Հրապարակումներ

Հրապարակումներ

Հայաստանում էլեկտրոնային լրատվամիջոցներով ՏԱ իրավունքի իրականացումը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հայաստանում էլեկտրոնային լրատվամիջոցներով ՏԱ իրավունքի իրականացումը

Գրիգոր Ստեփանյան
ՀՀ իրավաբանների միության անդամ

Տեղեկատվական գլոբալ հոսքերի դարում տեղեկատվության ազատության ապահովման գործընթացն այլևս չի կարող դասվել արտառոց երևույթների շարքին: Մարդկային զարգացման այս ժամանակաշրջանում տեղեկատվություն փնտրելու, ստանալու, փոխանցելու, փոխանակելու պահանջը հանդես է գալիս որպես մարդու բնական և անօտարելի պահանջ: Աշխարհի ավելի քան 80 երկրներ արդեն իսկ ընդունել են տեղեկատվության ազատության վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր, մնացածն էլ գտնվում են այդ ճանապարհին (աղբյուրը` տեղեկատվության ազատության տարեկան հաշվետվություն, www. Privacyinternational.org):

Հայաստանի Հանրապետությանում բոլոր անձանց (այդ թվում հասարակական կազմակերպություններին, ձեռնարկություններին, ընկերություններին և այլ) երաշխավորվում է տեղեկատվության ազատությունը, ինչն ընդգրկում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու անձանց սահմանադրական իրավունքը, ինչպես նաև` ՀՀ տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ: Մեր այդ իրավունքները պաշտպանված են ոչ միայն Սահմանդրությամբ, այլ նաև Հայաստանի` որպես միջազգային իրավահարաբերությունների սուբյեկտ ստանձնած պարտավորություններով և միջազգային իրավական նորմերի ուժով:

Մեր կյանքում երկրաչափական պրոգրեսիայով աճող տեղեկատվական հոսքի, նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված տեղեկատվություն ստանալու և փոխանակելու հնարավորությունների պայմաններում օրեցօր աճում է միջազգային գլոբալ ցանցով` ինտերնետով տեղեկատվության ստացման, փոխանցման և փոխանակման նշանակությունը: Տեղեկատվության ազատության ապահովման միջողների նկատառումով ժամանակակից համաշխարհային տենդենցները շարժվում են այդ ուղղությամբ: Վերջին ժամանականերս Կառավարության կողմից որդեգրած պետական կառավարման մարմինների կողմից կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին հանրության լայն շերտերի տեղեկացման քաղաքականությունը ավելի մեծ հնարավորություններ կընձեռի մեր հասարակության համար իրականացնելու տեղեկատվություն ստանալու իրավունքը: Այսպես. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունները կարելի է պայմանականորեն բաժանել երկու հիմնական խմբի.

 

  1. Օրենքով սահմանված դեպքերում հրապարակման ենթակա տեղեկատվության հրապարակման հետ կապված հարաբերություններ,
  2. Անձի դիմումով տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման հետ կապված հարաբերություններ:

Օրենքի տրամաբանությունը ելնում է այն իրավիճակից, որը հաճախ ի հայտ է գալիս պրակտիկ կյանքում, երբ անձինք հանդիպում են կոշտ դիմադրության իրենց տեղեկացված լինելու իրավունքի իրականացման ճանապարհին: Օրինակ, անձը, հաճախելով առողջապահական կազմակերպություն, ցանկություն է հայտնում ծանոթանալու պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն ստանալու պայմաններին և բախվում է համապատասխան պաշտոնատար անձանց արհամարական վերաբերմունքին, քանզի շատերին ձեռնտու չէ անձի տեղեկացված լինելու հանգամանքը: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթների ուժով այդ կազմակերպությունները պարտավոր են առնվազն տարին մեկ անգամ հրապարակել օրենքով նախատեսված տեղեկությունները հանրության համար մատչելի ձևով, ինտերնետային կայքի առկայության դեպքում` նաև դրանով: Այսօր օրենքում տեղ գտած «նաև» բառը հաճախ կամակայանորեն է մեկնաբանվում, որը, սակայն օրենքից չի բխում:

Այսպես, «Իրավական ակտերի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված է, որ «ինչպես նաև» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախորդ պայմանների հետ կապ չունեցող առանձին պայման, ուստի այս պարագայում ինտերնետային կայքի առկայության դեպքում օրենքով նախատեսված տեղեկությունները պարտադիր կերպով պետք է հրապարակվեն նաև տվյալ կազմակերպության ինտերնետային կայքով: Իսկ գերատեսչություններն ինտերնետային կայքերում պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների բացակայությունը պատճառաբանում են, թե մեկ այլ տեղում, օրինակ, Պաշտոնական տեղեկագրերում արդեն իսկ հրապարակել են դրանք:

Կարծում ենք, որ ցանկալի կլիներ նաեւ օրենքով պարտադրել տեղեկատվություն տնօրինողին ունենալ ինտերնետային կայք և այն վարել մեկ կամ մի քանի լեզուներով: Ժամանակակից կյանքի տեմպին ընդառաջ շատ ու շատ անձինք ժամանակ և հնարավորություն չունեն «վազվզելու» գերատեսչություններ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու նպատակով: Պատկերացնենք մեր հեռավոր մարզի բնակչին, ով ցակություն ունի տեղեկություններ ստանալ, օրինակ, տրանսպորտի ոլորտում ծառայություններ մատուցելու լիցենզավորման կարգի մասին: Մի քանի րոպեում, այցելելով համապատասխան մարմնի ինտերնետային կայք, նա կստանա ակնկալվող տեղեկությունները:

Մեկ այլ հույժ կարևոր հարց տեղեկատվության ազատության ոլորտում` տեղեկությունների արխիվացման հարցն է: ՀՀ Կառավարության 09.03.2006թ. թիվ 351 որոշմամբ սահմանվում են պետական և տեղեկան ինքնակառավարման մարմինների, պետական ու համայնքային հիմնարկների ու կազմակերպությունների կողմից արխիվային փաստաթղթերի պահպանման ժամկետները: Որոշման 2-րդ կետի բ) ենթակետում սահմանում է, որ որոշումը չի տարածվում այլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության վրա: Օրենսդրությամբ հաճախ չի սահմանվում տեղեկատվություն տնօրինողի կողմից տեղեկատվության պահպանման ժամկետները: Այստեղից պրակտիկայում առաջանում են որոշակի խնդիրներ: Այսպես, տեղեկատվություն փնտրողի հարցումներին ի պատասխան տեղեկատվություն տնօրինողները հաճախ խորհուրդ են տալիս դիմել պետական արխիվ` պահանջված տեղեկությունները ստանալու նպատակով կամ էլ հայտնում են, որ տվյալ փաստաթուղթը չի պահպանվել: Գործարար շրջանառության սովորույթներով ոչ պետական կազմակերպությունները իրենց կողմից տնօրինվող տեղեկատվությունը պահպանում են եռամյա ժամկետով, որն համընկնում է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի հետ: «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է միայն արխիվային հավաքածուից և այլ արխիվային փաստաթղթերից քաղաքացիների և իրավաբանական անձանց օգտվելու հետ կապված հարաբերությունները: Սակայն, ցանկալի կլիներ իրավական ակտով ամրագրել կազմակերպությունների պարտականությունը տնօրինվող տեղեկությունների պահպանման ժամկետների վերաբերյալ:

Պետական մարմինների կողմից տեղեկատվության պարտադիր հրապարակման, նաև պաշտոնական ինտերնետային կայքերում, պահանջի շրջանակներում ցանկալի էր օրենսդրությամբ ամրագրել ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկատվության հենց նույն կայքում պահպանելու պետական մարմինների և հանրային նշանակություն ունեցող կազմակերպությունների պարտականությունը, որոշակի ժամկետով: Բացի այդ, ցանկալի կլիներ նաև այդ պահանջներով պարտադրել նրանց ինտերնետային կայքում տեղադրել որոնողական համակարգեր առանձին բառերի, ժամանակագրական կամ այլ սկզբունքներով: Օրինակ, քաղաքացին, դիմելով նախարարություն, ցանկանում է ստանալ տեղեկատվություն երկու տարի առաջ այդ մարմնի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակված նյութի վերաբերյալ: Հասկանալի է, որ հարցմանը ի պատասխան պետական պաշտոնյաները, չցանկանալով տրամադրելու պահանջված տեղեկատվությունը, հղում կկատարեն համապատասխան ամսաթվին տպագրված նյութի վրա, որն այլեևս պահպանված չէ: Այստեղ կարելի է հուսալ, որ ապագայում արխիվային փաստաթղթերի թվայնացմամբ հնարավորություն կնձեռվի օգտվողներին ստանալու փնտրված բացահայտման ենթակա տեղեկությունները համաշխարհային գլոբալ ցանցում: Նմանօրինակ միջոցառումներ իրականացնելով ապագայում տեղեկատվության ստացման քաղաքացիների հնարավորությունները կընդլայնվեն և կդառնան առավել մատչելի, դրանով էլ կբարձրանա հասարակության կրթական և ժողովրդավարացման մակարդակը:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի դրույթներն ուղղակիորեն պարտադրում են տեղեկատվություն տնօրինողին հրապարակել օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները նաև ինտերնետային էջի միջոցով (վերջինիս առկայության դեպքում), իսկ 2007 թվականի ապրիլի 9-ին ընդունված «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքը իմպերատիվ կերպով սահմանում է հրապարակային ծանուցումները պարունակող հայտարարություները www.lraber.am ինտերնետային կայքում տեղադրելու պահանջ: Վերջինիս պարագայում առկա է «որոշակի անորոշություն»: Հիշատակված օրենքն ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 26-ից, սակայն առ այսօր օրենքով մատնանշված կայքը դեռ չի ձևավորվել: Կարծում ենք, որ մոտ ժամանակներս կպարզվի օրենքի պահանջների չկատարման պատճառները, և հուսով ենք, որ այնուամենայնիվ հրապարակային ծանուցումներն ինտերնետով հրապարակելը ապահովելու նպատակով պետական կառավարման լիազոր մարմինը շուտափույթ ձեռնամուխ կլինի կայքի ստեղծման աշխատանքներին:

Անդրադառնանք էլեկտրոնային հարցման միջոցով տեղեկությունների տրամադրմանը: Կարծում ենք, որ ակնհայտ է նման հնարավորության հարմարավետությունը տեղեկատվություն փնտրողների, ինչու չէ` նաև տեղեկատվություն տնօրինողների համար: Վերջիններիս համար հարմարավետությունը պայմանվորված է ավելորդ թղթաբանություն չվարելու հնարավորությամբ: Իսկ տեղեկատվություն ստացողների համար դրանով հնարավորություն կընձեռվի ժամանակի և նյարդերի զգալի խնայողությամբ ստանալու փնտրված տեղեկատվությունը: Տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային եղանակը պարունակում է որոշակի ռիսկեր: Մասնավորապես, խնդրահարույց կլինի տեղեկատվություն ստանալու պահանջ ներկայացրած անձի նույնականացումը (իդենտիֆիկացիան): Այս պարագայում էլեկտրոնային հարցում ներկայացրած անձը հնարավորություն չի ունենա ստորագրելու իր հարցումը, որը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի դրույթների ուժով տեղեկատվության տրամադրման մերժման հիմք է: Նմանատիպ դրույթներ առկա են նաև զարգացած երկրների համանուն օրենքներում, որը բխում է անձանց կողմից տեղեկություններ ստանալու իրավունքի չարաշահման սահմանափակման սկզբունքից:

Թեև «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս անձանց միջև էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի փոխանակման համար: Օրենքը հավասար իրավական ուժ է տալիս թղթային և էլեկտրոնային կրիչով փաստաթղթերին, դրա հետ միասին սահմանելով դրանց իսկությունն ապացուցելու որոշակի պայմաններ, որոնք ներկայումս լրջորեն սահմանափակում են դրանց շրջանառության հնարավորությունները, օրինակ, էլեկտրոնային փաստաթուղթը որպես ապացույց դատարան ներկայացնելու հնարավորությունը: Այդ ընթացակարգը դեռևս Հայաստանում չի ստացել լայն կիրառություն: Ներկայումս այն հիմնականում կիրառվում է Հայաստանի ֆինանսա-բանկային ծառայությունների մատուցման ոլորտում: Հետագայում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը, կարծում ենք, լրացուցիչ հնարավորություններ կստեղծի էլեկտրոնային եղանակով տեղեկատվության շրջանառության ոլորտների ընդլայնման համար:

Ինչևէ, ողջամիտ կլիներ որոշ դեպքերում հնարավորություն ընձեռել տեղեկատվություն փնտրողին էլեկտրոնային փոստի միջոցով (առանց էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման) ստանալու պահանջված այն տեղեկությունները, որոնք հրապարակված են կամ նախկինում եղել են հրապարակված: Նաև հնարավոր կլիներ տրամադրել դիմողի կողմից պահանջված տեղեկությունները էլեկտրոնային փոստի միջոցով այն դեպքում, երբ դիմողը ուղղակիորեն իր ստորագրված դիմումի մեջ ցանկություն կհայտներ դրանք ստանալ իր կողմից մատնանշված էլեկտրոնային փոստի հասցեով:

Այս կոնտեքստում հարկ ենք համարում նաև նշել ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման արդյունքում շարժական հեռախոսակապի (բջջային) ցանցում կարճ հաղորդագրությունների (SMS) կամ մուլտիմեդիայի միջոցով տեղեկատվության ստացման հնարավորությանը: Էլեկտրոնային հաղորդակցության երրորդ սերնդի ցանցերի (3G technology) կառուցումը և զարգացումը Հայաստանում կընդլայնի տեղեկատվության փոխանակման հնարավորություները: Որոշ զարգացած երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) կիրառություն է ստացել այսպես կոչված BlackBerry տեխնոլոգիան: Մուտք գործելով էլեկտրոնային հաղորդակցության ոլորտ 1999թվականին` այդ տեխնոլոգիան ներկայումս դանդաղ, սակայն վստահ քայլերով նվաճում է աշխարհը: Այդ ցանցով փոխանցված ինֆորմացիայի գաղտնիության աստիճանը դեռևս անգերազանցելի է: Այն իրենից ներկայացնում է էլեկտրոնային կորպորատիվ հաղորդակցության գերպաշտպանված ցանց, որի պաշտպանության բանալին գրեթե անկոտրելի է: Հայաստանում դեռևս տարածում չի ստացել, ենթադրաբար, ազգային անվտանգության նկատառումներով: Նմանատիպ տեխնոլոգիների զարգացումը հետագայում կարելի է կիրառել բազում ոլորտներում, մասնավորապես անհատական տվյալների փոխանակման ոլորտում: Թվարկված միջոցները ներկայումս Հայաստանում օգտագործվում են, սակայն դեռևս լայն կիրառություն չեն ստացել: Դրանք հիմնականում կիրառվում են բիզնեսի ոլորտում: Հասկանալի է, որ համաշխարհային գլաբալ ցանցում տեղեկատվությունը չի կարող պաշտպանված լինել երրորդ անձանց միջամտությունից առանց ժամանակակից ապարատա-ծրագրային պաշտպանիչ միջոցների կիրառման: Այնուամենայնիվ, ինտերնետ ցանցի օգտագործումը տեղեկատվության շրջանառության ոլորտում խիստ արդիական և հեռանկարային է:

Հայաստանում ներկայումս գործում են ավելի քան 500 նորմատիվ իրավական ակտ, այդ թվում 90 օրենք, որտեղ առկա է ինտերնետ կայքի միջոցով տեղեկատվության հրապարակման կամ տրամադրման պահանջ:

ՀՀ Դատական օրենսգրքում ուղղակի սահմանվում է դատական իշխանության ինտերնտային կայքի և դրանում տեղեկատվության հրապարակման պահանջը: Այնտեղ ենթակա են հրապարակման ՀՀ Արդարադատության խորհրդի որոշումները, դատավորների թեկնածուների ցուցակները, դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում առաջադրումներ սկսվելու մասին, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, Վճռաբեկ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը: ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 62 հոդվածով առկա է դատավարության մասնակցի հասցեի անհայտ լինելու դեպքում ծանուցումների պաշտոնական կայքում (որն, ի դեպ ստեղծված չէ) ծանուցում տեղադրելու պահանջը: «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների ուժով առկա է օրենսդրական պահանջ դատական ծառայության թափուր պաշտոնների և անցկացվող մրցույթների մասին տեղեկատվության հրապարակման վերաբերյալ: Այս ամենը միանշանակ վկայում են տեղեկատվության ազատության ոլորտում մեր երկրի առաջխաղացման մասին: Կրկին պետք է օգտագործենք «սակայն» շաղկապը, քանզի անհրաժեշտ է նշել, որ Հայաստանում առկա է ոչ այնքան առաջադեմ օրենսդրության, այլ ավելի շատ իրավակիրառական պրակտիկայի խնդիր, քանի որ որոշ դեպքերում օրենքով սահմանված պահանջները չեն կատարվում:

Որպես վերջաբան հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվության ազատության ապահովման ոլորտի զարգացման հեռանկարները կանխատեսելի են: Հասարակության ժողովրդավարացման, կառավարության գործունեության թափանցիկության ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարի ամենարդրյունավետ գործիքներից և մեխանիզմներից մեկն էլ հասարակության համար տեղեկատվության ազատության ապահովումն է: այդ գործընթացում չափազանց կարևոր դեր են խաղում հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները, Եվրոպական ինստիտուցիոնալ կառույցները և քաղաքացիները, որոնք ձեռնամուխ լինելով իրենց իրավունքների պաշտպանության գործին, էական նպաստ են բերում տեղեկատվության ազատության սահմանների ընդլայնմանը: Ներկայումս Հայաստանում առկա են մարդու իավունքների պաշտպանության ոլորտում կայուն իրավական մեխանիզմներ, սակայն հաճախ բացակայում են կիրառական գործիքներ դրանք իրականացնելու համար: Անկախ դատական համակարգի կայացումը, օրենսդիր և գործադիր իշխանական ճյուղերի հավասարակշռության սկզբունքի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) ինստիտուտի կայացումը, սահմանադրական և միջազգային դատական ատյաններ անձանց դիմելու մատչելիության ապահովումը, անհատ քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացումը` սրանք այն նախապայմաններն են, որոնք կնպաստեն մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, ինչն էլ իր հերթին հետադարձ ազդեցություն կունենա ավելի ազատ, մտածող և նպատակասլաց հասարակության ձևավորման գործում` ամրացնելով հայկական պետականության հիմքերը և նպաստելով մարդկային զարգացմանը:

 

Skip to content