Հրապարակումներ

Հրապարակումներ

Մարզպետարանները սկսել են բաց եւ հրապարակային աշխատել

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մարզպետարանները սկսել են բաց եւ հրապարակային աշխատել

Անահիտ Քոչարյան

Սույն թվականի փետրվար ամսին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցումներ էր ուղարկել Հայաստանի 10 մարզի (Երեւանը չհաշված) ղեկավարներին, որով խնդրել էինք մարզպետերին ԻԱԿ-ին տրամադրել 2008թ. 4-րդ եռամսյակի ընթացքում իրենց կողմից կայացված որոշումների պատճեները: Ուրախությամբ նշենք, որ ոչ մի հարցում անպատասխան չի մնացել: Սակայն ժամկետների հետ կապված որոշակի թերացումներ դեռեւս կան:

5-օրյա ժամկետի սահմաններում հարցմանը պատասխանել են Տավուշի, Շիրակի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզպետարանները: Արարատի եւ Գեղարքունիքի մարզպետարանները պատասխանել են 9 օր անց, այսինքն` 4 օր ուշացումով: Սյունիքի եւ Լոռու մարզպետարանները` 11 օր անց` 6 օր ուշացումով: Լոռու մարզպետարանը պատասխանել է 12 օր ուշացումով, իսկ Արմավիրի մարզպետարանը` 20 օր:

Մարզպետարաններից ամենավատ ցուցանիշը Արմավիրի մարզպետարանինն է, որը, սակայն, սուբյեկտիվ պատճառների արդյունք է: Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը (ով պատասխանել էր հարցմանը) ուշացումը մեկնաբանեց հետեւյալ կերպ. “Մարզպետը մակագրել էր ինձ վրա, ես էլ հիվանդացել էի, աշխատանքի չէի գալիս, որի հետեւանքով էլ հարցման պատասխանը ուշացավ”:

Չնայած տեղեկատվություն ստանալու հարցումները միեւնույն բովանդակությունն ունեին, սակայն պատասխանները բազմաբովանդակ էին: Այսպես, ՀՀ 10 մարզից միայն 5-ի պատասխանին է կցված եղել մարզպետի որոշումների պատճեները`  Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Արագածոտնի: Ի դեպ, դրանք եղել են տարբեր քանակի. Գեղարքունիքի մարզպետի որոշումները կազմել են 103 էջ, Վայոց ձորինը` 20:

Հարցումներից 6-ի դեպքում հղում է արվել մարզպետարանի պաշտոնական վեբկայքին, որտեղ տեղադրված են մարզպետերի որոշումները: Միայն Սյունիքի մարզպետարանից եկած պատասխանն էր պարունակում եւ որոշումների պատճեները, եւ հղում` Սյունիքի մարզպետարանի ինտերնետային կայքին:

Պատասխանների մեջ միայն 2-ի դեպքում է հղում արվել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքին: Կոտայքի մարզպետի պատասխանում ասվում է, որ “իրենք պատրաստակամ են ՏԱ օրենքի պահանջները կատարելու գործում”, իսկ Շիրակի մարզպետարանի գրության մեջ հղում է արվել ՏԱ օրենքին`հիշեցնելով, որ օրենքի համաձայն տեղեկատվություն տրամադրելիս 10 էջից ավելին արդեն վճարովի է.”Ըստ Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ ենթակետի, տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում մինչեւ 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս, իսկ ձեր պահանջը շուրջ 250 էջ է, այդ աշխատանքն առաջացնում է որոշակի նյութածախսեր: ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը, լինելով պետական կառավարչական հիմնարկ, չի կարող իրականացնել վճարովի ծառայություններ, ուստի առաջարկում ենք ձեզ հարմար ժամանակահատվածում, ձեզ անհրաժեշտ որոշումների կրկնօրինակումը կազմակերպել Գյումրիում` մեր աշխատակիցների օգնությամբ, վճարովի ծառայություններ մատուցող որեւէ կազմակերպությունում”:

Ի դեպ, այս տարվա բյուջեում ՏԻՄ-երի համար հատուկ տողով գումար է հատկացված` տեղեկատվություն տրամադրելու նպատակով, սակայն օրենքի այդ կետից ոչ մի մարզպետարան եւ համայնք չի օգտվում:

Հ. Գ. Պետք է արձանագրել, որ մարզպետարանների աշխատանքի հրապարակային եւ թափանցիկ լինելու գործում իր ներդրումն ունի նաեւ ԻԱԿ-ը, քանի որ մարզպետարանների եւ ՏԻՄ ներկայացուցիչների հետ Ինֆորմացիայի ազատւթյան կենտրոնը պարբերաբար ուսուցումներ է անցկացնում` “Ինչպես կիրառել ՏԱ օրենքը” թեմայով:

Skip to content