Նինա Հայրապետյան,
Արմինե Պետրոսյան
36 տարի առաջ փետրվարի 20-ին, ժողովրդական պայքարի արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց դիմել Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝
«խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:
1991-ի սեպտեմբերի 2-ին արդեն արցախահայությունն ընդունեց Անկախության հռչակագիրը և Արցախի Հանրապետությունը սկսեց ազգային-ազատագրական պայքար մղել հանուն իր իրավունքների և ազատության։ Տրվեց մեկնարկն այն ընթացքի, որով 2023 թվականն էինք հասել՝ ինքնորոշված, անկախ հայկական պետությամբ։
Պատմություն, անցյալ, մարդկային ճակատագրեր, հույզեր, ապրումներ և ավելի քան 30 տարվա պայքար։ Ավարտվա՞ծ, թե՞ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը
2023թ.-ի սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց, Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակեց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրի մասին լուրը.
«մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթական կազմակերպությունները և Լեռնայն Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում էիր գոյությունը»։
Ըստ հրապարակման՝ Շահրամանյանը որոշումն ընդունել է՝ հանուն Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ կենսական շահերի ապահովման։
Շատերն այս լուրն անհեթեթություն որակեցին, շատերն՝ ադրբեջանական սպառնալիքի տակ ստորագրված որոշում, մի մասն էլ հարցականի տակ դրեց նման հրամանագրի եղելությունն ու ընդհանրապես իրավական կողմը։
«Որևէ նախագահ իրավունք չունի լուծարելու ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը։ Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում», – հրամանագրի ստորագրման հաջորդ օրը՝ 2023թ սեպտեմբերի 29-ին է հայտարարել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Խնդրին բազմաթիվ փորձագետների, իրավաբանների ու քաղաքագետների հետ միասին անդրադարձել է նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, այդ պետության հիմնադիր փաստաթուղթը հանրաքվեով կայացված որոշումն է, ուստի որևէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը»,- ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել էր Դանիելյանը։
Նախագահը կամ ընդհանրապես մեկ այլ պաշտոնյա ժողովրդի կողմից կազմավորված պետությունը լուծարելու իրավասություն ունի՞, թե՞ ոչ։ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ո՛չ նախագահին, և ո՛չ էլ որևէ մեկին նման լիազորություններ վերապահված չեն։
Արդեն 2023թ․-ի հոկտեմբերի 28-ին նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ այլ տարբերակ, քան հրամանագիրն ստորագրելը չկար։ Այդ մասին նախագահը խոսեց միայն մեկ անգամ՝ Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում։
Անգամ Սամվել Շահրամանյանի հարցազրույցից հետո էլ հարցը շարունակում էր ու այսօր էլ շարունակում է մնալ օրակարգում։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պնդմամբ՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրը ոչինչ չի նշանակում։
«Չի կարող լինել այնպիսի բան, որ այս կամ այն անձի հայտարարության հիման վրա վերացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-Արցախի կորստից ամիսներ հետո հայտարարել էր Սարգսյանը։
Այն, որ մեկ անձը չի կարող լուծարել ժողովրդի հանրաքվեի միջոցով կազմավորված պետությունը մեզ հետ զրույցում նշեց նաև Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Նարեկ Սահակյանը։ Վերջինս հարցազրույց տալ չցանկացավ։
Արցախի Հանրապետությունը լուծարված չէ
Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը չհրապարակվեց անգամ այդ հրամանագրի ստորագրումից ամիսներ անց։ Ինչպես չհրապարակվեց նաև այդ հրամանագիրը չեղարկելու մասին Սամվել Շահրամայանի որոշումը։ Թեմայի վերաբերյալ ակտիվ քննարկումներ սկսեցին ծավալվել 2023թ․-ի դեկտեմբերից։ Մինչ շատերը փորձում էին հասկանալ հունվարի 1-ից Արցախի Հանրապետության լուծարման ձևերը, ԱՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի։
2024թ․-ի հունվարի 10-ին «Հրապարակ» օրաթերթը գրեց, որ նախագահ Սամվել Շահրամանյանը չեղարկել է Արցախի լուծարման մասին հրամանագիրը։ Որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, պատճենն ուղարկվել է Հայաստանի վարչապետին։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ևս հաստատում է, որ նախագահի հրամանագիրը հարկադրանքի և Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ստորագրված թուղթ էր, և այն իրավական ուժ ունենալ չի կարող։ Ըստ ՄԻՊ-ի՝ նման հրամանագրով հնարավոր չէ լուծարել Արցախի Հանրապետությունը։
«Եղել է տեղեկատվություն, սակայն այն պաշտոնապես չի հրապարակվել իրավական ակտերի համար նախատեսված պաշտոնական հարթակում, իսկ նախագահի հրամանագրերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման պահից։ Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով համաժողովրդական հանրաքվեով, իսկ այն լուծարելու իրավունք որևէ կառույց կամ անհատ ուղղակի չունի»-նշել է Գեղամ Ստեփանյանը։
Այն, որ մեկ անձը հանրապետություն լուծարելու իրավասություն չունի, հաստատում է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Վերջինս դժվարանում է ասել՝ միջազգային պրակտիկայում երբևէ գույություն ունեցե՞լ է նման փաստաթուղթ։
«Ավելի մտահոգիչ է ոչ թե այն, որ նման հրամանագիր է ստորագրվել, այլ այն, որ մենք Արցախի ժողովրդի հեռացման փաստով դեֆակտո լուծարում ենք տեսնում և եթե այդ ինստիտուտները որևէ ձևով չշարունակեն գործել, ներկայացնել արցախահայության շահերը, միջազգային տարբեր ատյաններում պնդել Արցախի ինքնորոշման իրավունքը և դա դիտարկել որպես վերադարձի պայման, ապա փաստացի կատարվածի հետևանքները վերացնելը շատ ավելի դժվար կլինի»,– մեզ հետ զրույցում նշել է Գյուլումյանը։
Ի՞նչ է ասում պաշտոնական Ստեփանակերտը
«Պայքարն ավարտված չէ, վերադարձ լինելու է»։ Արցախյան շարժման 36-ամյակի առիթով Արցախի խորհրդարանի Արդարություն խմբակցության հայտարարության հիմնական ասելիքն էր հայ ժողովրդին:
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի ուղերձը ևս վերածննդի և ոտքի կանգնելու ուղերձ էր. «Այժմ արցախաբնակ ու հայաստանաբնակ մեր քույրերն ու եղբայրները միաձուլված են Մայր Հայաստանում: Շատ կարևոր է իմաստուն և արդյունավետ կերպով օգտագործել այս հանգամանքը` ոգեշնչվելով մեր նախնիների օրինակով: Այն կարող է դառնալ ազգային վերածննդի վճռորոշ նախապայման»:
Արցախի հայաթափումից և Արցախի կորստից հետո կա՞ Արցախի հարց։ Արցախցի պաշտոնյաների համար Արցախի հարցը օրակարգում է, և այն փակված համարել չի կարելի։ Անկախ այն փաստից, որ Արցախում այսօր Ադրբեջանն է ներկայացված, այնուամենայնիվ Արցախի հարց կա, մեզ հետ զրույցում նշել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Արցախի հարց կա, որովհետև ինքնորոշման իրավունքը որևէ մեկը չի կարող չեղարկել։ Այն միջազգային իրավունք է, և եթե այսօր աշխարհը կամ արևմուտքը ընդունի, որ չկա այդ ինքնորոշման իրավունքը կամ հայտարարի կամ պահի իրեն այդ կերպ, ապա դրանով հենց մեծագույն խնդիրներն իր առջև են ծառանալու»։
Անելիքների քննարկման տեսանկյունից հայաստանյան իշխանությունների հետ շփումներ և հանդիպումներ չկան, ասում է Մետասքե Հակոբյանը։ Մերժվել է անգամ ԱՀ ԱԺ նախագահ ի պաշտոնակատարի և ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպման առաջարկը։
Հայաստանում բազմաթիվ անելիքներ ունեն արցախցի պաշտոնյաները, բայց կամ չեն գործում, կամ էլ գործում են լուռ։ Համենայն դեպս իրենց գործունեության մասին մամուլում հրապարակված քիչ տեղեկություններ կան, նաև իրենք չեն խոսում այդ մասին։ Միայն 2023թ․ նոյեմբերի 11-ին Առաջին լրատվականին տված հարցազրույցի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշել էր, որ ի տարբերություն գործադիրի, մինչև 2025-ի մայիսի 21-ը Արցախի ԱԺ-ն չի կարող լուծարվել: Արցախի Խորհրդարանը շարունակում է գործել, որովհետև Արցախի ժողովրդի քվեն ստացած միակ լեգիտիմ կառույցն է, որը պետք է շարունակի իր աշխատանքները։
«Մենք չենք կարող ինքնալուծարվել՝ ի տարբերություն կառավարությանը: Արցախի նախագահը կարող է լուծարել կառավարությունը մինչև հունվարի մեկը, բայց չի կարող լուծարել Աժ-ն, ըստ Արցախի Հանրապետության սահմանադրության՝ մենք ինքնալուծարման իրավունք չունենք», – նշել էր Թովմասյանը։
Արցախում մնացած հայերի թիվը 20 է
ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից 100 հազար 617 հայ է դուրս եկել։ Արցախը հայաթափվել է, որովհետև Ադրբեջանի տիրապետության տակ մարդիկ ապրել չէին ուզում, ուզում էին հայ մնալ։
Սակայն եղան նաև մարդիկ, որոնք որոշեցին մնալ ու ապրել Արցախում։ Նրանց առողջական վիճակի, թվի մասին դժվարանում է տեղեկություններ փոխանցել Արցախի ՄԻՊ-ը։ Գիտի միայն, որ Արցախում մնացած մարդիկ մասամբ պահվում են Ստեփանակերտի հյուրանոցներից կամ առանձնատներից մեկում, Կարմիր խաչը սնունդ է տրամադրում նրանց, սահմանափակված է Ստեփանակերտում կամ դեպի այլ համայնքներ նրանց ազատ տեղաշարժը։
«Կան տեղեկություններ, որ ադրբեջանցիները նրանցից վերցրել են հայկական անձնագրերը։ Անձը հաստատող այլ փաստաթուղթ տրամադրել են թե ոչ, ես տեղեկություններ չունեմ։ Ստեփանակերտն ու այլ համայնքներն այսօր ուրվական բնակավայրերի են վերածվել՝ զրկված իրենց իրական տերերից և բնակիչներից, և պատկերացնել կարելի է, թե ինչպիսի պայմաններում են ապրում այնտեղ մնացած մարդիկ»- մեզ հետ զրույցում նշել է Արցախի ՄԻՊ-ը։
Արցախում այս պահին իր մարդասիրական առաքելությունն է շարունակում իրականացնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։ Ինչպես հայտնում է կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին՝ Արցախում մնացած հայերի թիվը 20 է։
Ի դեպ ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքները բնակեցված չեն նաև ադրբեջանցիներով, որքան էլ դա «տարօրինակ» թվա: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ՝ օկուպացված տարածքների վերաբնակեցման ծրագիրն Ադրբեջանում շատ դանդաղ է ընթանում։ Չնայած նրան, որ այդ տարածքներում վերաբնակվելու դեպքում մարդկանց խոստանում են որոշակի արտոնություններ, այնուամենայնիվ Ադրբեջանի քաղաքացիները շահագրգռված չեն Արցախում վերաբնակեցվելու գործում։
«Իմ համոզմամբ, ադրբեջանական իշխանությունները շահագրգռված չեն բնակչության ներկայությամբ, օրինակ նույն Քարվաճառում, որովհետև այդ տարածքներն իրենք հետագայում դարձնելու են պլացդարմ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների համար, իսկ որոշ դեպքերում էլ խոսակցություններ կան այն մասին, որ այնտեղ թույլ չեն տալիս մարդկանց հող սեփականաշնորհել կամ մարդիկ համարում են, որ ապահով չի», – մեզ հետ զրույցում նշել է Տաթևիկ Հայրապետյանը։
Արցախը Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգում
«Բոլոր հարցերը գտնվում են ՀՀ կառավարության և ԱԳՆ ուշադրության կենտրոնում»,- մեր գրավոր հարցմանն այսպես են ՀՀ ԱԳՆ-ից պատասխանել: Արցախի և արցախցիների հայրենիք անվտանգ ու ապահով վերադարձի հարցերը միջազգային հարթակներում, ենթադրվում է, որ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը։ Բաց աղբյուրներից այնքան էլ հստակ չէ, թե ՀՀ կառավարությունն իր արտաքին քաղաքականության օրակարգում Արցախի հարցով ի՞նչ կոնկրետ դիրքորոշում ունի կամ իշխանությունների օրակարգում Արցախի հարց կա՞։
Չնայած, Հայաստանի արտաքին գերատեսչության հավաստմամբ, Արցախի հարցը ուշադրության կենտրոնում են պահում, սակայն, օրինակներն այլ բան են ասում. արդեն 20 օրից ավել է, ինչ նույն այս գերատեսչության պաշտոնական կայքում անհասանելի է դարձել «ԼՂ հիմնախնդիր էջը»։
Միաժամանակ «Արցախյան ազատամարտ» բաժինն արդեն 2 տարի է անհասանելի է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։ Պատասխան էլ չունեն. ՀՀ ԱԺ-ում, երբ հարց է բարձրացվում, փոխնախարարն անկեղծ պատասխանում է՝ «տեղյակ էլ չեմ ինչի մասին եք ասում»:
Ի՞նչ է ասում Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը
Արցախի մասին են խորհրդարանական ընդդիմության գրեթե բոլոր հարցազրույցներն ու բանավեճերը։ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն էլ այն կարծիքին է, որ Արցախի հարց կա։
«Այսօր յուրաքանչյուր գիտակից հայ ընդունում է, որ Արցախի հարցը չի փակվել։ Միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել Արցախի համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները՝ ուրանալով այն փաստը, որ քառորդ դարից ավելի նաև Արցախն է եղել Հայաստանի ազատության, անվտանգության երաշխավորը, և Արցախյան ազատագրական պայքարը մեր նորօրյա պատմության ամենասուրբ մաքառումն էր, ու պետք է շարունակել այն»,– մեր հարցին այսպես է պատասխանել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունում էլ համոզված են, որ եթե իրավիճակը, հատկապես Հայաստանի ներքաղաքական կյանքում, կտրուկ փոփոխությունների չենթարկվի, աստիճանաբար Արցախի հարցը դուրս է գալու օրակարգից։ Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշում է, որ խորհրդարանական ընդդիմությունը խնդրի լուծման վրա ազդեցություն կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը։ Բայց քաղաքական լուրջ գործընթացների վրա ընդդիմությունն ազդեցություն ունենալ չի կարող։ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝
«Քաղաքական որոշումները, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը և մնացած հարցերը գործող իշխանությունների տիրույթում են և այստեղ ընդդիմության դերը առաջին հերթին իշխանության ազգակործան քաղաքականության հետ կապված հարցերի մատչելի հանրության հետ երկխոսելու իրազեկելու ֆունկցիան է և իրադրության բարենպաստ դաշտի ձևավորման դեպքում երկրում քաղաքական իշխանափոխության իրականացումն է»։
Ըստ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության՝ կարևոր պայմաններից մեկը արցախահայության Արցախ վերադարձի հարցն է՝ կայուն և անվտանգ մեխանիզմներով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ պետականություն ստեղծելու հնարավորությունները շատ ավելի մեծ են, եթե հողի վրա ժողովուրդ է ապրում։
«Բոլոր ջանքերը պետք է ներդնել` ապահովելու համար Արցախի հայության վերադարձն իրենց պատմական հայրենիք։ Դրա համար, ըստ իս, անհրաժեշտ է առնվազն 3 նախապայման. Կայուն և վստահելի խաղաղապահ առաքելության ներկայությունը Արցախի Հանրապետությունում միջազգային մանդատով, կայուն և ապահով ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության հետ, և երրորդ՝ ինքնակառավարման աստիճան, որը կապահովի արցախահայության բնականոն գործունեությունը պատմական հայրենիքում»,- ամփոփում է Արթուր Խաչատրյանը։
Ի տարբերություն ՀՀ իշխանությունների՝ խորհրդարանական ընդդիմությունն ակտիվ հանդիպումների մեջ է արցախցի գործընկերների հետ: Ըստ «Հրապարակի» տեղեկությունների՝ ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խորհրդարանական չորս ուժերի ներկայացուցիչները՝ փետրվարի սկզբին Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հանդիպել են ՀՀ խորհրդարանական «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ առանձին-առանձին:
Ձևավորվել է նաեւ աշխատանքային խումբ ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների և ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք ունենում են պարբերական, գործնական քննարկումներ։
ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ ի՞նչ են ասում Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները
Արձանագրում ենք, որ Արցախի էջը փակված չէ, բայց հարցն օրակարգում պահելու կամ Արցախը նորից արցախցիներին վերադարձնելու գործում անելիք ունեն նաև գերտերությունները, տվյալ դեպքում Ղարաբաղյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը գլխավորող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա։
Ադրբեջանի նախագահ Ալիևը փետրվարի 17-ին Մյունխենում շտապել է հայտարարել, որ իբր «ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, և Ադրբեջանն ապահովել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը» և ուրեմն պետք է լուծարվի 1992-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Բարձրացված «խնդրի» վերաբերյալ ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի տեսակետն առայժմ հայտնի չէ։
Հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից որքան շատ են հնչող մտահոգ հայտարարությունները, այնքան քիչ են խնդրի կարգավորմանն ուղղված գործնական քայլերը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2023-ի սեպտեմբերին հայտարարեց, որ Արցախի հարցը փակ է և «թեման փակվել է» այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածք և նշել այդ տարածքի չափսերը։
Արդեն 2024 թվականի սկզբներին Ռուսաստանից գրեթե նույն ժամանակահատվածում իրար զուգահեռ, իրար հակասող 2 հայտարարություններ են հնչում։ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ կարևոր է պայմաններ ստեղծել արցախահայության վերադարձի համար, և Ռուսաստանն էլ պատրաստ է ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին։ Իսկ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թվարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «բոլոր առանցքային ոլորտները», և այդ հայտարարության մեջ որևէ խոսք չկա Արցախի մասին, որն առաջին եռակողմ հայտարարության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի բովանդակային անկյունաքարն էր։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ադրբեջանին Արցախում ռազմական գործողություններ իրականացնելու համար՝ պնդելով, որ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը ճիշտ է, հօգուտ Հայաստանի է։ «Ֆրանսիան Ադրբեջանի հետ խնդիրներ չունի, բայց Ադրբեջանը, կարծես, խնդիրներ ունի միջազգային իրավունքի հետ»,-հայտարարել էր Մակրոնը։
2024 թ. հունվարի 17-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը, գրեթե միաձայն, ընդունեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցող, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ և հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխիքներ պահանջող բանաձև:
Միացյալ Նահանգները Արցախում տեղի ունեցածին անդրադարձել էր 2023թ․-ի նոյեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի թեմայով կազմակերպված լսումների ժամանակ, որտեղ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛ Բրայանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները՝ պետքարտուղարի հանձնարարությամբ, համապարփակ և թափանցիկ զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ, որտեղ պետք է ներառվեն ոչ միայն ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման օրը տեղի ունեցածը, այլև դրան նախորդած ամիսների իրադարձությունները։
Վերադարձի իրավունքը կա, հնարավորությունն այս պահին՝ ոչ
2024թ․-ի հունվարի 18-ին հայտարարվեց Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ձևավորման մասին, որի աշխատանքները համակարգելու է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Խմբում ներգրավված են նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, դաշնակցականներ Մարիո Նալբանդյանը, Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը։ Մեզ հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ Հանձնախմբի գործունեությունը կենտրոնանալու է տարբեր հարթակներում իրավունքների պաշտպանության օրակարգի վրա՝ վերջնանպատակ ընդունելով արցախահայության անվտանգ վերադարձն Արցախ։
«Համախմբելով մասնագետների տարբեր երկրներից՝ այն հնարավորություն է ստեղծում տարբեր երկրներում և միջազգային կառույցներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության օրակարգը առաջ մղելու համար։ Ընդորում, երբ ասում ենք իրավունքներ, ապա պետք է հասկանալ բոլոր հիմնարար իրավունքները՝ բռնի տեղահանվածներին միջազգային պատշաճ աջակցություն, արժանապատիվ վերադարձ, սեփականության պաշտպանություն, պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանություն, ինքնորոշում և այլ իրավունքներ։ Հանձնախմբի գործունեության վերջնանպատակն Արցախում բնիկ հայ ժողովրդի արժանապատիվ և անվտանգ կյանքի վերականգնումն է, որին հասնելու համար պետք է օգտագործվեն իրավական բոլոր հնարավորությունները», – նշել է Ստեփանյանը։
Արցախահայությանը Արցախ վերադարձնելու հնարավորությունների մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսել է նաև հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա։
«Վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են», – հայտարարել է Օսկանյանը։
Այս հայտարարությունից օրեր առաջ՝ փետրվարի 19-ին Օսկանյանի հետ հանդիպել է Արցախի ԱԺ ղեկավար կազմը: Ընդգծվել է, որ հիմնախնդիրը լուծված չէ, որ Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը, սեփական հազարամյա բնօրրանում անվտանգ և ապահով ապրելու բնական պահանջը, որն ամրագրված է միջազգային իրավունքի նորմերով:
Արցախի ՄԻՊ-ի համոզմամբ՝ վերադարձի հնարավորություն այս պահին չկա, Արցախում կա միայն ֆիզիկական ոչնչացման վտանգ և այդ վտանգը ադրբեջանական կառավարման ներքո չի վերանալու։
«Պետք է հստակ արձանագրել, որ Արցախի ժողովուրդն իր հայրենիքը լքել է ֆիզիկական ոնչնացման իրական և անառարկելի վտանգի ներքո, իսկ այդ վտանգը չի վերացել։ Ադրբեջանական կառավարման ներքո այդ վտանգի չի էլ վերանալու։ Այնուամենայնիվ, փորձերը Արցախի թեման փակելու և հարցը պատմության գիրկը ուղարկելու ուղղությամբ մեզ համար անընդունելի են։ Վերադարձ դեպի հայրենիք պետք է լինի հստակ երաշխիքների ներքո, և այդ երաշխիքներն ստանալու ուղղությամբ ամենօրյա աշխատանք պետք է տարվի»։
Անվտանգ վերադարձի հարցում մեծ անելիք ունի միջազգային հանրությունը։ Վերջիններիս հետ 2024թ․-ի հունվարի 22-ից փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում հանդիպումներ են ունեցել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ու նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Միջազգային գործընկերներին պաշտոնյաները այն ուղերձն են հղել, որ չեն համակերպվելու Արցախի էջը փակելու միտումներին, անկախ նրանից, թե ով և ինչ նպատակներով է դա փորձում անել։
«Միացյալ Նահանգներում հանդիպումների ընթացքում մեր կողմից բարձրացված հիմնական հարցերը վերաբերել են Բաքվում գտնվող հայ գերիների և պատանդառված անձանց անհապաղ ազատ արձակելուն, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացմանը և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը։ Բոլոր հանդիպումներում հստակ ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքներին վերաբերող հարցերում արցախցիների ներգրավվածության ապահովման անհրաժեշտությունը»։
Այս հանդիպմանը հաջորդել է նաև համաշխարհային լոբբիստական կառույց ունեցող ՀՅԴ Բյուրոյի պաշտոնական հայտարարությունը, ուր շարադրված է Արցախի հարցի ապագայի, արցախահայության իրավունքների համակագված տեսլականը։
«Արցախի հակամարտությունը չի ավարտվել, այն ավելի է խորացել Ադրբեջանի կողմից իրականացված անօրինական, ցեղասպան գործողությունների հետևանքով։ Ադրբեջանի նկատմամբ ծանրակշիռ պատժամիջոցներ պետք է կիրառվեն՝ նրան համարժեք պատասխանատվության ենթարկելով։ Եվ այդ առումով, Արցախի ճակատագրի հանրայնացման և միջազգային հանրության մասնակցությամբ ընդունված ու որևէ այլ ընդունելի ձևաչափով բանակցություններն այլընտրանք չունեն», – ամփոփում է Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Ադրբեջանցիները գուցե չգնան ու չբնակվեն օկուպացված Արցախում, ինչը և կանխատեսելի էր, բայց արցախահայությունը պատրաստ է վերադառնալ պատմական հայկական Արցախ, իր հայրենիք։ Պատրաստ է վերադառնալ, եթե անվտանգային հստակ մեխանիզմներ լինեն։ Կլինե՞ն արդյոք այդ անվտանգային մեխանիզմները, դեռևս պարզ չէ։ Միջազգային հանրությունը դատապարտում է, կարևորում է ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու կամքն ու իրավունքը, բայց առայժմ միայն այդքանը։
Միջազգային քաղաքական, հասարակական, իրավական շրջանակներից մինչև հայ իրականության բոլոր՝ հոգևոր, քաղաքական և այլ հարթակներում շարունակում են օրակարգային մնալ Արցախի ապագայի, արցախահայության վերադարձի և իրավունքների հարցերը։