել Գայանեն: Դժվարություններով ստեղծվածը մի օրում կորցնելը ծանր էր նրա համար, ծանր հոգեբանական ապրումների մեջ էր տեղահանումից ի վեր: Թվում էր՝ արցախցի ուժեղ կնոջ տեսակն ի վիճակի կլինի այս անգամ էլ հաղթահարել հերթական փորձությունը, բայց գնալով սթրեսն ավելի էր խորանում: Ընկերներից տեղեկանալով ՀԲԸՄ-ի նախաձեռնության մասին՝ որոշեց ինքն էլ երեխաների հետ նոր միջավայրում, մասնագետների օգնությամբ դուրս գալ դեպրեսիվ վիճակից:

«Շատ հագեցած ճամբարային առօրյա էր: Ամեն ինչ այնպես էր կազմակերպված, որ հնարավորություն տրվեր և՛ երեխաներին ինքնադրսևորվել, ընկերների հետ ժամանցը կազմակերպել, և՛ նույն հոգեկան ապրումները, նույն հոգսերն ու մտահոգություններն ունեցող մայրիկներին փոքր-ինչ ցրվել առօրյայից, հետաքրքիր նորություններ իմանալ և մոտիվացված առաջ նայել»,-խոստովանում է Գայանեն:

ՀԲԸՄ-ի «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագիրը սկսել է ծրագրավորման անվճար դասընթացներ արցախցիների համար: Ուսուցմանը զուգահեռ մասնակիցները կսովորեն նաև մասնագիտական անգլերեն և կզարգացնեն աշխատանք գտնելու հմտությունները (գրագետ CV, գործատուի հետ հարցազրույցի նախապատրաստում, աշխատանքի տեղավորման օնլայն հարթակներից օգտվելու միջոցներ և այլն)։ Դասընթացներին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր ցանկացողները։

Այս բարեգործական միությունները տասնյակ տարիներ հայության կողքին են` անկախ քաղաքական նկատառումներից, իշխանության մոտեցումներից, ճգնաժամերի տեսակներից։

ՌեԱրմենիա

Արցախցիների մեծ մասը սկզբնական շրջանում լինելով հոգեբանական ծանր ապրումների մեջ՝ չէր կարող արագ կողմնորոշվել առցանց տիրույթում և տեղեկանալ բոլոր կազմակերպությունների, մասնավոր նախաձեռնությունների, հիմնադրամների օնլայն հարթակների մասին: Որոշ կազմակերպություններ հենց այդ ձևով փորձեցին օգտակար լինել՝ կենտրոնացնել ինֆորմացիան և համակարգել այն: Նրանց թվում էր ՌեԱրմենիան, որը 2023 թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած հերթական ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելու նպատակով հավաքագրել և կազմել է տեղեկատվական մեծ բազա, որն իր մեջ ներառում էր այն բոլոր կազմակերպությունները, նախաձեռնություններն ու անհատներին, որոնք տրամադրում էին աջակցություն տեղահանված արցախցիներին:

Ի սկզբանե դրանք դասակարգվեցին հիմնական 3 ուղղություններով՝ հումանիտար աջակցություն, հոգեբանական և բժշկական աջակցություն, կեցության ապահովում։ Եռալեզու տեղեկատվությունը կայքում թարմացվում է ամեն օր։ Նախաձեռնության հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ էր. միայն կայքի նախաձեռնության էջը սեպտեմբերից ի վեր ունեցել է ավելի քան 45.000 դիտում:

Այժմ ինտեգրման երկարաժամկետ նպատակներին ծառայելու համար ՌեԱրմենիան սկսել է նոր նախագիծ, որն արցախցի մասնագետներին հնարավորություն կտա աշխատելու մենթորների հետ հետևյալ ոլորտներում:

Արցախցի մեդիա մասնագետներին ուղղված ծրագրերը

Հայկական մեդիա հանրույթը բավական արագ ինքնակազմակերպվեց և համատեղ ջանքերով նախաձեռնեց Արցախի մեդիա համայնքի ներկայացուցիչների տվյալների հավաքագրում։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Ստեփանակերտի մամուլի ակումբը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը «Արագ արձագանքման ֆոնդ» նախաձեռնության շրջանակում փորձեցին մշակել Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողների աջակցման մեխանիզմներ, հայթայթել համապատասխան ռեսուրսներ՝ թիրախային օգնության նպատակով։ Մասնագիտական դասընթացներ, հանդիպումներ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, մասնագիտական ճամբարներ, մեդիա ոլորտի խնդիրների վերհանում. նմանատիպ ծրագրերով փորձ արվեց աջակցել արցախցի լրագրողներին։

Արմինեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայտարարությանը հանդիպեց սոցկայքերից մեկում։

«Տեսա, որ Արցախից բռնի տեղահանված լրագրողների համար դասընթացներ են կազմակերպվում։ Հոգեբանական այնպիսի վիճակում էի, որ մի կողմից ուզում էի մասնակցել, մյուս կողմից էլ նոր ծանոթություններ ու նոր հմտություններ ձեռք բերելուն դեռ պատրաստ չէի։ Որոշեցի մասնակցել՝ սկզբում դասընթացը որպես իմ գործընկեր-ընկերներին նորից տեսնելու առիթ դիտարկելով։

ԻԱԿ-ի կողմից կազմակերպված դասընթացները նոր գիտելիք տվեցին ինձ։ Ես լրագրության մեջ կիրառվող նոր գործիքների ծանոթացա։ Անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու համար, այժմ կարողանում եմ ավելի հմտորեն օգտվել բաց աղբյուրներից, ստուգել փաստերը: Իմ պատրաստած նյութերը հիմա ավելի ստույգ են։ Բացի դրանից ձեռք բերեցի նոր հմտություններ, որոնք առավելություն կարող են տալ ինձ հայկական լրատվամիջոցներում աշխատանք գտնելու հարցում», -խոստովանում է Արմինեն։

Մարտան Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի  ծրագրի՝ Մասնագիտական վերականգնողական ճամբարի պոտենցիալ շահառու դարձավ սոցցանցերի միջոցով:

«Բռնի տեղահանումից հետո հոգեբանական ծանր վիճակում էի, անգամ աշխատելու ցանկություն չունեի։ Եթե անկեղծ, սկզբում ճամբարին մասնակցելու միտք էլ չունեի, տնից դուրս գալու, մարդկանց հետ շփվելու ցանկություն ընդհանրապես չկար, բայց այն փաստը, որ նրանք այդ ամենը անում են մեզ համար ու մեզ օգնելու նպատակով՝ հաշվի առնելով ամեն մանրուք, չմասնակցել չէի կարող։ Իսկ հայտը լրացնելուց ու հաստատելուց հետո այնտեղ չգնալ ու չմասնակցել չէի կարող»,– մեզ հետ հարցազրույցում անկեղծացավ Մարտան:

Դասընթացների մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց գաղափարները վերածել նախագծերի, որոնք պետք է իրագործվեն դրամաշնորհների միջոցով։ Մարտան արդեն աշխատում է նախագծի վրա։

 «Ճամբարի ընթացքում ստացած գիտելիքը և հմտությունները, կարծում եմ, բավականին օգտակար են լինելու իմ հետագա գործունեության համար։ Հոգեբանական ավելի կայուն իրավիճակը թույլ է տալու երևույթներին և իմ շուրջը կատարվող իրադարձություններին վերաբերվել ավելի առողջ ու ավելի սթափ, քան նախկինում էր։ Ավելացնեմ, որ ճամբարը դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեզ մեդիաբովանդակություն ստեղծելու հնարավորություն է տվել։ Մեր առաջարկած ծրագիրն արժանացել է հավանության, հիմա նկարահանումների ու արտադրման գործը ընթացքի մեջ է»,– ոգևորությամբ պատմում է Մարտան:

Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնը և Հանրային Լրագրության Ակումբը իրենց ծրագրերի շահառուների շրջանում անցկացրել են նաև կարիքների գնահատում, որը ոչ միայն լրագրողների, այլև ավելի լայն շրջանակների կարիքների պատկերավոր արտացոլումն է։

Միջազգային նախաձեռնությունները

Արցախի էթնիկ զտման օրերին, երբ հազարավոր բռնի տեղահանվածներ ժամանում էին Հայաստան, տարբեր երկրների կողմից հայտարարություններ էին տարածվում բռնի տեղահանված արցախցիների հումանիտար կարիքները բավարարելու համար Հայաստանին միջազգային աջակցություն տրամադրելու մասին։ Տպավորություն էր ստեղծվում, որ բազմաթիվ երկրներ ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, այլ նաև ֆինանսական միջոցներով են աջակցում Հայաստանին։
Իսկ ինչպիսի՞ն է/էր միջազգային աջակցությունը Արցախից բռնի տեղահանվածներին։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է,

«Հայաստանին տրամադրված միջազգային աջակցության իրական թվերը պարզելու ուղղությամբ ուսումնասիրությունները հանգում են հետևյալ թվերին՝ 36,42 միլիոն եվրո և 27,38 միլիոն դոլար։ Սրանք թվեր են, որոնք ստացվել են մեդիա հրապարակումների հիման վրա։ Պետք է արձանագրել, որ այս գումարները ոչ թե տրամադրվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, այլ մեծ մասամբ հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ինչպիսիք են՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Հայկական կարմիր խաչը, ՄԱԿ֊ի տարբեր կառույցներ, «Մարդը կարիքի մեջ», Առաքելություն Հայաստան և այլն»։
Համաձայն Գեղամ Ստեփանյանի հրապարակման՝ հոկտեմբերի 14-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ միջազգային գործընկերները 35 միլիոն եվրո են խոստացել ԿԽՄԿ-ի միջոցով, դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն։
 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), միանալով ՀՀ Կառավարության 40. 000 + 10 000, ինչպես նաև 50. 000 միանվագ աջակցության ծրագրերին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, շուրջ 5 ամիս աջակցում է տեղահանված մոտ 24. 000 մարդու (ամսվա կտրվածքով)։

Ճապոնիան և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակում մեկնարկում է 2,9 մլն ԱՄՆ դոլարի նոր ծրագիր՝ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով»:

Բռնի տեղահանված արցախցիներին տարբեր բնույթի աջակցություն են ցուցաբերում նաև UNDP, World Vision Armenia, USAID ARMENIA, կազմակերպությունները, որոնց բաժանորդագրվելու դեպքում կարող եք տեղեկանալ իրականացվող ծրագրերի մասին և դառնալ շահառու:

Մեծ է նաև անհատական և մասնավոր նախաձեռնությունների թիվը, որոնց թիրախում հիմնականում արցախցի երեխաներն են՝ սոցիալական, հոգեբանական և կրթական խնդիրներով:

Թե՛ սոցիալական, թե՛ մասնագիտական ու հոգեբանական բնույթի աջակցության այս ծրագրերը, ի տարբերություն պետական աջակցության ծրագրերի, ըստ պատասխանատուների, շարունակական են լինելու։

Արցախի Մարդու իրավունքների պաաշտպանի գնահատմամբ՝ այս հարցում թափանցիկության լուրջ խնդիր կա։


Լուսնակարները՝ բաց աղբյուրներից:
Նյութը պատրաստվել է 2024թ.-ի փետրվարին: Հեղինակներն են Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրողներ Արմինե Հայրիյանը և Գայանե Մելքումյանը:
Նյութը պատրաստվել և հրապարակվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող Աջակցություն Արցախի մեդիա մասնագետներին ծրագրի շրջանակներում: Ծրագրին աջակցում է Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը (RSF) : Նյութում տեղ գտած կարծիքները և մեկնաբանությունները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ԼԱՍ (RSF) կարծիքի հետ:
© Նյութն  արտատպելու կամ օգտագործելու դեպքում ակտիվ հղումը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին պարտադիր է:
Skip to content