ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի` 17.06.2009 թ. հանձնարարականի համաձայն` համայնքների ղեկավարները պարտավոր են կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել համայնքի բնակչությանը:
Հունիս-սեպտեմբեր ամիսներին Արագածոտնի մարզի 114 համայնքներից նշված ժամանակահատվածում կազմակերպվել են 97 համայնքների ղեկավարների առաջին կիսամյակի հաշվետվությունները: Դրանք անցկացվել են համայնքապետարանների դահլիճներում, եթե այդպիսիք չեն եղել` համայնքների ղեկավարների աշխատասենյակներում: Թե քանի գյուղացի կարող է տեղավորվել գյուղպապետի աշխատասենյակում եւ ծանոթանալ իրենց ընտրյալի հաշվետվությանը` դժվար է ասել, սակայն մտավոր պատկերացումներով դժվար թե 20 հոգուց ավել մարդ տեղավորվի: Ստացվում է, որ գյուղապետերն իրենց ցանկությամբ կարող են հաշվետվություններով հանդես գալ իրենց աշխատասենյակներում` այն էլ միայն ավագանու անդամների ներկայությամբ, որից անմասն կմնան հասարակ բնակչությունը:
Քանի որ համայնքապետերը սովորություն չունեն օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա որոշումները (բյուջե, ավագանու որոշումներ, համայնքի ղեկավարի որոշումներ եւ այլն) փակցնելու համայնքի տարածքում գտնվող ցուցանակներին, այդ իսկ պատճառով բնակչությունը տեղյակ չի լինում, թե իր վճարած հարկերն ինչի վրա են ծախսվել եւ հաշվետու ժամանակահատվածում ինչ աշխատանքներ է կատարել համայնքապետը:
Օրինակ, “Ինֆորմացիայի ազատության կենտրոնը” անվճար 3 ցուցանակ է հատկացրել Աշտարակի քաղաքապետարանին` պայմանով, որ քաղաքապետարանը փակցնի եւ հաճախակի թարմացնի բնակչությանը վերաբերող եւ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները: Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը ոչ մի որոշում չի փակցրել: Փոխարենը, շատ ակտիվ թարմացնում է այդ ցուցանակների վրա փակցված գովազդային նյութերն ու մասնավոր հայտարարությունները:
Քանի որ մեր մի քանի հրապարակումները Աշտարակի քաղաքապետի վրա ազդեցություն չեն թողել, եւ նա շարունակում է նույն սկզբունքով աշխատել ու հասարակությունից թաքցնել համայնքի համար կարեւոր որոշումները, դիմեցինք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին:
Մարզպետը սկզբում զարմացավ, որ Աշտարակի քաղաքապետը որոշումները չի փակցնում ցուցատախտակներին: “Անկեղծ ասաց ես չգիտեի, որ Աշտարակի քաղաքապետը որոշումները չի փակցնում: Մենք որդեգրել ենք բոլոր համայնքներում բաց եւ թափանցիկ աշխատանք, եւ բոլորը պետք է նույն սկզբունքով աշխատեն: Այն որոշումները, որ հետաքրքրում է հանրությանը եւ օրենքով էլ հրապարակման ենթակա են, ուրեմն համայնքապետերը դրանք պետք է հրապարակեն: Խոստանում եմ անպայման զբաղվել Աշտարակի խնդրով, առաջիկայում որոշումները կհրապարակվեն”,-ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Մեր զրույցից օրեր անց նորից եղանք Աշտարակում` համոզվելու համար, թե մարզպետն ինչպես է կատարել իր խոստումը: Ցավոք, ականատես եղանք նույն ցուցանակներին ու հայտարարություններին, որ այս ինչ օրը մշակույթի տանը կկայանա X երգչի համերգը, կամ “X հասցեում վաճառվում է բնակարան, գինը` պայմանագրային”: Որեւէ որոշում այդպես էլ չգտանք ցուցանակներին:
Նշենք, որ “Ինֆորմացիայի ազատության կենտրոնը” հանրապետության մի շարք համայնքներին ցուցանակները հատկացրել է մեկ նպատակով` տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին մասնակից դարձնել նաեւ տարածքի բնակչությանը: Այնինչ համայնքապետերը նախընտրում են ավելի շատ խուսափել իրենց ընտրողների առջեւ ներկայանալուց, քան թե հրապարակային աշխատել:
Թեեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իր մարզի համայնքապետերը բաց եւ հրապարակային աշխատանքի կողմնակիցն են եւ այդ սկզբունքով էլ աշխատում են, սակայն փաստենք, որ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության վերը նշված տեղեկություններն ապացուցում են դրա ճիշտ հակառակը:
Նախարարության ավելի վաղ հրապարակած տեղեկատվության համաձայն, տեղեկատվական ցուցատախտակներ ունեն Աշտարակ, Արագած, Օշական համայնքները: Ավագանու եւ համայնքապետի որոշումները փակցված չեն միայն Աշտարակում, մյուս 2 համայնքներում որոշումները հրապարակվում են:
Կարծում ենք, Արագածոտնի մարզպետի համար այդ տեղեկատվությունը լիովին բավարար էր Աշտարակի քաղաքապետին “կարգի հրավիրելու” համար` մանավանդ, որ Աշտարակը Արագածոտնի մարզկենտրոնն է եւ Սարգիս Սահակյանն ամեն օր Աշտարակի քաղաքապետարանի եւ դրա առջեւ տեղադրված բովանդակազուրկ ցուցատախտակի կողքով է անցնում: