Մինչ 2009թ.-ի տարեվերջ Հայաստանի 23 պետական կառավարման մարմին պետք է անցնի էլեկտրոնային կառավարման “Mulberry” համակարգին. այդ թվում 10 մարզպետարան եւ 13 նախարարություն: Այս առաջարկը ներկայացրել է կառավորության աշխատակազմը 2008թ.-ի վերջին:
Մինչ այժմ էլեկտրոնային կառավարման “Mulberry” համակարգն ամբողջությամբ գործում է Հայաստանի 5 պետական մարմիններում` ՀՀ կառավարության աշխատակազմում, էկոնոմիկայի Ֆինանսների, Տարածքային կառավարման եւ Սփյուռքի նախարարություններում:
“Mulberry”-ին համակարգչային ծրագիր է, որի հիմնական խնդիրներն են պետական մարմիններում փաստաթղթերի հոսքի արդյունավետ կառավարում, փաստաթղթերի և կից նյութերի էլեկտրոնային տարբերակների կենտրոնացված պահպանում, փաստաթղթաշրջանառության պատմության գրանցում ու վերահսկում փաստաթղթի շարժի բոլոր փուլերում, կատարողական վերահսկողության ապահովում, անհրաժեշտ փաստաթղթերի արագ որոնում, փաստաթղթերի հետ աշխատանքի միասնական ձևի ապահովում, մի քանի ստորաբաժանումների միաժամանակյա աշխատանքի ապահովում և փաստաթղթերի կորստի բացառում:
2005թ.-ին էլեկտրոնային կառավարման այս համակարգն ի սկզբանե ստեղծվել է Արտաքին գործերի նախարարության պատվերով: Սակայն այժմ նախարարությունում այն մասամբ է գործում: Պատճառները, ծրագրի ստեղծող “Al Partnership” ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Վահագ Մխիթարյանի կարծիքով, ադմինիստրատիվ բնույթի են. “Չեմ կարծում, որ Արտաքին գործերի նախարարության աշխատակազմն ինչ որ բանով զիջում է մյուս նախարարություններին, որտեղ ներդրվել է համակարգը: Խնդիրն այստեղ ղեկավարության մեջ է: Որպեսզի “Mulberry” համակարգը գործի, անհրաժեշտ է նախարարի կամ համապատասխան այլ մարմնի հստակ կարգադրություն, որ այլեւս ոչ մի դիմում, հարցում, կամ պատասխան թղթի ձեւով չընդունվի: Միայն նման պահանջի հստակ առկայության դեպքում համակարգը կարող է գործել”:
“Mulberry”-ի օգտագործման եւս մեկ փորձ կատարվեց 2008թ.-ի առաջին կեսին ՀՀ նորաստեղծ կառավարության աշխատակազմում: Համակարգի ներդրողներից Վահագն Մխիթարյանի խոսքերով գործընթացը բավականին դժվար էր, քանի որ պետական այս մարմինն առաջինն էր, որ հստակ որոշել էր ամբողջությամբ անցնել էլեկտրոնային կառավարման այս համակարգին: “Ամուր կամքի շնորհիվ ամեն ինչ ի վերջո հաջողվեց”,- ավելացնում է Վահագն Մխիթարյանը:
Հաջողված փորձից հետո “Mulberry”-ին արդեն սկսեց շահագործվել հաջորդաբար Ֆինանսների, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ Սփյուռքի նախարարություններում: Նշված նախարարությունները, Վահագն Մխիթարյանի խոսքերով, պատահական չեն ընտրվել: “Միայն ցանկությունն ու բարի կամքը բավական չէր: Անհրաժեշտ էր հաշվի առնել նաեւ պատական կառավարման մարմինների տեխնիկական հնարավորությունները: Ուստի նախապես ուսումնասիրություն անցկացվեց բոլոր նախարարություններում եւ մարզպետարաններում”:
Մարզպետարններից առաջինը Կոտայքինն է, որտեղ այժմ փորձ է արվում ներդնել այս համակարգը: Այս մարզի ընտրությունն էլ պայմանավորված է անխափան Ինտերնետ կապով, որը համակարգի ամբողջական աշխատանքի համար կարեւր դեր ունի: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ինֆոտեխնոլոգիաների բաժնի պետ Սերժ Հարությունյանի խոսքերով` 2009թ.-ի մարտի 15-ից Կոտայքի մարզում եւս կաշխատեն էլեկտրոնային կառավարման “Mulberry” համակարգով: Ներկայումս Կոտայքի մարզպետարանում աշխատակազմի ուսուցման գործընթաց է: “Այս փորձը ցույց է տալիս, որ մեկ մարզպետարանում ծրագրի ներդրման համար պահանջվում է մոտ 15 օր: Եթե ֆինանսական եւ տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաեւ, համապատասխան քանակի ուսուցանողների առկայությունը ներեն, բոլոր պետական մարմիններում հնարավոր կլինի միաժամանակ կատարել համակարգի ներդրման եւ շահագործման գործընթաց”,- հավաստիացնում է Սերժ Հարությունյանը: Եղեգնաձորում եւս փորձ է արվել անցնել այս համակարգին, բայց կապի համպատասխան որակի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել:
Համակարգը ներդրողների խոսքերով, ծրագրի ամենամեծ առավելությունն այն է, որ վերահսկելի է դառնում աշխատակազմի գործունեությունը: Պետական մարմնի համապատասխան ներկայացուցիչները քաղաքացու դիմում հարցումը` ներկայացված բոլոր փաստաթղթերի հետ միասին, էլեկտրոնային տարբերակով մտցնում են համակարգիչ: Հենց որ դիմումը մտցվում է համակարգիչ, քաղաքացին ստանում է գրավոր ծանուցում այն մասին, թե կոնկրետ երբ կարող է ստանալ դրա պատասխանը: Մյուս կողմից, հենց որ քաղաքացին լրացնում է իր դիմումը, պետական պաշտոնյան, ում ուղղված է հարցումը, իր համակարգչի վրա ստանում է ծանուցում դիմումի եւ դրա պատասխանի վերջնաժամկետի վերաբերյալ: Հենց այս գործընթացը վերահսկելու նպատակով էլ պետական կառույցներում, որտեղ շահագործվում է “Mulberry” համակարգը, գործում են վերահսկողության մարմիններ: Վերահսկող մարմինն ամենօրյա արդյունքների հիման վրա կարող է տեսնել, թե որ պաշտոնյաներն են ժամանակին եւ ամբողջությամբ պատասախանում քաղաքացիների հարցումներին, ովքեր` ո’չ: Այս ծրագիրը նաեւ կրճատում է պատասխանի ժամանակահատվածը: Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են պաշտոնյաին պատասխանի համար արդեն իսկ գտնվում են համակարգի էլեկտրոնային բազայում եւ դրա գտնելն ու տրամադրելը պարզապես վայրկյանների հարց է:
Համակարգի առավելություններից մեկն էլ դրա ճկունությունն է: Սերժ Հարությունյանը, ով եւս այս համակարգի շահագործողներից է, նշում է, որ “Mulberry”-ին պարզապես գործիք է, կառկաս, որը հեշտությամբ հնարավոր է հարմարեցնել օգտագործող մարմնի պահանջներին: ՙՕրինակ` յուրաքանչյուր շահագործող մարմին կարող է ստեղծել իրեն անհրաժեշտ փաստաթղթերի տեսակները եւ գծել դրա շարժի ճանապարհը՚,- պարզաբանում է պարոն Հարությունյանը:
Նշենք, որ Մինչ ապրիլի 15-ը Էլեկտրոնային կառավարման այս համակարգը կներդրվի նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում: Սա, բացի ներքին փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային դարձնելուց նաեւ հնարավորություն կստեղծի, որ քաղաքացին գույքի և եկամուտների հայտարարագիր լրացնի էլեկտրոնային ճանապարհով: Հարկային պետական ծառայությունում համակարգի ներդրումը հնարավոր է դարձել Եվրոմիության ֆինանսավորմամբ: